Հա

Քաղաքական

26/06/2022 - 10:45

«Այս փուլում թէ՛ Էրդողանը, թէ՛ Ադրբեջանն ամէն ինչ անելու են, որպէսզի Հայաստանին դիտարկեն ոչ թէ հարեւան երկիր, այլ հակառակը». Կարէն Յովհաննիսեան

168.am-ի հետ զրոյցում ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը Թուրքիայում նախագահական ընտրութիւնների համատեքստում անդրադարձաւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների վերաբերեալ Ադրբեջանից հնչող ռազմատենչ յայտարարութիւններին։

«alikonline.ir» - Արդէն յայտնի է, որ 2023 թւականին Թուրքիայում անցկացւող նախագահական ընտրութիւններին մասնակցելու է գործող նախագահ Էրդողանի «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը։ Մի խումբ թուրք իրաւապաշտպաներ յայտարարում են, որ, Էրդողանը հանգիստ կարող է մասնակցել նախագահական ընտրութիւններին, եւ դրանով չի խախտւում երկրի Սահմանադրութիւնը։

Էրդողանը Թուրքիայի նախագահ է ընտրւել 2014 թւականին, 2018 թւականի արտահերթ ընտրութիւններում կրկին վերընտրւել է իր պաշտօնում։

168.am-ի հետ զրոյցում ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը Թուրքիայում նախագահական ընտրութիւնների համատեքստում անդրադարձաւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների վերաբերեալ Ադրբեջանից հնչող ռազմատենչ յայտարարութիւններին։

«Նախ, Էրդողանի նախընտրական քարոզչական քաղաքականութեան մէջ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը որեւէ տեղ չեն զբաղեցնում, քանի որ նրա հիմնական ընտրազանգւածն ազգայնականներն են։ Էրդողանի վարչակազմը գիտի եւ լաւ գիտակցում է, որ առանց Էրդողանի ընտրութիւնների գնալը՝ պարտութիւն է, հետեւաբար՝ կրկին Էրդողանին բերեցին։ Հետեւաբար՝ այս փուլում թէ՛ Էրդողանը, թէ՛ Ադրբեջանն ամէն ինչ անելու են, որպէսզի Հայաստանին դիտարկեն ոչ թէ հարեւան երկիր, որի հետ ցանկանում են բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել, այլ հակառակը՝ դիտարկեն, որ Հայաստանի նկատմամբ ունեն տարածքային, ճանապարհային պահանջներ, այսինքն՝ հանդէս են գալիս պահանջատիրական դիրքերից, որպէսզի բաւարարեն այն ընտրազանգւածին, որն ունի ազգայնական նկրտումներ»,- նշեց Կարէն Յովհաննիսեանը։

Նրա խօսքով՝ այս համատեքստում պէտք է դիտարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի վերջին յայտարարութիւնը, թէ՝ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման ձգձգումը պարունակում է լուրջ ռիսկեր։

«Ադրբեջանն այս փուլում ամէն ինչ անելու է, որպէսզի Հայաստանի հետ «խաղաղութեան պայմանագիր», թէկուզ յուշագրի տեսքով՝ չստորագրւի, ի չիք դառնայ՝ չէզոքացւի, քանի որ Թուրքիայում ներքաղաքական իրավիճակներով՝ նախագահակական ընտրութիւններով պայմանաւորւած մեծ խնդիրների առջեւ են կանգնելու, եթէ Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորւեն։

Ադրբեջանի թէ՛ արտաքին, թէ՛ ներքին քաղաքականութիւնն ուղիղ գծով կապւած է Թուրքիայի քաղաքականութեան հետ։ Եւ այստեղ Թուրքիան շատ մեծ խնդիրներ կունենայ, որովհետեւ երբ ստորագրւում է «խաղաղութեան պայմանագիր», կատարւում է Թուրքիայի պայմաններից մէկը, եւ նա ցանկանայ, թէ՝ ոչ, պէտք է գնայ Հայաստանի հետ սահմանների բացման, ինչը չի բխում Էրդողանի նախընտրական քաղաքականութիւնից»,- շեշտեց Կարէն Յովհաննիսեանը։

Շարունակելով, ռազմական փորձագէտն ասաց, որ, թերեւս, վերը նշւած պատճառներից ելնելով էլ Ադրբեջանն ամէն ինչ անելու է, որպէսզի առաջիկայ գոնէ մէկ տարւայ ընթացքում չլինի խաղաղութեան պայմանագիր։ Հակառակը, ըստ Կ. Յովհաննիսեանի, չի բացառւում, որ որոշակի դիւանագիտական բանակցութիւններ չեղարկւեն, դիւանագիտական փոխհրաձգութիւններ տեղի ունենան՝ ընդհուպ մինչեւ ռազմական որոշակի լարւածութիւն, որպէսզի իրենք իրենց հասարակութեանը կարողանան ցոյց տալ, որ ամէն դէպքում Հայաստանի հետ խաղաղութեան չեն գնում, որովհետեւ իրենց պայմաններն են թելադրում։

Կարէն Յովհաննիսեանը խօսեց նաեւ յունիսի սկզբին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարոյր Յովհաննիսեանի հնչեցրած այն յայտարարութեան մասին, որ Նիկոլ Փաշինեանի առաջարկը՝ սահմանից երկուստեք զօրքերի յետքաշումը, սեղանին է՝ քննարկւում է, նկատելով՝ զօրքերի հայելային յետքաշումը նախեւառաջ չի բխում հայկական կողմի շահերից։

«Որքան էլ տաօրինակ է, բայց այս առաջարկը եղել է Հայաստանի կողմից։ Ինչո՞ւ չի բխում, որովհետեւ Հայաստանի այն բնակավայրերը, որոնք այսօր դարձել են սահմանային՝ ընդամէնը սահմանից հեռու են մինչեւ 100 կամ 200 մետր։ Այդ դէպքում հարց է առաջանում, թէ բնակավայրերն ո՞ւր են մնալու, դրանք մնալու են պաշտպանութեա՞ն, թէ՞ ոչ պաշտպանութեան ներքոյ։ Միւս հարցը, որն առաջանում է, եւ մենք այս խնդրին արդէն բախւում ենք 2020 թւականի նոյեմբերի 9-ից յետոյ, այն է, երբ գիւղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով այս կամ այն ժամանակահատւածում մեր հովիւները, գիւղացիները յայտնւում են ադրբեջանցիների ուղիղ թիրախի տակ։

Այսինքն՝ եթէ նոյնիսկ հանդերում ենք յետ քաշւում, ապա այդ ամբողջ օգտագործւող հողերը յայտնւում են ադրբեջանցիների ուղիղ հսկողութեան տակ»,- ընդգծեց Կարէն Յովհաննիսեան։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։