Հա

Քաղաքական

30/06/2022 - 11:50

Քննարկում Սարեանի անւան պուրակում՝ «Դաւաճանւած Բերձոր. առաւել վտանգւող Սիւնիք» խորագրով

Ֆրանսիայի հրապարակին յարակից Սարեանի անւան պուրակում երէկ՝ յունիսի 29-ին, անցկացւել է քննարկում «Դաւաճանւած Բերձոր. առաւել վտանգւող Սիւնիք» խորագրով:

«alikonline.ir» - Ֆրանսիայի հրապարակին յարակից Սարեանի անւան պուրակում երէկ՝ յունիսի 29-ին, անցկացւել է քննարկում «Դաւաճանւած Բերձոր. առաւել վտանգւող Սիւնիք» խորագրով:

Բանախօսներ են եղել ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը, «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը, մեդիաափորձագէտ Նայիրի Յոխիկեանը եւ պատմական գիտութիւնների թեկնածու, թուրքագէտ Վարուժան Գեղամեանը: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

«Այսպէս կոչւած այլընտրանքային ճանապարհը համաձայնեցւել, կառուցւել է խիստ գաղտնիութեան պայմաններում»,- «Դիմադրութիւն» շարժման կազմակերպած «Դաւաճանւած Բերձոր. առաւել վտանգւող Սիւնիք» խորագրով քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը։

Պատգամաւորը նշեց, որ այդ ամէնն իմացել են՝ հետաքրքրւելու, ուսումնասիրելու ընթացքում, երբ եղել են տեղանքում։

«Այն, որ յղում է կատարւում նոյեմբերի 9-ի փաստաթղթին ամբողջութեան մէջ դա չի վերլուծւում։ Հաւատացէք՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթում այն կէտը, որը վերաբերում այլընտրանքային ճանապարհին, մեր հանրութեան երեւի 1-2 տոկոսն է կարդացել։ Շատերը բոլոր կէտերին նոյնիսկ ուշադրութիւն չեն էլ դարձրել։ Այն կէտում, որով սահմանւած է այլընտրանքային ճանապարհը, գրւած չէ, որ հայկական կողմը կամ ռուսական զօրքերը, որոնք ապահովում են միջանցքի անվտանագութիւնը, պէտք է դուրս գան Բերձորից եւ գնան Ադրբեջանի թելադրած ու հաստատած նախագծով»,- ասաց Աբրահամեանը։

Նրա խօսքով՝ որեւէ տեղ նշւած չէ, որ Ադրբեջանի կամքով պէտք է նախագծւի եւ կառուցւի այնպիսի ճանապարհ, որը ենթադրում է շրջանցել Բերձորը, Աղաւնոյ եւ Սուս գիւղերը։

«Հայաստանի իշխանութիւնների աշխատանքից, կամքից եւ քաղաքական որոշումից էր կախւած, թէ այդ նախագիծն ինչպէս կը հաստատւի, որ հատւածում եւ արդեօք դրա հետեւանքով Բերձոր քաղաքն ու նշւած երկու գիւղերը չեն յայտնւի աւտոմատ ադրբեջանական վերահսկողութեան տակ։ Հերիք չի 44-օրեայ պատերազմի վերջում փաստաթուղթ է ստորագրւել, որը Հայաստանին եւ Արցախին տարել է ողբերգութեան եւ աղէտի ճանապարհով, եղած դրոյթների շրջանակում էլ Հայաստանի իշխանութիւնները որեւէ ջանք չեն գործադրում գոնէ ստեղծւած պայմաններում մեր շահերը ինչ-որ տեղ շօշափող գործընթաց ստանալու համար»,- նշեց պատգամաւորը։

Պատգամաւորը նաեւ շեշտեց, որ Ադրբեջանը ցայսօր պայմանագրով նախատեսւած գերիների հարցը չի լուծել։

«Ինչո՞ւ պէտք է Հայաստանը կէտ առ կէտ իրականացնի այն ինչ իրականացնում են, եթէ Ադրբեջանը իր պարտաւորութիւնները, որը փաստաթղթով 1-2 է, չի իրականցնում։ Փաստացի մեր հայրենակիցները շարունակում են պատանդի կարգավիճակով մնալ ադրբեջանական բանտերում։ Այսօր Ադրբեջանի իշխանութիւնը շարունակում է գերիների, ռազմագերիների հարցը որպէս շանտաժ օգտագործել՝ այս իշխանութիւններին ստորացնելու եւ նոր զիջումներ կորզելու համար։ Բայց չգիտես ինչի մարդիկ անընդհատ յղումներ են անում նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Դրանք պէտք է լինեն հաւասարակշռւած»,- յաւելեց քաղաքական գործիչը։

Պաշտօնական հաղորդագրութիւնները լռում են, բայց թշնամին ճանապարհը աւարտական վիճակի է բերում. քննարկման ժամանակ ասաց լրագրող, մեկնաբան Նայիրի Յոխիկեանը:

