Հա

Քաղաքական

25/06/2022 - 12:20

«ԵԽԽՎ-ն վերածւել է քաղաքականացւած կառոյցի, որն առաջնորդւում է իր քաղաքական նպատակայարմարութիւններով. հայկական պատւիրակութիւնում պէտք է համաձայնեցւած աշխատենք». Արմէն Ռուստամեան

Յիշեցնենք, Գալւէյի համաժողովի առաջարկը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մեկնարկին ԵԽ Նախարարների կոմիտէի նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի եւ պաշտպանութեան նախարար Սայմոն Քովնին հնչեցրեց՝ ամառային նստաշրջանի մեկնարկին, Վեհաժողովի ամբիոնից: Իսկ քննարկման առանցքում «գորշ գօտիներում» Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների արդիւնաւէտ կիրառման հարցն են նախատեսում: Բայց Քովնին չբացառեց Արցախի վերաբերեալ քննարկումը, որովհետեւ, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղը բարդ եւ «քննարկման համար ակնառու տարածք է»:

«alikonline.ir» - Կը քննարկւի՞ Արցախի հարցը սեպտեմբերի 1-ին Եւրոխորհրդի անդամ երկրների առաջնորդների՝ Գալւէյում կայանալիք համաժողովում: ԵԽԽՎ հայկական պատւիրակութեան ընդդիմադիր ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը մեծ յոյսեր չունի, որ արցախեան հարցը կը հասնի այդ համաժողովի սեղանին: 

Յիշեցնենք, Գալւէյի համաժողովի առաջարկը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մեկնարկին ԵԽ Նախարարների կոմիտէի նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի եւ պաշտպանութեան նախարար Սայմոն Քովնին հնչեցրեց՝ ամառային նստաշրջանի մեկնարկին, Վեհաժողովի ամբիոնից: Իսկ քննարկման առանցքում «գորշ գօտիներում» Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների արդիւնաւէտ կիրառման հարցն են նախատեսում: Բայց Քովնին չբացառեց Արցախի վերաբերեալ քննարկումը, որովհետեւ, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղը բարդ եւ «քննարկման համար ակնառու տարածք է»: 

Արմէն Ռուստամեանն ասում է՝ չի կարծում, թէ այստեղ ցանկութիւն ունեն զբաղւել Արցախի հարցով: Բայց, նրա համոզմամբ, օրինակ, ԵԽ Նախարարների կոմիտէի նախագահը չի կարող անտեսել որեւէ տարածք, որտեղ հումանիտար, մարդու իրաւունքների հետ կապւած խնդիրներ կան, անկախ այն փաստից, թէ այդ տարածքներն ինչ կարգավիճակ ունեն: «Անդրադարձն այդ խնդիրներին ուղղակիօրէն ԵԽԽՎ մանդատի շրանակում է»,- ասում է Ռուստամեանը, Արցախի վերաբերեալ Սայմոն Քովնիի դիտարկումները պայմանաւորելով ԵԽԽՎ պարտաւորութիւններով: 

Ընդդիմադիր պատգամաւոր Արմէն Ռուստամեանը կարծում է, որ ԵԽԽՎ-ն հետզհետէ հեռանում է իր դերակատարութիւնից՝ դառնալով առաւել քաղաքականացւած կառոյց: 

«Մենք այս կազմակերպութիւնը համարում էինք տաճար, որտեղ պաշպանւում են մարդու իրաւունքների, մարդասիրութեան, ժողովրդավարութեան հետ կապւած սկզբունքները: Այդ արժէքների պահապան կառոյց է սա համարւում, բայց երկակի ստանդարտների բազմակի կիրառումը, դժբախտաբար, յանգեցրեց նրան, որ այս կառոյցը կամաց-կամաց վերածւեց աւելի շատ քաղաքականացւած կառոյցի, որն առաջնորդւում է իր քաղաքական նպատակայարմարութիւններով եւ, բնականաբար, մի տեղ կարող է նկատել ինչ-որ խախտումներ, մի տեղ կարող է չնկատել՝ կախւած նրանից, թէ տւեալ պահին այս կառոյցի քաղաքական շահն ինչն է»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Արմէն Ռուստամեանը՝ յիշեցնելով, որ հայկական պատւիրակութեան ընդդիմադիր ներկայացուցիչները բոլոր խնդիրները մանրամասնօրէն ներկայացրել են Հայաստանի հարցով համազեկուցողներին ու Մարդու իրաւունքների յանձնակատարի գրասենեակի ղեկավարին. Հայաստանում քաղբանտարկեալների առկայութեան մասին ոստիկանութեան անիրաւաչափ պահւածքի մասին, որ խափանման միջոցը, ըստ էութեան, այսօր դարձել է պատժամիջոց, եւ այլն: 

Իսկ ինչպէ՞ս են արձագանգել եւրոպացի պաշտօնեաները, մեր հարցին Ա. Ռուստամեանը պատասխանեց. 

