Հա

Քաղաքական

30/06/2022 - 12:05

«Տնտեսական աճը», սնանկացման եզրին կանգնած գործարարներն ու սովեալ ժողովուրդը․ ի՞նչ անել սոցիալական ու տնտեսական փլուզումը կանխելու համար

Որքան էլ Փաշինեանն ու նրա թիմն անտեսեն երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրաւէրները եւ փոխարէնն «աննախադէպ» յաջողութիւններ երկնեն, փաստը մնում է փաստ՝ Հայաստանի տնտեսութիւնը ծանր օրեր է ապրում։

2020-2021 թթ․ Հայաստանի տնտեսութեան կատարողականն անհամեմատ աւելի վատն էր, քան համաշխարհային եւ համադրելի երկրների տնտեսութիւնների կատարողականները (տե՛ս Արժոյթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակւող՝ համաշխարհային տնտեսութեան կանխատեսումները (World Economic Outlook))։ 

Որքան էլ Փաշինեանն ու նրա թիմն անտեսեն երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրաւէրները եւ փոխարէնն «աննախադէպ» յաջողութիւններ երկնեն, փաստը մնում է փաստ՝ Հայաստանի տնտեսութիւնը ծանր օրեր է ապրում։

2020-2021 թթ․ Հայաստանի տնտեսութեան կատարողականն անհամեմատ աւելի վատն էր, քան համաշխարհային եւ համադրելի երկրների տնտեսութիւնների կատարողականները (տե՛ս Արժոյթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակւող՝ համաշխարհային տնտեսութեան կանխատեսումները (World Economic Outlook))։ Կարելի էր ենթադրել, որ «փոքր բազայի» շնորհիւ ՀՀ տնտեսութեան աճը 2022թ. աւելի մեծ կը լինէր, քան միջին համաշխարհայինը, սակայն այդպէս չէ։ Աւելին՝ մեր տնտեսութեան աճը հիմնականում ապահովում են ծառայութիւններն ու առեւտուրը ինչպէս նաեւ շինարարութիւնը։ Ցաւով պէտք է արձանագրենք, որ ծառայութիւնների մէջ էական կշիռ ունեն առցանց շահումով խաղերն ու այդ խաղերի ծրագրային ապահովումը։ Այնպէս որ՝ ծառայութիւնների աճն «անիծւած օրհնանք է», քանի որ ցոյց է տալիս, որ խաղամոլութիւնը Հայաստանում գնալով աճում է։

Առեւտուրն ու շինարարութիւնը տնտեսութեան արտահանելի ճիւղեր չեն։ Առեւտրի աճը պայմանաւորւած է գների աճով եւ հարկային վարչարարութեան բարելաւումով։ Վարչարարութեան բարելաւումն, իհարկէ, լաւ բան է, բայց եկէք համաձայնենք, որ աճ չէ։ Շինարարութեան աճի զգալի մասը կարճաժամկէտ է եւ պայմանաւորւած է եկամտահարկի վերադարձի գալիք չեղարկմամբ։ Արդիւնաբերութեան աճը չնչին է, իսկ գիւղատնտեսութիւնը շարունակում է նւազել։

Ամփոփելով՝ պէտք է փաստենք, որ Հայաստանի տնտեսութիւնն աճում է դանդաղ, իսկ «տնտեսական աճի որակը» ցոյց է տալիս, թէ ինչ խորքային պրոբլեմների առջեւ է կանգնած մեր տնտեսութիւնը։

Այս ամենին պէտք է աւելացնենք վերջին 25 տարիների երեւի ամենամեծ գնաճը, որը խժռում է քաղաքացիների աղքատիկ խնայողութիւնները, մեծացնում աղքատութեան մակարդակը՝ նւազեցնելով կեանքի որակը։ Ծանր, «թանկ ու կրակ» կեանքից բողոքում են համարեա բոլորը։ Վարւող տնտեսական քաղաքականութիւնից արդէն աւելի բարձր ու բացայայտ են բողոքում ոչ միայն իշխանութիւնից կաշկանդւածութիւն չունեցող «այթիշնիկները», այլեւ իշխանութիւնների վերաբերեալ աւանդաբար առաւելապէս դրական կամ շատ զգոյշ արտայայտւող արդիւնաբերողներն ու արտահանողները։