Նա մի քանի օր առաջ է վերադարձել Բերձորից եւ առանձնապէս լաւ նորութիւններ չունի։

«Կամուրջը, որը սկսւում է Աղաւնոյ գետից, արդէն պատրաստ է, ասֆալտապատման աշխատանքները մեծ թափով ընթանում են։ Մեծ Շէն, Հին Շէն գիւղերում հողային աշխատանքներն աւարտւել են, եկել-միացել են գործող ճանապարհին։ Այդ ճանապարհին կայ գեղեցիկ խաչքար, որն ադրբեջանցիները հանել են։ Նրանք ճանապարհը շուտով կաւարտեն. եթէ ոչ օրերի, ապա մօտ երկու շաբաթւայ գործ է մնացել»,- ասաց Յոխիկեանը:

Ըստ նրա` Սիւնիքի Կոռնիձորում տեղեակ են, թէ ինչ է նախատեսւում, որոշ մարդիկ նաեւ ուրախ են, որ միջպետական ճանապարհ պիտի անցնի իրենց գիւղով, բայց, օրինակ, Տեղ գիւղի բնակիչներն ինչքանո՞վ են հասկանում, որ եթէ գործող միջանցքը յանձնւի ադրբեջանցիներին, նրանք գալու են նստեն այն վայրում, որտեղ հիմա Տեղի բնակիչները կով են արածեցնում, խոտ քաղում, գարի ու ցորեն մշակում: 

«Այսինքն` եթէ Ադրբեջանն արդէն շինարարութիւնն աւարտում է, հայկական կողմը դեռեւս մրցոյթի ամփոփում էլ չի արել: Ադրբեջանցիները ճանապարհը կառուցել, եկել-կանգնել են Աղաւնոյ գետի վրայ եւ երկու պայման են առաջադրում բանակցութիւններում, ասում են` Ադրբեջանն իր ստանձնած պարտաւորութիւնը կատարել է ` կառուցել է նոր ճանապարհ, իսկ եթէ հայկական կողմը ոչ մի բան չի կառուցել, դա իրենց չի հետաքրքրում, եւ իրենք մտնելու են Բերձոր: Գլխաւոր աղէտն այն է, որ Հայաստանի ու Արցախի միջեւ կապը փաստացի կտրւելու է»,- ասաց Նաիրի Յոխիկեանը:

«Դաւաճանւած Բերձոր. առաւել վտանգւող Սիւնիք» քննարկման ժամանակ թուրքագէտ Վարուժան Գեղամեանը, որը Բերձոր քաղաքից է, եւ որի հարազատները նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից յետոյ ստիպւած են եղել լքել քաղաքը, քանի որ ոչ ոք որեւէ պատասխան չի տւել` անվտանգութեան ի՞նչ երաշխիքներ կան, նշեց որ, ի տարբերութիւն Բերձորի քաղաքի, Աղաւնոյ գիւղի բնակչութիւնը ճիշտ մօտեցում է որդեգրել. գիւղի բնակիչների մեծ մասը չի հեռացել գիւղից` պարզ պատճառով, որովհետեւ գտնւել է ՏԻՄ ղեկավար` Անդրանիկ Չաւուշեանը, որը ստանձնել է պատասխանատւութիւնը, կարողացել է ապահովել անվտանգութեան նւազագոյն պայմաններ: Այսինքն` գործ ունենք կամքի դրսեւորման հետ, որը շատ կարեւոր հանգամանք է` եթէ կամք ունես քո հողը պահելու, նոյնիսկ հարիւր փաստաթուղթ էլ ստորագրւած լինի, դու հակառակը կանես:

«Եթէ նոյն մօտեցումը ցուցաբերւէր Բերձորի նկատմամբ թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի դէ ֆակտօ իշխանութիւնների կողմից, փաստաթղթի ստորագրումից յետոյ տանէին զուգահեռ աշխատանք, որ բնակիչների մեծագոյն մասը մնար այնտեղ, բանակցութիւններում ունենալու էինք բոլորովին այլ իրականութիւն, այլ դիրքեր»,- աւելացրեց թուրքագէտը:

Իսկ կապիտուլեանտ իշխանութիւնները, ըստ նրա յոյսը դրել են այն բանի վրայ, որ մեդիա մանիպուլեացիայի միջոցով շեղելու են մարդկանց այս իրադարձութիւնից, առաւել եւս, որ հարցումները ցոյց են տւել` հասարակութիւնը հիմնականում անտեղեակ է կատարւող իրադարձութիւններից. «Յոյսը դրել են մեդիա մանիպուլեացիայի, տեղեկատւական քաղաքականութեան շնորհիւ լղոզելու են այս իրադարձութիւններն ու մարդիկ չեն կենտրոնանալու այս իրադարձութեան վրայ, քանի որ արանքում յայտնւելու է «ճտիկով գրիչ» կամ այլ յիմարութիւն, որով կը կարողանան շեղել հանրային ուշադրութիւնը։ Բերձորի կատաստրոֆան կը դառնայ փոքր կատաստրոֆիկներ, հանրութիւնն էլ այս փոքրն աւելի հեշտ կը հանդուրժի։ Մեր խնդիրն է՝ քանի արհաւիրքը տեղի չի ունեցել, հանրային մակարդակում դրա մասին բարձրաձայնելն է»,- մասնաւորապէս նշեց Վարուժան Գեղամեանը:

Նշենք որ, քննարկումից յետոյ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների պատգամաւորները զրուցել են քաղաքացիների հետ եւ պատասխանել նրանց յուզող հարցերին:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։