Հա

Քաղաքական

23/06/2022 - 10:40

«Սիւնիքում Իրանի դիւանագիտական ներկայութիւնը միտւած է Սիւնիքի աշխարհաքաղաքական կարեւորութիւնը մեծացնելուն». Գարիկ Միսակեան

168.am-ի հետ զրոյցում իրանագէտ Գարիկ Միսակեանն այս հարցերին ի պատասխան՝ նշեց, որ Կապանում իրանական հիւպատոսութիւն բացելու վերաբերեալ նախագիծն ընդունելուց յետոյ, դրա վերաբերեալ շատ խօսւեց։

«alikonline.ir» - Դեռեւս նախորդ տարւայ վերջին Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութիւնը հաւանութիւն էր տւել Կապանում գլխաւոր հիւպատոսութիւն բացելու վերաբերեալ երկրի արտաքին գործերի նախարարութեան առաջարկին:

Այս նախագիծը Իրանի Արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական կայքում հրապարակւելուց յետոյ, մի քանի ամիս շարունակ սկսեցին ակտիւ քննարկել, սակայն վերջին շրջանում այդ քննարկումները դադարել են։

Իրականում ինչո՞վ է պայմանաւորւած այդ պասիւութիւնը, հարցի վերաբերեալ այս պահին Իրանում ընթանո՞ւմ են քննարկումներ։

168.am-ի հետ զրոյցում իրանագէտ Գարիկ Միսակեանն այս հարցերին ի պատասխան՝ նշեց, որ Կապանում իրանական հիւպատոսութիւն բացելու վերաբերեալ նախագիծն ընդունելուց յետոյ, դրա վերաբերեալ շատ խօսւեց։

«Վերջին շրջանում եղան մի քանի յայտարարութիւն՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նոյնպէս յայտարարեց, որ շուտով բացւելու է, մի քանի խնդիր է մնացել լուծելու։ Խօսում էին շէնքի ընտրութեան եւ այլ հարցերից, այսինքն՝ գործնականում յայտարարւում է, որ խնդիրը լուծւած է եւ շուտով հիւպատոսութիւնը բացւելու է։ Իրանական կողմը բաւականին կարեւորում է այդ հիւպատոսութեան բացումը։ Իրան կատարած ՀՀ ԱԺ նախագահի այցի ժամանակ էլ այդ մասին յայտարարւեց, նաեւ եղաւ յայտարարութիւն Թաւրիզում հայկական ներկայացուցչութիւն բացելու վերաբերեալ, ինչն այս իրավիճակում եւս կարեւոր է»,- նշեց Գարիկ Միսակեանը։

Ինչ վերաբերում է իրանական լրատւական եւ սոցիալական ցանցերի տիրոյթում եղած տեղեկատւութեանը, ապա, ըստ իրանագէտի, կան յայտարարութիւններ, որ Սիւնիքում իրանական հիւպատոսութեան բացումը եւ առհասարակ Սիւնիքի հետ կապւած խնդիրները, լինի Հիւսիս-Հարաւի շինարարութիւնը, ենթակառուցւածքների տարողունակութեան մեծացումը եւ այլն, պէտք է այդ գործընթացները բաւականին ակտիւացւեն։

«Եթէ գործընթացների ընդհանուր համատեքստը նայենք, ապա Սիւնիքում իրանական հիւպատոսութիւնը, այնտեղ Հիւսիս-Հարաւի տնտեսական ներկայացւածութիւնն Իրանի համար բաւականին կարեւորւում է։ Իրանի Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Հայաստանի ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ յայտարարել էր, որ կան որոշակի բիւրոկրատական խնդիրներ, որոնք երկու կողմում էլ խանգարում են գործընթացներին։ Սա Իրանի կողմից կարելի է դիտարկել որպէս մեսիջ, որ ե՛ւ Իրանը, ե՛ւ Հայաստանը որքան հնարաւոր է շուտ վերացնեն ցանկացած բիւրոկրատիկ խնդիր, քանի որ բազմաթիւ են յայտարարութիւնները, որոնք մնացել են յայտարարութեան մակարդակում, եւ գործընթացներն այդքան արագ չեն զարգանում, որքան նախընտրելի են»,- շեշտեց իրանագէտը։

Հարցին՝ Ադրբեջանը կարող է որոշակի խոչընդոտներ ստեղծել, հաշւի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական զինւած ուժերի ներկայացուցիչները գտնւում են ՀՀ սուվերեն տարածքում, եւ հիւպատոսութեան բացումը նրանց ձեռնտու չէ, Գարիկ Միսակեանը նկատեց՝ գործնականում Հայաստանի ու Իրանի համաձայնութեան դէպքում Ադրբեջանը չունի որեւէ գործիքակազմ որեւէ բան անելու, քանի որ Իրանը գործնականում յայտարարել է, որ պէտք է բացւի հիւպատոսութիւն։

«Մեր լիարժէք համագործակցութեան եւ Իրանի ցանկութեան պարագայում միանշանակ իրականանալու է, եւ որեւէ մէկը Բաքւի կարծիքը հաշւի չի առնելու։ Նոյնիսկ Թաւրիզում հայկական ներկայացուցչութիւն բացելու վերաբերեալ, կարծում եմ՝ Իրանը բաւականին շահագրգռւած է այնտեղ ունենալու հայկական դիւանագիտական ներկայացուցչութիւն սեփական խնդիրներից ելնելով՝ թուրքական ու ադրբեջանական ազդեցութիւնը նւազեցնելու համար։