Նոյնիսկ իշխանութեան ներսում արդէն նկատւում են մեղաւորներ փնտրելու նշաններ։ Վերջերս էկոնոմիկայի նախարարը մտահոգութիւն յայտնեց, որ թանկացող դրամը խոչընդոտում է տնտեսական աճին ու արտահանումներին՝ փաստօրէն, քննադատելով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականութիւնը։ Կենտրոնական բանկն, իր հերթին, զգուշացրեց դրամի արհեստական արժեզրկման վտանգների մասին եւ կոչ արեց բիզնեսներին՝ լինել աւելի կրեատիւ ու օրիգինալ։ Ակնյայտ է, որ կայ շահերի բախում։ Կենտրոնական բանկը, որի հիմնական առաքելութիւնը գների կայունութիւնն է, գիտակցում է, որ թանկացող դրամը, կարճաժամկէտ կտրւածքով, զսպող ազդեցութիւն է գործում գնաճի վրայ, թէկուզեւ կործանարար է տնտեսութեան համար։ Կենտրոնական բանկի այս մօտեցումը լիովին համընկնում է Փաշինեանի տնտեսական քաղաքականութեան հետ՝ «հիմա պարտք անենք, յետոյի հէրն էլ անիծած»։

Երբ կառավարութեան ուշադրութիւնը փորձում ես հրաւիրել Հայաստանի Հանրապետութիւնում սոցիալ-տնտեսական իրավիճակի վրայ, հնչում է մէկ պատասխան՝ մեղաւոր է համաշխարհային տնտեսութիւնը։ Համաշխարհային տնտեսութիւնն, իրօք, վերելքի չի ապրում։ Յունիսի սկզբին Համաշխարհային բանկը նւազեցրեց աշխարհում տնտեսական աճի կանխատեսումը՝ զգուշացնելով, որ ամենացաւալի հարւածը կը ստանան անցումային փուլում գտնւող տնտեսութիւնները։ Տնտեսագէտները զգուշացնում են ստագֆլեացիա վտանգի մասին, երբ, ցածր տնտեսական աճի ֆոնին, աճում են ապրանքների ու ծառայութիւնների գները։ Գլոբալ տնտեսական անկման ախտը համակել է ազգային տնտեսութիւնները։ Երկրները փորձում են լուծումներ գտնել։ Այս տարի մայիսին Ռուսաստանի Դաշնութիւնը 10 տոկոսով բարձրացրեց կենսաթոշակները, աշխատանքի վարձատրութեան նւազագոյն չափը եւ սոցիալական վճարները։ Մեծ Բրիտանիան 8,4 միլիոն կարիքաւոր ընտանիքների 2022 թւականի յուլիսին կը վճարի 650 ֆունտ ստերլինգ՝ դիմագրաւելու համար բարձր գնաճի հետեւանքները, եւ 400 ֆունտ ստերլինգի չափով կը փոխհատուցի բոլոր բրիտանացիների էլեկտրաէներգիայի վարձը։ Այլ երկրներ նոյնպէս ձեռքերը ծալած նստած չեն։ Գերմանիայում յունիս, յուլիս եւ օգոստոս ամիսներին կարելի կը լինի ամսական 9 եւրոյով անսահմանափակ երթեւեկել գնացքով։

Ի՞նչ է արւում Հայաստանում։ Ոչինչ։ Մեր իշխանութիւնները մեղքը գցում են համաշխարհային տնտեսական ճգնաժաի վրայ եւ ձեռքերը լւանում որեւէ պատասխանատւութիւնից։ Խորապէս համոզւած եմ, որ նրանք նոյնիսկ ուրախ են, որ, նախկիններից, Քովիդից, ռուս-ուկրայինական պատերազմից, գլոբալ տաքացումից եւ բազմաթիւ այլ պատճառներից բացի, յայտնւեց եւս մի հնարաւոր պատճառ, որի վրայ կարելի է «դուրս գրել» բոլոր ձախողումները։ Հայաստանում ոչինչ չեն անում, միայն արդարանում են։ Աւելին՝ բաւական չէ՝ ոչինչ չեն անում մարդկանց ու բիզնեսի հոգսերը թեթեւացնելու համար, դեռ մի բան էլ պատասխանատւութիւնը դնում են քաղաքացու վրայ։ Յիշո՞ւմ էք Նիկոլի տնտեսական յեղափոխութեան գաղտնիքը։ Սոված մարդկանց յայտարարեց, թէ աղքատութիւնը գլխներում է։ Վերջերս էլ Կենտրոնական բանկի նախագահը դոլարի էժանացումից տուժող բիզնեսներին կոչ արեց աւելի օրիգինալ ու կրեատիւ լինել։ Իրենք առանց այդ էլ քաջ են, օրիգինալ ու կրեատիւ, որ այս պայմաններում կարողանում են գոյատեւել։ Նրանց խորհուրդ տալու փոխարէն ճիշտ կը լինի մի բանով աջակցէք։ Իսկ աջակցել հնարաւոր է եւ պէտք է։ Ուրեմն ի՞նչ անել։

