Հա

Քաղաքական

23/06/2022 - 12:20

««Խաղաղութեան դարաշրջան»-ի մէկդարեայ առասպելը». Կարէն Խանլարեան

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «Խաղաղութեան դարաշրջան» չի կայանայ այնքան ժամանակ, քանի դեռ բռնագրաււած է մնում Արեւմտեան Հայաստանը, քանի դեռ շարունակւում է խախտւած մնալ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռով բնորոշւած սահմանգիծը։ Սահմանագիծ, որը կարող է անվտանգութեան մնայուն գօտի ստեղծել Թուրքիայի ծաւալապաշտական քաղաքականութեան դէմ։ Սահմանագիծ, որը կարող է ծովային ելք տալով Հայաստանին, ապահովել նրա տնտեսական դարաւոր բարգավաճումը։ Այլապէս, իմացէք՝ պարզապէս խաբկանք է «խաղաղութիւն» հաստատելու փորձերը։

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր, «Դրօշակ» պաշտօնաթերթի նախկին խմբագիր դոկտ. Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Խաղաղութեան դարաշրջան»-ի մէկդարեայ առասպելը

Անարդարութեան հիման վրայ ձեւաւորւող «խաղաղութիւն»-ը ձեւական է եւ ըստ ամենայնի անկայուն։ Դա ընդամէնը խաբկանք է, քաղաքական այլ նպատակներին հասնելու համար։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «Խաղաղութեան դարաշրջան» չի կայանայ այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի անվտանգութիւնը կը պատկերացւի Ադրբեջանի կազմում, քանի դեռ պաշտօնապէս չի ճանաչւի Արցախի ինքնորոշման իրաւունքը, քանի դեռ բռնազաւթւած կը մնան՝ Շուշին եւ Հադրութը։ Այլապէս, իմացէք՝ անկայուն է «Խաղաղութեան դարաշրջան»-ի մասին այսօրեայ բոլոր միմոսութիւնները... Դրանք «Խաղաղութեան տարեշրջան»-ի էլ չեն հասցնի մեզ։

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «Խաղաղութեան դարաշրջան» չի կայանայ այնքան ժամանակ, քանի դեռ բռնագրաււած է մնում Արեւմտեան Հայաստանը, քանի դեռ շարունակւում է խախտւած մնալ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռով բնորոշւած սահմանգիծը։ Սահմանագիծ, որը կարող է անվտանգութեան մնայուն գօտի ստեղծել Թուրքիայի ծաւալապաշտական քաղաքականութեան դէմ։ Սահմանագիծ, որը կարող է ծովային ելք տալով Հայաստանին, ապահովել նրա տնտեսական դարաւոր բարգավաճումը։ Այլապէս, իմացէք՝ պարզապէս խաբկանք է «խաղաղութիւն» հաստատելու փորձերը։

Իսկ կարծում էք հարիւր տարի առաջ, ի՞նչով էին զբաղւած հայ բոլշեւիկները։ Նրանք էլ էին «Խաղաղութեան դարաշրջան» մոգոնում։ Ստորեւ մէջբերում ենք «Կոմունիստական կուսակցութիւն – Ալեքսանդրապոլի կոմիտէ» ստորագրութեամբ, Հայաստանի բոլշեւիկների թռուցիկներից մէկը, 1920թ․ նոյեմբերին։ Մի փոքր մաքրելով մէկդարեայ փոշին, կը տեսնէք, թէ նոյնութեամբ է արտայայտւել «Խաղաղութեան դարաշրջան»-ի ողջ փիլիսոփայութեան հիմունքները՝ ագրեսոր Թուրքիայի մէջ բարեկամութեան նշոյլներ փնտռելը, վայ, վայ՝ «թալանն ու թալանչին», որպէս երկրի գլխաւոր եւ հիմնական օրակարգ համարելը եւ այլն եւ այլն։ Ասում են, թէ պատմութիւնը կրկնւում է յետընթաց երեւոյթների դէպքում։ Ահա տեսէք թէ այսօր ինչպէս է կրկնւում՝ «Խաղաղութեան դարաշրջան»-ի առասպելը։

«Դաշնակցական խայտառակ կառավարութեան խմբապետներից կազմւած զօրքը նահանջում է Քեմալի զօրքերի ահաւոր յարձակումներից: Բաւական չէ՞, որ նրանք (դաշնակցականները) թալանեցին եւ կողոպուտի մատնեցին ժողովրդի հարստութիւնները, բաւական չէ՞, որ նրանք հայ աշխատաւոր ժողովրդի գլխին չարիք դարձան, այժմ էլ խաբում են ձեզ գիւղացիներ եւ զինւորներ, ասելով, որ գալիս են թուրքերը հայ աշխատաւորութեանը թալանելու եւ կոտորելու: Մենք կոչ ենք անում ձեզ չհաւատալ դաշնակցականների հազարաւոր ստերին, որովհետեւ եկողները ոչ թէ թալանի աւազակներ են, այլ հայ գիւղացիների, զինւորի ու բանւորի ընկերներ` թուրք աշխատաւորներ են» (Լազեան, Գաբրիէլ, Հայաստան եւ Հայ Դատը, Կահիրէ, 1957, էջ 255)։

