Հա

Քաղաքական

25/06/2022 - 13:10

«Հանրայինից՝ հանրութեանը. վտանգաւոր ուղերձներ». «Այլընտրանքային նախագծեր» խումբ

Օրերս նախագահ Վահագն Խաչատուրեանը հանրայինի եթերում էր։ Պատկերը, մեղմ ասած, տխուր էր։ Փորձենք առանձնացնել այդ տխրահռչակ հարցազրոյցից մի քանի քանի դրւագ: Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Արամ Յովհաննիսեանը:

«alikonline.ir» - Օրերս նախագահ Վահագն Խաչատուրեանը հանրայինի եթերում էր։ Պատկերը, մեղմ ասած, տխուր էր։ Փորձենք առանձնացնել այդ տխրահռչակ հարցազրոյցից մի քանի քանի դրւագ: Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Արամ Յովհաննիսեանը:

Նա նաեւ նշել է. «Պետրոս Ղազարեանը հարց է ուղղում նախագահին. «Ընդդիմութիւնը թէզ ունի, թէ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դուք համաձա՞յն էք սրա հետ»: Սրան ի պատասխան նախագահը պատասխանում է, որ «պէտք է ելնել իրականութիւնից» եւ որ պիտի մեզ համար «մանեւրելու տեղ» թողնենք:

Եկէք արձանագրենք, որ ՀՀ նախագահը, Հանրային հեռուստաընկերութեան եթերում, որեւէ կերպ չի կարողանում յայտարարել, որ իր հարիւր հազարաւոր հայրենակիցներ՝ իր հետ նոյն կապոյտ անձնագիրը կրողներ, չեն ապրելու իրենց ոչնչացումը ազգային նպատակ հռչակած եւ մինչեւ ատամների ծայրը միլիտարիզացւած Ադրբեջանի կազմում: Ի՞նչ մանեւրելու մասին է խօսքը, պարոն նախագահ, երբ ձեր ադրբեջանցի գործընկերը ոչ միայն յայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծւած է, նման հարց գոյութիւն չունի, այլեւ՝ արգելում է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անւանումը եւ յայտարարում, որ միջնորդները անելիք չունեն։ Ո՞ւմ ես ինչի տեղ դնում։

Իսկ հարցին, թէ ինչպէս կը մեկնաբանէք Ջհանգիրեանի եւ Ռուբէն Վարդազարեանի խօսակցութեան ձայնագրութիւնը, պատասխանում է, որ չի ուզում մեկնաբանել այդ դէպքը՝ յաւելելով միայն, որ հաճելի դէպքերից չէ: Այսինքն՝ երկրի նախագահը բացարձակապէս ոչ մի ասելիք չունի ԲԴԽ նախագահի կողմից սահմանդրութեամբ արձանագրւած՝ օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնների անջատ լինելու կարեւորագոյն դրոյթի ջախջախման, իրաւական բեսպրեդելի եւ ուղղակի խուլիգանական վարքագծի մասին: Գուցէ, իր վաղեմի ընկերոջ եւ թիմակցի օրինակին հետեւելով, նա նոյնպէս չի մեկնաբանում «հացի սեղանի շուրջ» խօսւածը:

Երբ Երեւանում բազմահազարանոց ցոյցեր էին, նախագահ Խաչատուրեան ձկան պէս լուռ էր, ասելիք չունէր։ Յետոյ աշխատակազմը յայտարարեց, թէ նախագահը ուշադիր հետեւում է իրադարձութիւններին։ Երկրի ներքին կեանքը նախագահի համար ներկայացո՞ւմ է, ինչ է, որ ուշադիր հետեւի։

Օրեր առաջ էլ մեր նախագահը գովաբանում եւ հիանում էր ներքին զօրքերի եւ ոստիկանութեան պրոֆեսիոնալիզմով ու գործողութիւններով: Եկէք փաստենք, որ մարտի 1-ը եւ դրա «զոհ» լինելը իրենց քաղաքական բրենդը դարձրած քաղաքական թիմի կարկառուն անդամը հիանում է երիտասարդ աղջիկների ծեծով, տարեց մարդկանց ենիչերու դաժանութեամբ «քացու տակ տւող» ոստիկաններով, յունիսի 3-ին Պռօշեան-Դեմիրճեան խաչմերուկում, խաղաղ ցուցարարների վրայ լուսաձայնային նռնակների կրակոցի արդիւնքում տասնեակ ծանր վիրաւորւածներ ունենալու փաստով եւ ոստիկանական անարխիայով:

Հարցազրոյցի ընթացքում Վահագն Խաչատուրեանն ասաց, որ պէտք է, բացասական երեւոյթներից բացի, նաեւ խօսել իրենց իշխանութեան կատարած դրական գործերից: Ասելով, որ «30 տարի Հայաստանի փողոցները չեն ասֆալտապատւել, իսկ իրենք երեք տարում ասֆալտապատեցին»: Թարգմանաբար՝ ՀՀ նախագահը ՀՀ քաղաքացիններին առաջարկում է մոռանալ 5000 զոհերին, տասնեակ հազարաւոր վիրաւորներին, հազարաւոր խեղւած ընտանիքներին, ընկած Շուշին եւ պարզապէս տապալւած Արցախը եւ ուրախանալ ասֆալտապատւած փողոցներով:

Յ.Գ. Վերջում կուզեմ մէկ հարց յղել երկրի թիւ մէկ ինտերւիւերին. ինչպէ՞ս կարելի է ողջ հարցազրոյցի ընթացքում չհարցնել Վահագն Խաչատուրեան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը նրա կողմից հնչեցւած «Իրականում մենք ցանկանում էինք աւելի վաղ դադարեցնել, ինչ-որ կերպ աւարտել պատերազմը, եւ ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարաւորութիւն ունէիք հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու, մենք այդ մասին զրուցել ենք նաեւ Սերգէյ Վիկտորովիչի հետ», մտքի մասին:

Ինչպէ՞ս կարելի էր չհարցնել. վերջը ո՞վ խանգարեց, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարի։ Ալիեւն ասում է՝ ես կողմ էի, Պուտինն ասում է՝ ես էլ, ՀՀ նախագահն ասում է, որ տեղեակ է դրա մասին ու շնորհակալութիւն յայտնում Պուտինին։ Բա լաւ, ո՞վ խանգարեց, որ չստացւեց կանգնեցնել պատերազմը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։