Առհասարակ Ադրբեջանին ձեռնտու չէ Սիւնիքի աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացումը»,- ասաց մեր զրուցակիցը։

Միաժամանակ իրանագէտն ընդգծեց, որ Իրանը մշտապէս յայտարարում է, որ Սիւնիքն իր «կարմիր գիծն» է, սակայն, եթէ հայկական կողմը չի կասեցնում ադրբեջանական որեւէ ներխուժում կամ որոշ դէպքերում յայտարարում է, որ այդ տարածքները հայկական չեն եղել եւ այլն, ապա այստեղ Իրանը որեւէ կերպ չի կարող ազդել։

«Սիւնիքում Իրանի դիւանագիտական ներկայութիւնը միտւած է Սիւնիքի աշխարհաքաղաքական կարեւորութիւնը մեծացնելուն, նաեւ հասկացնելու, որ այդ տարածքն իր համար հանդիսանում է «կարմիր գիծ»։ Սրա վերաբերեալ յայտարարութիւնները բազմաթիւ են, նաեւ հայ-իրանական սահմանի վերաբերեալ։ Այսինքն՝ եթէ Սիւնիքի հիւսիսում որոշակի առաջխաղացում ունի Ադրբեջանը մեր թողտւութեամբ կամ առանց դրա, ապա դա Իրանին այդքան էլ չի անհանգստացնում։ Իրանի գերխնդիրն է՝ պահպանել նախ հայ-իրանական սահմանի անխափան գործունէութիւնը, եւ երկրորդը՝ իր դիւանագիտական, տնտեսական եւ քաղաքական ներկայութեամբ կասեցնել Սիւնիքի հանդէպ գլոբալ ծաւալապաշտական քաղաքականութիւնը»,- եզրափակեց Գարիկ Միսակեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

  • «Նաւասարդ». հայ-իրանական փառատօն` Սիւնիքում
    «Նաւասարդ». հայ-իրանական փառատօն` Սիւնիքում

    Օգոստոսի 10-11-ը ՀՀ Սիւնիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենայ «Նաւասարդ» խորագրով հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատօն։

  • «Իրանի՝ «մէկ ամբողջական Չինաստան» քաղաքականութեան պաշտպանութիւնն անկասկածելի է». Քանանի
    «Իրանի՝ «մէկ ամբողջական Չինաստան» քաղաքականութեան պաշտպանութիւնն անկասկածելի է». Քանանի

    ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, պատասխանելով ԻՌՆԱ-ի լրագրողի հարցմանը, թէ ինչպէս է մեկնաբանում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտօնեաներից մէկի (ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիի, ԽՄԲ.) Թայւան կատարած այցը, նշել է, որ ՄԱԿ-ի կանոնագրութեան հիմնարար սկզբունքներից մէկն այլ երկրների տարածքային ամբողջականութեան պահպանման հարցն է, մասնաւորապէս՝ կանոնագրութեան 2-րդ յօդւածի համաձայն ՄԱԿ-ին անդամակցող երկրները պարտաւոր են պահպանել ուրիշ երկրների տարածքային ամբողջականութիւնը եւ քաղաքական անկախութիւնը:

  • Սպասելով 5 օգոստոսին
    Սպասելով 5 օգոստոսին

    19 Յուլիսին Թեհրանի մէջ տեղի ունեցաւ Սուրիոյ հակամարտութեան լուծման Ասթանայի ձեւաչափի երաշխաւոր երկիրներ՝ Ռուսիոյ, Իրանի են Թուրքիոյ նախագահներ Վլատիմիր Փութինի, Իպրահիմ Ռայիսիի եւ Ռեճեպ Թայիպ Էրտողանի վեհաժողովը։ Այդ ժողովի բացման ընթացքին արտասանուած երեք խօսքերուն ալ ընթացքին Էրտողանի դէմքի խոժորութիւնը աւելի քան խօսուն էր։ Արդարեւ, իրանեան եւ ռուսական կողմերը յստակ ու աներկբայ «կարմիր լոյս» վառեցին հիւսիսային Սուրիոյ մէջ քիւրտերուն դէմ զինուորական նոր գործողութիւն մը շղթայազերծելու անոր ծրագիրին դէմ։

  • Երեք ուղերձ Թեհրանից՝ մէկ ամսում. ինչո՞ւ են Իրանում «անհանգիստ»   
    Երեք ուղերձ Թեհրանից՝ մէկ ամսում. ինչո՞ւ են Իրանում «անհանգիստ»  

     

    Իրանցի քաղաքական վերլուծաբան Քէյհան Բարզեգարը 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ նորութիւն չէ, որ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիութիւնը եւ երկրների տարածքային ամբողջականութեան սկզբունքի պահպանումը Իրանի տարածաշրջանային քաղաքականութեան սկզբունքային հարցերն են:

  • Իրանի հիւպատոսութիւնը Կապանում կարող է բացւել այս տարի
    Իրանի հիւպատոսութիւնը Կապանում կարող է բացւել այս տարի

    Չի բացառւում, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսութեան բացումը Սիւնիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունենայ այս տարի: Այս մասին «Հետք»-ը տեղեկացել է Կապանի համայնքապետ Գէորգ Փարսեանից:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։