Հա

Քաղաքական

23/06/2022 - 11:55

Մոռանալ Նիկոլին

2020 թւականի նոյեմբերի 9-ից յետոյ Հայաստանի քաղաքական կեանքն ընթանում է Նիկոլ Փաշինեանին հեռացնելու նպատակի շուրջ։ Դա միանգամայն հասկանալի է ու տրամաբանական, քանի որ աղէտալի պատերազմում կրած պարտութիւնից յետոյ այդ պարտութեան պատասխանատուի ու մեղաւորի գտնւելն իշխանութեան ղեկին հակասում է առողջ բանականութեանը։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

2020 թւականի նոյեմբերի 9-ից յետոյ Հայաստանի քաղաքական կեանքն ընթանում է Նիկոլ Փաշինեանին հեռացնելու նպատակի շուրջ։ Դա միանգամայն հասկանալի է ու տրամաբանական, քանի որ աղէտալի պատերազմում կրած պարտութիւնից յետոյ այդ պարտութեան պատասխանատուի ու մեղաւորի գտնւելն իշխանութեան ղեկին հակասում է առողջ բանականութեանը։

Բազմաթիւ օբիեկտիւ ու սուբիեկտիւ պատճառներով, սակայն, Նիկոլ Փաշինեանը դեռեւս պահպանում է իշխանութիւնը, իսկ քաղաքական կեանքում դոմինանտ ուղղութիւնը շարունակում է մնալ նրան իշխանութիւնից հեռացնելու նպատակը։ Հայաստանը մխրճւել է նիկոլագոյութեան ու նիկոլահեռացման փոխբացառելի իրականութիւնների մէջ, որոնցից դուրս, կարծես, ոչինչ տեղի չի ունենում։ Դա՝ օբիեկտիւ լինելով հանդերձ, մեղմ ասած, խանգարում է պետութեան ու հասարակութեան զարգացմանը։ Այդ սինդրոմը թոյլ չի տալիս մտածել երկարաժամկէտ խնդիրների, ծրագրերի մասին։ Քաղաքական միտքը՝ որպէս այդպիսին, չի զարգանում, ինչպէս եւ չի զարգանում պետութիւնը։ Պետական ու հանրային կեանքում որեւէ հիմնարար բարեփոխում չի իրականացւում, պետական համակարգի գոյութեան միակ իմաստը Նիկոլ Փաշինեանի իշխանութեան պահպանումն է։

Սա ինչ-որ իմաստով յիշեցնում է փակ շղթայ, որից գոնէ մինչեւ այս պահը շահում է Նիկոլ Փաշինեանը։ Շահում է պետութեան ու հասարակութեան հաշւին։ Այս շղթան ճեղքելու համար քաղաքականութեամբ զբաղւողները պէտք է պայմանականօրէն ու առժամանակ մոռանան Նիկոլ Փաշինեանին։ Սա պէտք է լինի բոլոր այն անհատների, քաղաքական ու քաղաքացիական խմբերի խնդիրը, որոնք իրապէս մտահոգւած են Հայաստանի ոչ միայն այսօրւայ, այլ նաեւ վաղւայ օրւայ ճակատագրով։

Իհարկէ, դա չափազանց դժւար է, քանի որ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը ոչ միայն արգելակում է որեւէ զարգացում, այլ նաեւ Հայաստանը գլորում է դէպի անդունդ։ Բայց շարունակել ապրել «միայն Նիկոլից յետոյ կայ հային փրկութիւն» ռեժիմում՝ առանց դրա իրական հնարաւորութեան, նշանակում է՝ քաղաքական միտքը, անհատական ու հաւաքական ինտելեկտը դատապարտել ճահճացման։ Հայաստանը գոյութիւն ունի եւ պէտք է գոյութիւն ունենայ նաեւ անկախ Նիկոլ Փաշինեանից, հետեւաբար՝ Հայաստանի ապագան էլ չպէտք է ուղղակիօրէն ածանցւի նրա գոյութիւնից կամ հեռացումից։

Իրականում, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ազատւել Նիկոլ Փաշինեանից, պէտք է ստեղծեն այնպիսի Հայաստան, որտեղ Նիկոլ Փաշինեանն ու նիկոլիզմն ուղղակի անելիք չեն ունենայ։ Դա եւս դժւար, չափազանց դժւար խնդիր է եւ ենթադրում է հիմնարար աշխատանք հասարակութեան հետ այնպէս ու այնքան, որ հանրային մակարդակում նիկոլիզմը դառնայ անընդունելի ու մերժելի։ Դա էլ իր հերթին՝ ենթադրում է այնպիսի արժեբանական ու գաղափարական աշխատանք, որը անհամատեղելի կը լինի նիկոլիզմի, իմա՝ անհայրենիքութեան հետ։

Եւ եթէ Նիկոլը մարմնաւորում է անհայրենիքութիւնը, եւ դա աջակցութիւն ունի հասարակութեան առնւազն մի հատւածի մօտ, պէտք է դրան հակադրել հայրենիքը՝ ոչ թէ պաթետիկ ու ռաբիս մակերեսայնութեամբ, այլ խորքային ու բովանդակ իմաստով։ Միայն հայրենիքն իրապէս ու անբեկանելի արժէք համարողների հասարակութեան դոմինանտութիւնը կարող է մերժել ու ասպարէզից հեռացնել անհայրենիքութիւնը որպէս արժէք ու նիւթական բարեկեցութեան միջոց ընտրածներին։

Այսպիսով, հայկական քաղաքական ու քաղաքացիական միտքը պէտք է փորձի դուրս գալ իշխանափոխութեան նպատակադրում-տապալում արատաւոր ցիկլից եւ մշակել աւելի հիմնարար, աւելի երկարաժամկէտ ու աւելի համակարգաստեղծ ծրագրեր, որոնք վերջնարդիւնքում կը դառնան այնպիսի հասարակութեան ու այնպիսի պետութեան հիմնասիւներ, որոնց դէպքում այսօրւայ Հայաստանն ու նրա իշխանութիւններն ուղղակի չեն կարող տեղ ունենալ։

 

168.am

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։