Հա

Քաղաքական

26/06/2022 - 09:10

«Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի հետ». Քաղաքագէտ

Երկրորդ աշխարհամարտի պարտութիւնից յետոյ Գերմանիան կորցրել էր բազմաթիւ տարածքներ, այդ թւում Քեոնիկսբերգն (այսօրւայ Կալինինգրադը, ոչ ամբողջութեամբ), Սուդեթները (հիմա Չեխիայում), Սիլեզիան (հիմա Լեհաստանում) եւ այլ տարածքներ, նաեւ Գերմանիան էր երկու մասի բաժանւել:

«alikonline.ir» - Քաղաքագէտ Ստտեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Երկրորդ աշխարհամարտի պարտութիւնից յետոյ Գերմանիան կորցրել էր բազմաթիւ տարածքներ, այդ թւում Քեոնիկսբերգն (այսօրւայ Կալինինգրադը, ոչ ամբողջութեամբ), Սուդեթները (հիմա Չեխիայում), Սիլեզիան (հիմա Լեհաստանում) եւ այլ տարածքներ, նաեւ Գերմանիան էր երկու մասի բաժանւել:

Գերմանացիների համար դա ցաւոտ խնդիր էր: Անգամ լինելով պատերազմում արդիւնքով կապիտուլեացիայի երթարկւած ու օկուպացւած (ըստ էութեան մինչ օրս) երկիր, գերմանացիները չէին հաշտւում այդ մտքի հետ ու Գերմանիան չէր ընդունում պատերազմի արդիւնում ձեւաւորւած տարածքներն, ինչը չէր հակասում երկբեւեռ աշխարհի տրամաբանութեանը, քանի որ Արեւմուտքին պէտք է այդ սահմաները չճանաչելու պատճառով տնտեսական սանկցիաների տակ պահել Սովետական Միութիւնը:

Սակայն 70-ականներին աշխարհը սկսւում է փոխւել եւ երկու բեւեռները համագործակցութեան եզրեր են սկսում նախապատրաստել, որի համար պէտք էր միմեանց սահմանները ճանաչել, առջին հերթին Գերմանիան պէտք է ճանաչէր յետպատերազմեան սահմանները: Սկսւում է հելսինկեան գործընթացը, որի գլխաւոր ճարտարապետներից էր Քիսինջերն (այն նոյն Քիսինջերը, որը Դաւոսեան հանդիպման ժամանակ առաջարկում էր կիսել Ուկրայինան) ու համագործակցութեան եզրեր գտնել Ռուսաստանի հետ: Այսինքը, նա առաջարկում էր անել նոյնն, ինչն արւել էր ժամանակին Գերմանիայի հետ:

Ինչի էր պէտք սահմանների ճանաչումը

Այդ գործում կենտրոնական դեր է կատարում Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանտը: Բրանտը սոցիալիստ էր, հիտլերեան Գերմանիայում եղել է սոցիալիստական ընդհատակում, յետոյ տարագրւել է Նորւեգիա ու Շւեդիա, ընդունել էր Նորւեգիայի քաղաքացիութիւն, սակայն պատերազմից յետոյ վերադարձել է Գերմանիա, դարձել սոցիալ-դեմոկրատակ կուսակցութեան ղեկավարներից մէկն, իսկ 1969-74 թթ. Գերմանիայի կանցլեր: Մի խօսքով: Վիլլի Բրանտը «խաղաղութեան դարաշրջանի» կողմնակից էր, ինչն այդ ժամանակ համընկնում էր կոլեկտիւ Արեւմուտքի ու կոլեկտիւ Արեւելքի շահերին:

Վիլլի Բրանտը «Նոր արեւելեան քաղաքականութեան» հիմնադիրն էր, 1970-ին Սովետական Միութեան հետ ստորագրում է «գազ խողովակների դիմաց» պայմանագիրը, որով Գերմանիան գազի խողովակներ է տրամադրում Սովետական Միութեանը, իսկ վերջինս գազամուղ է կառուցում դէպի Եւրոպա, որը տնտեսական զարգացման հնարաւորութիւններ է ստեղծում: 

1972-ին երկու Գերմանիաները միմեանց ճանաչում են, 1971-ին Բրանտը ստանում է Խաղաղութեան Նոբէլեան մրցանակ այն բանից յետոյ, երբ 1970-ին Սովետական Միութեան վարչապետ Կոսիգինի հետ ստորագրում էր պայմանագիր, որով ճանաչում է յետպատերազմեան սահմանները: Ըստ էութեան Արեւմուտքը նրան խրախուսում է կատարել իր կեանքի գլխաւոր քայլը, ճանաչել յետպատերազմյան սահմաններն, ինչին գերմանացիները դէմ էին:

Եթէ երկու բեւեռներն, Արեւմուտքն ու Արեւելքը գնում էին փոխադարձ սահմանների ճանաչմանը, ապա ինչ «հերոսական» քայլի համար էին խրախուսում Բրանտին: Խրախուսում էին, որովհետեւ նա պէտք է «կոտրէր» գերմանացիների դիմադրութիւնը, համարւելով «դաւաճան» ու «հողատու»:

