Հա

Քաղաքական

02/07/2022 - 10:30

«Գնացել են Նիցցա՝ ընկերակցելու Սամսոն Օզարարատին եւ Գրիգոր Աժդերհանեանին, որոնք թրքամէտ շրջանակների հետ կապերի մէջ են»․ Մուրադ Փափազեան

Ֆրանսիայի հայկական ընկերութեան (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը 168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով Սփիւռքի գլխաւոր յանձնակատարի հերթական այցին՝ վերահաստատեց՝ Զարեհ Սինանեանի առաքելութիւնը Սփիւռքը պառակտելն է եւ ՀՀ այսօրւայ իշխանութիւններին՝ Փաշինեանին համակիր կազմակերպութիւններ ստեղծելը։

Օրերս 168.am-ը տեղեկացրել էր, որ Նիցցայի հայ համայնքում Նիկոլ Փաշինեանի կնոջը՝ Աննա Յակոբեանին եւ Հայաստանի Սփիւռքի գործերով յանձնակատար Զարեհ Սինանեանին ուղեկցել է թրքամէտ լոբբիստ Սամսոն Օզարարատը։ Այդ մասին տեղեկատւութիւն եւ լուսանկարներ էր տարածել Աննա Յակոբեանը:

Սա չէր լինի այսքան տարակուսելի, եթէ Հայաստանի իշխանութիւններն այդքան ակտիւօրէին չշրջանառէին խաղաղութեան օրակարգերը, եթէ Սփիւռքում այդքան իրարամերժ չընկալւէր առհասարակ Զարեհ Սինանեանն ու նրա առաքելութիւնը, որին աշխարհասփիւռ հայ համայնքները հիմնականում մերժում են այցերի ժամանակ։

Նկատենք՝ Աննա Յակոբեանն անգամ ֆէյսբուքեան գրառմամբ եւ կից լուսանկարով իր երախտագիտութիւնն է յայտնել Սամսոն Օզարարատին եւ Գրիգոր Աժդերհանեանին՝ իրեն Նիցցա հրաւիրելու եւ «չորսօրեայ խիստ յագեցած օրակարգի ընթացքում անհոգնել ուղեկցելու համար»։

«Սփիւռքում ունենք հազարաւոր հայրենակիցներ, որոնք հզօր մարդիկ են դարձել իրենց միջավայրերում, բայց նրանք էլ աւելի կը հզօրանան եւ Հայրենիքն էլ կը հզօրացնեն, երբ Երեւանը դառնայ նրանց մշտական բնակութեան հասցէն, իսկ աշխարհի մնացած բոլոր քաղաքները՝ բիզնեսների եւ արձակուրդների ուղղութիւններ։ Սա մի երազանք է՝ որ անթաքոյց տեսանելի է նրանց աչքերում։ Ուզում եմ իմ անունից հաւատացնել, որ այդ երազանքը փոխադարձ է»,- նշել է վարչապետի տիկինը:

Սակայն յիշեալ գործիչների հանդէպ Աննա Յակոբեանի հիացմունքը չեն կիսում բազմահազար մեր հայրենակիցներ՝ Սփիւռքում ու հայրենիքում. Սամսոն Օզարարատը եւ նրա սատելիտները չունեն վստահութիւն՝ հաշւի առնելով ակնյայտ թրքամէտ կեցւածքը:

Ծնունդով Քոնիայից Օզարարատը յայտնի է 1990-ական թւականներից հայ-թուրքական մերձեցմանն ուղղւած իր գործունէութեամբ: Այժմ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող եւ ըստ լրատւամիջոցների՝ մասոնական կառոյցների հետ սերտ կապեր ունեցող Օզարարատը ժամանակին նաեւ զբաղեցրել է Սեւծովեան տնտեսական համագործակցութիւն կազմակերպութեան գործադիր կոմիտէում Հայաստանի ներկայացուցչի պաշտօնը:

Ի դէպ, 2021 թ․ մարտին Սամսոն Օզարարատը Երեւանում էր եղել․ լրատւամիջոցները ֆիքսել էին Օզարարատի եւ նախկին ՀՀՇ-ական եւ այժմ՝ իմքայլական պատգամաւոր Յովհաննէս Իգիթեանի հանդիպումը։

Յիշեցնենք, որ հէնց Սամսոն Օզարարատն էր փետրւարին Ֆրանսիայում ընդունել Զարեհ Սինանեանին, երբ Փարիզի սփիւռքահայ աւանդական կազմակերպութիւնները «բացայայտել էին» յանձնակատարի բուն առաքելութիւնը․ Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդը (CCAF) յայտարարութիւն էր տարածել՝ համոզում յայտնելով, որ սփիւռքի գերագոյն յանձնակատարը Ֆրանսիա է եկել հայ համայնքը պառակտելու համար՝ «փորձելով առաջ մղել փոքր խմբեր, որոնք հանդիսանում են CCAF-ի այլընտրանքը»:

