Հա

Քաղաքական

23/06/2022 - 12:20

««Խաղաղութեան դարաշրջան»-ի մէկդարեայ առասպելը». Կարէն Խանլարեան

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «Խաղաղութեան դարաշրջան» չի կայանայ այնքան ժամանակ, քանի դեռ բռնագրաււած է մնում Արեւմտեան Հայաստանը, քանի դեռ շարունակւում է խախտւած մնալ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռով բնորոշւած սահմանգիծը։ Սահմանագիծ, որը կարող է անվտանգութեան մնայուն գօտի ստեղծել Թուրքիայի ծաւալապաշտական քաղաքականութեան դէմ։ Սահմանագիծ, որը կարող է ծովային ելք տալով Հայաստանին, ապահովել նրա տնտեսական դարաւոր բարգավաճումը։ Այլապէս, իմացէք՝ պարզապէս խաբկանք է «խաղաղութիւն» հաստատելու փորձերը։

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր, «Դրօշակ» պաշտօնաթերթի նախկին խմբագիր դոկտ. Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Խաղաղութեան դարաշրջան»-ի մէկդարեայ առասպելը

Անարդարութեան հիման վրայ ձեւաւորւող «խաղաղութիւն»-ը ձեւական է եւ ըստ ամենայնի անկայուն։ Դա ընդամէնը խաբկանք է, քաղաքական այլ նպատակներին հասնելու համար։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «Խաղաղութեան դարաշրջան» չի կայանայ այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի անվտանգութիւնը կը պատկերացւի Ադրբեջանի կազմում, քանի դեռ պաշտօնապէս չի ճանաչւի Արցախի ինքնորոշման իրաւունքը, քանի դեռ բռնազաւթւած կը մնան՝ Շուշին եւ Հադրութը։ Այլապէս, իմացէք՝ անկայուն է «Խաղաղութեան դարաշրջան»-ի մասին այսօրեայ բոլոր միմոսութիւնները... Դրանք «Խաղաղութեան տարեշրջան»-ի էլ չեն հասցնի մեզ։

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «Խաղաղութեան դարաշրջան» չի կայանայ այնքան ժամանակ, քանի դեռ բռնագրաււած է մնում Արեւմտեան Հայաստանը, քանի դեռ շարունակւում է խախտւած մնալ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռով բնորոշւած սահմանգիծը։ Սահմանագիծ, որը կարող է անվտանգութեան մնայուն գօտի ստեղծել Թուրքիայի ծաւալապաշտական քաղաքականութեան դէմ։ Սահմանագիծ, որը կարող է ծովային ելք տալով Հայաստանին, ապահովել նրա տնտեսական դարաւոր բարգավաճումը։ Այլապէս, իմացէք՝ պարզապէս խաբկանք է «խաղաղութիւն» հաստատելու փորձերը։

Իսկ կարծում էք հարիւր տարի առաջ, ի՞նչով էին զբաղւած հայ բոլշեւիկները։ Նրանք էլ էին «Խաղաղութեան դարաշրջան» մոգոնում։ Ստորեւ մէջբերում ենք «Կոմունիստական կուսակցութիւն – Ալեքսանդրապոլի կոմիտէ» ստորագրութեամբ, Հայաստանի բոլշեւիկների թռուցիկներից մէկը, 1920թ․ նոյեմբերին։ Մի փոքր մաքրելով մէկդարեայ փոշին, կը տեսնէք, թէ նոյնութեամբ է արտայայտւել «Խաղաղութեան դարաշրջան»-ի ողջ փիլիսոփայութեան հիմունքները՝ ագրեսոր Թուրքիայի մէջ բարեկամութեան նշոյլներ փնտռելը, վայ, վայ՝ «թալանն ու թալանչին», որպէս երկրի գլխաւոր եւ հիմնական օրակարգ համարելը եւ այլն եւ այլն։ Ասում են, թէ պատմութիւնը կրկնւում է յետընթաց երեւոյթների դէպքում։ Ահա տեսէք թէ այսօր ինչպէս է կրկնւում՝ «Խաղաղութեան դարաշրջան»-ի առասպելը։

«Դաշնակցական խայտառակ կառավարութեան խմբապետներից կազմւած զօրքը նահանջում է Քեմալի զօրքերի ահաւոր յարձակումներից: Բաւական չէ՞, որ նրանք (դաշնակցականները) թալանեցին եւ կողոպուտի մատնեցին ժողովրդի հարստութիւնները, բաւական չէ՞, որ նրանք հայ աշխատաւոր ժողովրդի գլխին չարիք դարձան, այժմ էլ խաբում են ձեզ գիւղացիներ եւ զինւորներ, ասելով, որ գալիս են թուրքերը հայ աշխատաւորութեանը թալանելու եւ կոտորելու: Մենք կոչ ենք անում ձեզ չհաւատալ դաշնակցականների հազարաւոր ստերին, որովհետեւ եկողները ոչ թէ թալանի աւազակներ են, այլ հայ գիւղացիների, զինւորի ու բանւորի ընկերներ` թուրք աշխատաւորներ են» (Լազեան, Գաբրիէլ, Հայաստան եւ Հայ Դատը, Կահիրէ, 1957, էջ 255)։