«Իրենք գրանցել են ամէն ինչ: Ասում են՝ կը զբաղւենք, կը վերլուծենք, այդ ձեր բոլոր ահազանգերը մենք կուսումնասիրենք… Բնականաբար, պէտք է արձագանգեն, ի վերջոյ, պիտի արձագանգեն: Մենք հետեւողական ենք լինելու: Ես չգիտեմ, թէ իրենք որքան հետեւողական կը լինեն, բայց մենք հաստատ հետեւողական ենք լինելու, եւ չեն կարող, ի վերջոյ, այսպէս անընդհատ անտեսել եւ աչքերը փակած շարունակել, այդպէս հնարաւոր չի լինելու, եւ իրենք էլ են լաւ հասկանում: Մենք իսկապէս այստեղ բաւականին լուրջ անելիք ունենք՝ իրերը իրենց անուններով կոչելու իմաստով: Շատ բաներ մենք հէնց այս կառոյցից ենք սովորել՝ իրաւական պետութեան կայացում, յարգանք ժողովրդավարութեան սկզբունքների նկատմամբ, եւ այլն»: 

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամաւորը համարում է, որ ԵԽԽՎ-ում շատ անելիք կայ հիմա, երկու տարի չի եղել պատւիրակութեան կազմում, չի եկել ստրասբուրգեան նիստերին, ու հիմա, ասում է, շատ բան է փոխւած տեսել: Համարում է, որ այս կառոյցին պէտք է վերադարձնել իր սկզբունքների հիմնական հունը, ոչ միայն Հայաստանի ներքին կեանքի նկատմամբ վերաբերմունքի առումով, այլ նաեւ արտաքին հարցերի, Արցախի խնդրի հետ կապւած: Ընդդիմադիր պատգամաւորը համոզւած է, որ դրան հնարաւոր է հասնել հայկական պատւիրակութիւնում համաձայնեցւած աշխատելով. 

«Կարծում եմ՝ հայկական պատւիրակութիւնում մենք բոլորս տեսնելով այդ խնդիրների ընդհանուր դաշտը, պէտք է համաձայնեցւած աշխատենք, որովհետեւ դրսում այլ կերպ հնարաւոր չէ յաջողութեան հասնել: Ճիշտ է, մենք ունենք բաւականին լուրջ տարաձայնութիւններ շատ հարցերի հետ կապւած, բայց պէտք է կարողանալ այդուամենայնիւ գտնել այն ընդհանուրը, որը մեզ արտաքին աշխարհում առնւազն մեր շահերի պաշտպանութեան հետ կապւած կարող է գործունէութեան նոյն դաշտն ապահովել: Սա մի քիչ դժւար խնդիր է, ճիշտն ասած, բայց պէտք է լուծել»: 

Հայկական պատւիրակութիւնը, ի դէպ, թերեւս համաձայնեցւած աշխատելով, այս նստաշրջանի ժամանակ յընթացս փորձում էր կանխել թուրք-ադրբեջանական լոբբինգից սպասւող մէկ այլ վերահաս վտանգ: Մշակում էին առաջարկներ՝ առաջիկայում սպասւող, շրջակայ միջավայրին վերաբերող մի զեկոյցի վերաբերեալ, որտեղ հեղինակը՝ բրիտանացի պատւիրակ Ջոն Հաուէլը, հակահայկական ձեւակերպումներ է արել՝ յղումներ անելով՝ Սարսանգի ջրամբարին վերաբերող, 2016 թւականին ընդունւած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնաւոր զրկւած են ջրից» ձեւակերպումով բանաձեւին: 

Վերջինս, յիշեցնենք, հեղինակել էր Բոսնիան եւ Հերցեգովինան ներկայացնող Միլիսա Մարկովիչը, որը Բաքւի եւրոպական խաւիարադոլարային սկանդալի դերակատարներից էր, եւ հետագայում, իր շատ գործընկերների պէս, սեփական երկրի իրաւապահների տեսադաշտ էր եկել: 

Եւրոպայի խորհրդում թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական «յոյսը», յայտնի է, որ բրիտանացիներն են: Սարսանգին վերաբերող զեկոյցի քննարկման օրերին մէկ այլ բրիտանացի էլ հեղինակել էր «Բռնութիւնների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրաւեալ այլ տարածքներում» վերնագրով զեկոյցը, որը հայկական պատւիրակութեան ջանքերով տապալւեց: 

Հեղինակը յայտնի Ռոբերտ Ուոլթերն էր, որի կինը թրքուհի էր (Ֆերդա Ալպ Ուոլթեր): Ուոլթերը հպարտօրէն յայտարարում էր, որ իր թուրքական անձնագիրը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի ձեռքից է ստացել, եւ ինքը «բրիտանացի թուրք է»: Արդեօ՞ք բրիտանացի Ջոն Հաուէլը կը դառնայ Ռոբերտ Ուոլթեր-2… թերեւս, կերեւայ առաջիկայում:

 

Սիրանոյշ Մուրադեան

Ստրասբուրգ, Ֆրանսիա

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։