1. Գնաճը, տնտեսական հնարաւորութիւնների (հետեւաբար՝ աշխատանքի հնարաւորութիւնների) սահմանափակումն ամենացաւոտը հարւածում են սոցիալապէս խոցելի խաւերին։ Թէեւ էկոնոմիկայի նախարարը 8,5 տոկոսանոց գնաճը համարեց «ֆանտաստիկ արդիւնք», ակնյայտ է, որ հայաստանցիների բացարձակ մեծամասնութիւնն իրենց քսակի վրայ շատ աւելի ծանրութիւն են զգում։ 8,5 տոկոս գնաճը հաշւարկւել է՝ հետեւելով 425 անուն ապրանք ու ծառայութիւն ներառող «զամբիւղի» գների շարժին։ Մինչդեռ իրական կեանքում մեր հայրենակիցների զգալի մասն իրենց «աղքատավարձը» ծախսում է պարենամթերքի, կոմունալ ծախսերի ու առաջին անհրաժեշտութեան ապրանքների վրայ։ Պարենը, մանաւանդ՝ ամենօրեայ սննդամթերքը՝ հաց, ձէթ, նպարեղէն, կաթնամթերք, շաքարաւազ, թանկացել է անհամեմատ աւելի, շատ քան 8,5 տոկոսը։ Ուստի անհրաժեշտ է օրէնսդրօրէն ինդեքսաւորել (բարձրացնել) նւազագոյն աշխատավարձը, կենսաթոշակները, սոցիալական նպաստները, երբ պարենային զամբիւղի կամ նւազագոյն սպառողական զամբիւղի գնաճը հատում է որոշակի շեմը, օրինակ՝ 10 տոկոսը։

2. Դոլարը 1 տոկոսով թանկանում էր, ապրանքները շատ աւելի էին թանկանում։ Տարւայ սկզբի համեմատ՝ դոլարը 15 տոկոսից աւելի էժանացաւ, բայց ապրանքների գները շարունակում են աճել։ Հետեւաբար, խնդրի մի զգալի մասը ոչ թէ արտաքին շուկաներն են, այլ ներքին շուկայի անկատարութիւնը։ Ներմուծող ընկերութիւնների գնային մրցակցային եւ գնային քաղաքականութիւնը պէտք է վերահսկւի պետութեան կողմից։ Չի արւում։ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը պարտաւոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերութիւններին եւ իրար հետ հակամրցակցային համաձայնութեան մէջ մտնելու կասկած յարուցող ընկերութիւններին վերահսկելու համար։