Իսկ թէ ինչպէս էին գերմանացիներին «կոտրում», դրա մասին քիչ յետոյ, սակայն նշենք, որ այդ «օպերացիայի» արդիւնքում 1975-ն կնքւեց Հելսինկեան համաձայնագիրը, որով ճանաչւեցին յետպատերազմեան սահմանները, սկսեցին բնականոն տնտեսական յարաբերութիւնները երկու ճամբարների միջեւ, նաեւ կնքւեց մարդու իրաւունքների մասին համաձայնագիրը, որի հիման վրայ ստեղծւեց ԵԱՀԿ-ն:

Ոնց էին «կոտրում» գերմանացիներին

Հիմա գանք մեզ համար ամենահետաքրքիր հատւածին: Երկու բեւեռները գնում էին մերձեցման ու դա տեղի էր ունենում ի հաշիւ գերմանացիների: Բրանտի ու Կասիգինի միջեւ կնքւած համաձայնագիրը պէտք է Գերմանիայի խորհրդարանը վաւերացնէր, ինչի համար անհրաժեշտ ձայներ չէր հաւաքւում: Դրա համար գործի դրւեց պատգամաւորների կաշառման գործընթացը: Ինչն է ամենահետաքրքիրը, որ կաշառման գործը դրւած էր Արեւելեան Գերմանիայի յատուկ Ծառայութեան՝ Շտազիի վրայ, իսկ Սովետական Միութեան կողմից գործընթացը վերահսկում էր ԿԳԲ-ի գեներալ ու «մեր հայրենակից» Վեաչեսլաւ Կեւորկովը: Յայտնի է երկու պատգամաւորների կաշառման գործընթացի մասին (մնացածների մասին պատմութիւնը լռում է), դրանք անհրաժեշտ վերջին ձայներն էին: Պատգամաւորների մէկի տանից առգրաււում են 50 000 գերմանական մարկ, սակայն կաշառքը վերջնականապէս չի ապացուցւում, նաեւ ապացուցելու ցանկացողներ էլ առանձնապէս չկային, որովհետեւ, կարելի է ասել, որ դա երկու բեւեռների միասնական օպերացիան էր:

1974-ին ձերբակալւում է Վիլլի Բրանտի անձնական ռեֆերենց Գիւստաւ Գիեոմը, որը նրա ու կոմունիստական ճամբարի միջեւ կապաւորն էր, որի պատճառով նա հրաժարական է տալիս, սակայն գործն արւած էր, բոլոր կողմերը գոհ էին: Գիեոմի ճակատակիրն էլ է բարեյաջող դասաւորւում, նրան փոխանակում են Արեւելեան Գերմանիայում ձերբակալւած հակառակ ճամբարի գործակալի հետ: Որոշ ժամանակ անց գերմանացիները հաշտւում են կատարւածի հետ՝ իսկ ինչ պէտք է անէին: 

Հելսինկեան համաձայնագիրն ու «3+3» ձեւաչափը

Այն, ինչ այսօր անում են Հայաստանի հետ, դա նոյն ֆորմատն է, ուղղակի ռեգիոնալ ձեւաչափով: Հայաստանի հաշւին Թուրքիան, Ռուսաստանը (հրաւիրւած է նաեւ Իրանը) միմեանց միջեւ համագործակցութեան ձեւաչափ են ստեղծում եւ դա արւում է Հայաստանի հաշւին (այս դէպքում Արեւմուտքը ճաշկերոյթին հրաւիրւած չէ, չնայած նրան, որ նոյնպէս մեծ ներդրում ունի արցախեան պատերազմում, սակայն այդ ուղղութեամբ շարունակում է ջանքեր գործադրել):

Նպատակն ու տեխնոլագիան նոյն է, ուղղակի առանց վերամբարձ արժէքների մասին յիշատակման, ինչպիսին են մարդու իրաւունքներ եւ այլն: Իսկ «յատուկ գործողութեան» մասնակիցների դերակատարման պահը թողնում եմ ձեր երեւակայութեանը, նաեւ ում, երբ, ինչի համար էին պատրաստում այդ գործի համար ու ով ինչ դեր է կատարել:

Յ.Գ. Անկեղծ ասած, կողմերից մէկը պէտք է զիջէր եւ ի տարբերութիւն Ադրբեջանի, Հայաստանում բուծւել էին բազմաթիւ խաղաղասէր պացիֆիստներ, կառուպցիայի դէմ պայքարի համար Հայրենիք զիջողներ, կոմպրոդորային բուրժուազիա, պետական կոռուպցիոներներ, կրիմինալ խորհրդարանականներ, իշխանութիւնից փայ ուզող կուսակցութիւններ, անհայրենիք ընդդիմադիրներ եւ նմանատիպ այլ երեւոյթներ: Բնականաբար, «կարծրատիպներից» հրաժարւելու համար Հայաստանում էր պարարտ հող ստեղծւել»:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։