Ֆրանսիայի հայկական ընկերութեան (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը 168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով Սփիւռքի գլխաւոր յանձնակատարի հերթական այցին՝ վերահաստատեց՝ Զարեհ Սինանեանի առաքելութիւնը Սփիւռքը պառակտելն է եւ ՀՀ այսօրւայ իշխանութիւններին՝ Փաշինեանին համակիր կազմակերպութիւններ ստեղծելը։

«Մենք գիտենք, որ Սփիւռքն անկախ է, եւ տասնեակ տարիներ ի վեր յաջողութեամբ աշխատանք է տանում՝ ի նպաստ Հայաստանի ու Արցախի։ Ինչո՞ւ փորձել պառակտել Սփիւռքը, տկարացնել այն, երբ գիտենք, որ Հայաստանի ու Արցախի միակ հարստութիւնները Սփիւռքն է․ դժբախտաբար, երկիրը չունի նաւթ, ծով չունի՝ տնտեսութիւնը զարգացնելու համար, եւ միակ հարստութիւնը Սփիւռքն է»,- զարմանքով արձագանքեց Մուրադ Փափազեանը։

Իսկ Նիցցա այցը, ըստ ֆրանսահայ գործչի, Զարեհ Սինանեանի կողմից փորձ էր Աննա Յակոբեանի օժանդակութեամբ կանխելու հերթական ձախողումը։ Այդուհանդերձ, ըստ Փափազեանի, այս հանգամանքը եւս չի «փրկել» Սինանեանին։

«Այս այցելութիւնը եւս շատ աղքատ է եղել․ գնացել են Նիցցա՝ ընկերակցելու Սամսոն Օզարարատին եւ Գրիգոր Աժդերհանեանին, որոնք ուղղակի Թուրքիայի հետ յարաբերութիւններ են վարում այսօր, որոնք ուղղակի թրքամէտ շրջանակների հետ կապերի մէջ են»,- նկատեց նա։

Մեր հարցին՝ հաշւի առնելով յիշեալ գործիչների եւ մասնաւորապէս Սամսոն Օզարարատի՝ Թուրքիայի հետ կապերը, արդեօ՞ք կարող ենք ենթադրել, որ նրանք այսօր ձեռնտու են ՀՀ գործող իշխանութիւնների խաղաղութեան օրակարգերին եւ ինչ-որ առումով գուցէ «միջնորդնե՞ր», մեր զրուցակիցը պատասխանեց․

«Չեմ կարող հաստատել, բայց Օզարարատն ինձ է պատմել իր անցեալը․ նա ասել է, որ որբ է եղել եւ աճել է Թուրքիայում՝ շնորհիւ թուրքական կառավարութեան։ Պատմել է, որ Թուրքիայի լաւագոյն դպրոցներում է ուսանել՝ թուրքական կառավարութեան ներդրումով եւ օժանդակութեամբ։ Գիտենք նաեւ, որ նա շատ մտերիմ է Թուրքիայի ծայրաhեղ աջերի հետ, որ ժամանակին հէնց նա է կապ հաստատել Թուրքիայի եւ Լեւոն Տէր-Պետրոսեանի կառավարութեան միջեւ։

Նա ինձ առաջարկել է իր հետ տանել Թուրքիա․ երբ 2009 թ․-ին մենք այդ Ֆուտբոլային դիւանագիտութեան դէմ էինք աշխատում, որպէսզի հայ-թուրքական յարաբերութիւնները չստեղծւէին այն գաղափարաբանութեամբ: Թուրքիան, հասկանալով, որ Սփիւռքը խանգարում է, առաջարկել էր Օզարարատին՝ ինձ հետ յարաբերութիւնների մէջ մտնել եւ Թուրքիա տանել, որպէսզի այդ կապերը ստեղծւեն։ Անշուշտ՝ մերժել եմ, որովհետեւ այն համոզումն ունեմ, որ Թուրքիան խաղաղութիւն չի ուզում Հայաստանի հետ․ Թուրքիան ցանկանում է իր ձեռքը դնել Հայաստանի վրայ, շարունակել 1915թ․ իր քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ։

