Հա

Քաղաքական

26/06/2022 - 13:55

Կապանում նշել են Վահանավանք վանական համալիրի հիմնադրման 1111-ամեակը

Յունիսի 25-ին մեծ հանդիսաւորութեամբ նշւել է Կապանի գլխաւոր սրբավայրի՝ Վահանավանք վանական համալիրի հիմնադրման 1111-ամեակը։ Տօնը խորհրդանշական է եղել նրանով, որ նշւել է նաեւ վանական համալիրի ուխտի օրը։ 

«alikonline.ir» - Յունիսի 25-ին մեծ հանդիսաւորութեամբ նշւել է Կապանի գլխաւոր սրբավայրի՝ Վահանավանք վանական համալիրի հիմնադրման 1111-ամեակը։ Տօնը խորհրդանշական է եղել նրանով, որ նշւել է նաեւ վանական համալիրի ուխտի օրը։ Այս մասին ըստ Hetq.am-ի՝ յայտնում են Կապանի համայնքապետարանից։

Ինչպւս նշւում է հաղորդագրութեան մէջ, վաղ առաւօտեան հարիւրից աւելի ուխտաւորներ համայնքի ղեկավար Գէորգ Փարսեանի եւ հոգեւորականների ուղեկցութեամբ՝ ոտքով յաղթահարել են Վահանավանքի բարձունքն ու մասնակցել տօնի առթիւ մատուցւած սուրբ պատարագին։ Այն մատուցւել է Սիւնեաց թեմի առաջնորդական տեղապահ Տէր Մակար վարդապետ Յակոբեանի, հոգեշնորհ հայր Գարեգին վարդապետ Համբարձումեանի, Քաջարանի հոգեւոր հովիւ Տէր Շիրակ քահանայ Խանոյեանի, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիւ Տէր Խաչատուր քահանայ Հայրապետեանի եւ Վահանավանք վանական համալիրի հոգեւոր հովիւ Տէր Աւետիք քահանայ Մարտիրոսեանի ձեռամբ։ Այնուհետեւ Տէր Մակար վարդապետ Յակոբեանի նախագահութեամբ եւ հոգեւոր հայրերի մասնակցութեամբ կատարւել է Անդաստանի արարողութիւն, որի ընթացքում օրհնւել են աշխարհի չորս ծագերը:

Միջոցառմանը ներկայ են գտնւել եւ շնորհաւորանքի խօսքով հանդէս եկել Տէր Մակար վարդապետ Յակոբեանը, «Կապանի թանգարանների միաւորում» ՀՈԱԿ-ի տնօրէն Արմէն Գէորգեանը, պատմաբան Գրիշա Սմբատեանը, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Աշոտ Մանուչարեանը։

Ներկաներին ուղղւած իր շնորհաւորական խօսքում համայնքի ղեկավար Գէորգ Փարսեանը յատկապէս կարեւորել է Վահանավանքի դերը՝ որպէս Կապան աշխարհի պատմամշակութային կարեւորագոյն արժէք եւ ի հակադրումն թշնամու յայտարարութիւնների՝ տարածաշրջանի հայկականութիւնը ապացուցող պատմական վկայ։

«Մէկ անգամ չէ, որ թշնամին խեղաթիւրում է պատմական ակնյայտ փաստերը՝ մասնաւորապէս օգտագործելով «Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են» եզրոյթը։ Այն ինչ Վահանավանքի վանական համալիրը այն վառ ապացոյցներից է, որ այս տարածաշրջանը հնագոյն քաղաքակրթութեան օջախ է, որտեղ հայերը պատմականօրէն ապրել են դեռեւս այն ժամանակներից ի վեր, երբ ադրբեջանցիները որպէս ազգ անգամ գոյութիւն չեն ունեցել»,- ասել է նա։

Օրն առաւել տօնական եւ յիշարժան են դարձրել «Գեղարդ» երգչախումբն ու Կապանի մշակոյթի կենտրոնի ստեղծագործական խմբերը՝ իրենց հայկական ազգային երգերի ու պարերի կատարումներով։ Եկեղեցին լեցուն է եղել բազմաթիւ փոքրիկներով, հաւատացեալներով, զբօսաշրջիկներով եւ հիւրերով, ովքեր հնարաւորութիւն են ունեցել նաեւ օգտւելու տօնական օրւայ առթիւ կազմակերպւած հիւրասիրութիւնից։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։