Այն ժամանակ «խաղաղութիւն»-ը նուրբ ծածկոյթ էր՝ Հայաստանի անկախութեան ոչնչացմանը միտւած՝ Լենին-քեմալական գաղտնի համաձայնութեան համար։

Հետաքրքիրն այն է, որ քեմալական ուժերի ներխուժումից ամիսներ յետոյ, 1921 թ. յունւարին, Կարսի եւ Ալեքսանդրապոլի հայ ապաստանեալները Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում հանրահաւաք կազմակերպելով, հեռագիր են յղել Լենինին ու դրա մի պատճենը՝ նաեւ Ստալինին: Հեռագրի մի բաժնում ասւած է.

«Մենք հաւատում էինք Քեմալի յայտարարութիւններին եւ թերթերի հաւաստիացումներին, թէ Քեմալը կռւում է դաշնակցական կառավարութեան եւ ոչ թէ հայ աշխարաւոր ժողովրդի դէմ: Սակայն հետագայում ստացւած հաղորդագրութիւնները խորտակեցին մեր հաւատը Քեմալի խաղաղասիրութեան նկատմամբ, կործանւում են մեր յոյսերը Սովետական Հայաստանի լաւագոյն ապագայի նկատմամբ, որովհետեւ Քեմալը ուժեղ տեմպերով աւերում է այժմ արդէն Սովետական Հայաստանը, թալանում է աղքատացած գիւղացիների վերջին ունեցւածքը․․․» (Մնացականեան, Ա., 11-րդ Կարմիր բանակի փառապանծ ուղին Կովկասում 1918-21թթ., «Տեղեկագիր» Հայկական ՍՍՌ Գիտութիւնների Ակադեմիայի, Եր., 1948, N 2, էջ 4-24)։

Ահա պատմական անարդարութեան հէնքի վրայ պատկերացւող խաղաղութեան փորձերի ձախողութիւնը։

 

Յարակից լուրեր

  • «Այլապէս մնում են, որ ի՞նչ անեն». Կարէն Խանլարեան
    «Այլապէս մնում են, որ ի՞նչ անեն». Կարէն Խանլարեան

    Երբ իշխանութիւնները իրենց քաղաքական ներկայիս դիսկուրսը չափում, համեմատում են, ոչ թէ ՀՀ կառավարութեան հնգամեայ ծրագրով յայտարարւած դոկտրինաներով, այլ եւ Դիմադրութեան շարժման քաղաքական պահանջներով,

  • Արամ Մանուկեանը՝ «նշաձող»
    Արամ Մանուկեանը՝ «նշաձող»

    Արամը, իհարկէ, քաղաքական նշաձող է։ Կարելի է պատկերացնել, որ եթէ ՀՀ իշխանութիւնն այսօր վարի ազգանպաստ, ուժեղ քաղաքականութիւն Արցախի ինքնորոշման սկզբունքի դիրքերից, ապա Հայաստանի անկախութեան ուղերձներում Արամ Մանուկեանը կը բնութագրւի՝ որպէս հայ ժողովրդի ուժն ու կամքը մարմնաւորող նւիրեալ առաջնորդ։

  • Սրբազան Հայրն ընդունեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին
    Սրբազան Հայրն ընդունեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին

    Երկուշաբթի, 25 հոկտեմբերի 2021 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային Իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին, որը եկել էր քաղաքավարական այցելութիւն տալու առաջնորդ Սրբազանին:

  • Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին
    Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին

    Չորեքշաբթի, 7 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:

  • Գնահատանքի հանդիպում
    Գնահատանքի հանդիպում

    Կիրակի սոյն թւականի մայիսի 31-ի երեկոյեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գլխաւորութեամբ, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի, թեմիս Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի եւ խորհրդի անդամների ներկայութեամբ, ազգ. առաջնորդարանի դահլիճում կայացաւ երկու նստաշրջան եւ ութ շարունակական տարիներ Իրանի Իսլ. խորհրդարանում, որպէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ժողովրդանւէր եւ հայրենանւէր ծառայութիւն մատուցած՝ դոկտ. Կարէն Խանլարեանի գնահատանքի հանդիպումը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։