3. Թանկ դրամը կարող է կործանել տեղական արտադրողին ու արտահանողին։ Խօսքը հաւասարապէս վերաբերում է թէ՛ ապրանք (օրինակ՝ գինի, պահածոյ, սարքաւորումներ, տեքստի), թէ՛ ծառայութիւն (օրինակ՝ համակարգչային ծրագրեր, բջջային յաւելւածներ) արտահանողներին։ Շատերն իրենց արտահանւող ապրանքի գինը պայմանագրերով ֆիքսել էին դեռ անցեալ տարի, երբ դոլարը 500 դրամի կարգի էր։ Դոլարի՝ 20 տոկոսով էժանացումը, ընկերութիւններին զրկում է ակնկալւած շահոյթից, իսկ կարող է նաեւ ուղղակի ֆինանսական կորուստների յանգեցնել, եթէ վաճառքի գինը՝ դրամային արտայայտութեամբ, աւելի ցածր լինի, քան ինքնարժէքը։ Նրանց փոխարէն ներմուծողները կը շահեն։ Ի դէպ, ներմուծողները կը շահեն նաեւ հայ-թուրքական սահմանի բացումից։ Եթէ զարմանում էք, թէ ինչու են իշխանութիւններն արտահանումը խթանելու փոխարէն աջակցում ներմուծողներին, նայէք, թէ իշխանութեան սրտի օլիգարխներն ինչ բիզնեսների մէջ են։ Փոխարժէքի տատանումներից վնասի մի մասը պետութիւնը պէտք է իր վրայ վերցնի, այլապէս կը կորցնենք մեր արդիւնաբերութիւնը, կը քայքայենք մեր տնտեսական պոտենցիալը։ Աւելի լաւ է արտահանողներին թիրախային օգնութիւն տան, քան կասկածելի տնտեսական ազդեցութիւն ունեցող շինարարական ծրագրեր ֆինանսաւորեն։

4. Լարսի հետ կապւած խնդիրները չեն լուծւում։ Լարսով անցումը թանկանալու է 75 տոկոսով։ Շատ արտահանողների համար սա նոյնպէս կարող է կործանարար լինել։ Քանի արմատական լուծում չի գտնւել, լրացուցիչ ծախսի մի մասը պետութիւնը պէտք է վերցնի իր վրայ։ Փող որտեղի՞ց։ Թող իշխանութիւններն իրենց ու ոստիկաններին քիչ պարգեւավճար տան։ Նմանապէս պէտք է քայլեր ձեռնարկեն Լարսին այլընտրանք գտնելու համար։ Արդէն մի քանի տարի խօսւում է լաստանաւի մասին, բայց որեւէ բան դեռ չի արւել։

5. Պէտք է մշակւի ու ներդրւի արտահանման խրախուսման եւ ներմուծման փոխարինման ծրագիր։ Շուկայի անտեսանելի ձեռքը խեղւած է, պետական միջամտութիւն է անհրաժեշտ։ Պէտք է յստակ պրոտեկցիոնիստական քաղաքականութիւն վարւի։ Մասնաւորապէս՝ պետական պետական գնումներում առաւելութիւնը պէտք է տրւի հայաստանեան եւ արցախեան ընկերութիւններին։

6. Փաշինեանին ու նրա նախարարներին 4 տարի է՝ փորձում ենք հասկացնել, որ գիւղատնտեսութիւնը բիզնես չէ, որ գիւղատնտեսութիւնն ամուր գիւղ ու ամուր սահման է, որ գիւղատնտեսութիւնը պարենային անվտանգութիւն է։ Յիշում եմ, թէ ինչպէս էին կառավարութիւնում իմ նախկին «գործընկերները» հաշւարկում հացահատիկի «եկամտաբերութիւնը» ու յայտարարում, որ այդքան բարձր եկամտաբերութիւն ապահովող գիւղացիներին պէտք չէ սուբսիդաւորել։ Արցախի հացահատիկի արտերը թուրքին յանձնելուց յետոյ Քովիդով ու «սլաւոնական պատերազմով» պայմանաւորւած պարենային տագնապի ռիսկերը նոր են հասկանում։ Նոր են հասկանում կամ գոնէ ձեւ են տալիս, թէ հասկանում են։ Գիւղատնտեսութեան զարգացման համար պետութիւնը միջոց չպէտք է խնայի։ Պէտք է մշակւեն թիրախային աջակցութեան ծրագրեր, որոնցից կը շահեն գիւղմթերք արտադրողն ու սպառողը, այլ ոչ թէ ֆինանսական ինստիտուտը։

Սա այն մինիմալն է, որ պէտք է արւի։ Պէտք է գործ անել, այլ ոչ թէ «նախկիններին», Քովիդը, ռուս-ուկրայինական պատերազմն ու գլոբալ տաքացումն ամէն ինչի համար մեղաւոր կարգել։ Կը կարողանա՞ն անել։ Կասկածում եմ։ Ուրեմն մնում է մի ճանապարհ՝ սրանց տուն ուղարկել...

 

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամաւոր

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։