Այն ժամանակ «խաղաղութիւն»-ը նուրբ ծածկոյթ էր՝ Հայաստանի անկախութեան ոչնչացմանը միտւած՝ Լենին-քեմալական գաղտնի համաձայնութեան համար։

Հետաքրքիրն այն է, որ քեմալական ուժերի ներխուժումից ամիսներ յետոյ, 1921 թ. յունւարին, Կարսի եւ Ալեքսանդրապոլի հայ ապաստանեալները Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում հանրահաւաք կազմակերպելով, հեռագիր են յղել Լենինին ու դրա մի պատճենը՝ նաեւ Ստալինին: Հեռագրի մի բաժնում ասւած է.

«Մենք հաւատում էինք Քեմալի յայտարարութիւններին եւ թերթերի հաւաստիացումներին, թէ Քեմալը կռւում է դաշնակցական կառավարութեան եւ ոչ թէ հայ աշխարաւոր ժողովրդի դէմ: Սակայն հետագայում ստացւած հաղորդագրութիւնները խորտակեցին մեր հաւատը Քեմալի խաղաղասիրութեան նկատմամբ, կործանւում են մեր յոյսերը Սովետական Հայաստանի լաւագոյն ապագայի նկատմամբ, որովհետեւ Քեմալը ուժեղ տեմպերով աւերում է այժմ արդէն Սովետական Հայաստանը, թալանում է աղքատացած գիւղացիների վերջին ունեցւածքը․․․» (Մնացականեան, Ա., 11-րդ Կարմիր բանակի փառապանծ ուղին Կովկասում 1918-21թթ., «Տեղեկագիր» Հայկական ՍՍՌ Գիտութիւնների Ակադեմիայի, Եր., 1948, N 2, էջ 4-24)։

Ահա պատմական անարդարութեան հէնքի վրայ պատկերացւող խաղաղութեան փորձերի ձախողութիւնը։

 

Յարակից լուրեր

  • «Շնորհակալութիւն՝ Արսէն Թորոսեանին». Կարէն Խանլարեան
    «Շնորհակալութիւն՝ Արսէն Թորոսեանին». Կարէն Խանլարեան

    Անցեալ օրը Արսէն Թորոսեան ասեց․ «Դաշնակցութիւնն իր գոյութեամբ հարւած է հասցրել հայոց պետականութեանն իր 130-ամեայ պատմութեամբ։ Որ իրանք չլինէին հայոց պետականութիւնն աւելի ուժեղ կը լինէր թէ էն ժամանակ, թէ՝ հիմա»։ 

  • Լիսաբոնեան սխրանքի ազդեցիկութեան չափերը
    Լիսաբոնեան սխրանքի ազդեցիկութեան չափերը

    Լիսաբոնեան հնգեակի կերտած սխրանքի ազդեցիկութեան միջազգային չափերը բնորոշելու համար բաւական է միայն մէջբերել Պորտուգալիայի օրւայ վարչապետ, սոցիալիստ Մարիօ Սոարեշի արտայայտութիւնները. իր ֆէյսբուքեան էջում գրում է Իրանի խորհրդարանի նախկին պատգամաւոր, ՀՅԴ անդամ Կարէն Խանլարեանը:

  • ««Ժողովրդավարութեան բաստիոն» չկայ». Կարէն Խանլարեան
    ««Ժողովրդավարութեան բաստիոն» չկայ». Կարէն Խանլարեան

    Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր «Դրօշակ» պաշտօնաթերթի նախկին խմբագիր դոկտ. Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

    «Դեռ կան քաղաքացիներ, որոնք միամտաբար կարծում են, թէ Հայաստանը, իր «ժողովրդավարութեան բաստիոն» ինքնահռչակ կարգավիճակով, կարող է եւրոպական տէրութիւնների աչքին քաղաքական «լուրջ» գործօն ձեւանալ, եւ այդպիսով հակակշռել բռնատիրական «Ադրբեջան»-ի նաւթը․․․

  • Գաղափարական յաղթանակը նախապայման է - ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
    Գաղափարական յաղթանակը նախապայման է - ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

    Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւո, «Դրօշակ» պաշտօնաթերթի նախկին խմբագիր դոկտ. Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Հասունացել է պահը՝ «Դիմադրութիւն» շարժումը գաղափարական համալիր զինանոցով սպառազինելու համար։ Քանզի հարկաւոր է բազմակողմանիօրէն մարտնչել եւ խոցել ներկայիս իշխանութիւնների գաղափարախօսական ճակատը։

  • Գաղափարական յաղթանակը նախապայման է - ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
    Գաղափարական յաղթանակը նախապայման է - ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

    Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաոր, ՀՅԴ «Դրօշակ» պաշտօնաթերթի նախկին խմբագիր դոկտ. Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

    ««Դիմադրութիւն» շարժման քաղաքական յաղթանակի ապահովման համար գաղափարական յաղթանակը նախապայման է։ Այլեւս անհրաժեշտութիւն է Շարժման գաղափարախօսական ճակատի կազմակերպումը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։