Ով կարծում է, որ յարաբերութիւններ հաստատելով, սահման բացելով, առեւտրական եւ դիւանագիտական յարաբերութիւնների մէջ մտնելով՝ կարող ենք խաղաղութեան գալ, սխալւում են։ Այսօր Թուրքիան ուղղակի ցանկանում է օգտւել այն քաղաքական կոնտեքստից, որ տիրում է Հայաստանում, եւ հաստատելով յարաբերութիւններ՝ գնել ՀՀ տնտեսութիւնը, ինչը Թուրքիայի համար շատ հեշտ կը լինի, ու վաղը Հայաստանի ժողովուրդը պէտք է աշխատի թուրքական ընկերութիւնների համար։ Այս կոնտեքստի մէջ, այո, կան անձեր, որ բանալի անձեր են․ չգիտեմ՝ արդեօ՞ք այսօր Օզարարատը այդ բանալի անձերից է, բայց հաւանականութիւն կայ»։

Ի դէպ, մամուլում բազմիցս է գրւել, որ Թուրքիայում ծնւած եւ այնուհետեւ Ֆրանսիա տեղափոխւած Սամսոն Օզարարատը 1993-ին կազմակերպել էր Հայաստանի այն ժամանակւայ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդ Ալփարսլան Թուրքէշի փարիզեան հանդիպումը։ Սամսոն Օզարարատը նաեւ պատմել էր, որ Թիւրքէշն այդ ժամանակ յայտարարել էր՝ եթէ յարաբերութիւններ ստեղծւի, Թուրքիան Հայաստանին կը տրամադրի Թուրքիայի ցամաքային եւ ծովային ճանապարհները, կիրականացնի Տրանս-կովկասեան աւտոմայրուղին։ Աւտոմայրուղու հետ մէկտեղ՝ պէտք է աւելացւէր երկաթգիծ, գազատար ու նաւթամուղ, եւ պէտք է զարգանար սահմանային առեւտուրը։

Սամսոն Օզարարատը Գրիգոր Աժդերհանեանի հետ մեծ դերակատարում էին ունեցել տարիներ առաջ Նիցցայի հայ համայնքում ներհամայնքային եւ հայկական եկեղեցու շուրջ հրահրւած խժդժութիւններին: «Հէնց նրանք են խնդիրներ առաջացնում Նիցցայի հայ համայնքում»,- ժամանակին գրել էր «Հրապարակը»:

Նշենք նաեւ, որ Օզարարատի անունը կապւում է Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» (Grand Orient de France) մասոնական օթեակի հետ:

Ֆրանսիայի հայկական ընկերութեան (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը մեզ հետ զրոյցում ցաւով արձանագրեց, որ 2018 թ․-ից ի վեր՝ Փաշինեանի կառավարութեան համար յստակ է ճանապարհային քարտէզը, որը Հայաստանը չի տանում հզօրացման։

«Նիկոլ Փաշինեանի նպատակը Հայաստանը տկարացնելն է։ Ընտրելով արեւմտեան թեւը՝ Նիկոլ Փաշինեանը լուրջ վտանգի տակ է դրել Հայաստանը եւ Արցախը։

Ես վստահ եմ՝ընդհանուր ծրագիրն այն է, որ համաձայնութիւն կազմակերպւէր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որպէսզի արեւմտեան ուժերը հաստատւեն Հայաստանում, դուրս հանեն Հայաստանը ռուսական ազդեցութիւնից, որպէսզի ազատ շուկայ եւ բիզնեսի լայն խաւ հաստատւի Հայաստանում, ընկերութիւնները հաստատւեն, եւ որպէսզի նաեւ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կապն ամրապնդւի։

Սիւնիքի այդ ճանապահը պանթուրքիզմի ճանապարհն է՝ ոչ միայն քաղաքական պանթուրքիզմի, այլեւ՝ տնտեսական։ Գիտենք, որ պատմականօրէն Հայաստանը խանգարել է այդ պանթուրքիզմի հայեցակարգին՝ իր գոյութեամբ»,- շեշտեց նա՝ նկատելով, որ այդպիսով հարցականի տակ է դրւելու Հայաստանի պետականութիւնը։

Սփիւռքահայ գործիչը հէնց այս համատեքստում յիշեցրեց նաեւ Նիկոլ Փաշինեանի նախընտրական՝ «ապագայ կայ, կայ ապագայ» խոստումը՝ արձանագրելով, որ դա մեր ապագան չէ իրականում․

«Ես կասկածում եմ, որ Հայաստանի ժողովրդի ընտրած ապագան է սա, եւ Հայաստանի ժողովուրդն ուզում է այս պայմաններում ապրել ու այս պայմանները թողնել իր երեխաների համար»։

Ի պատասխան մեր վերջին հարցադրումին, թէ ի՞նչ պէտք է անել, որպէսզի այդ ապագան չսպառնայ Հայաստանին՝ Մուրադ Փափազեանը նշեց․

«Պէտք է վստահել Դիմադրութեան շարժմանը, պէտք է վստահել ընդդիմութեանը, պէտք է Հայաստանի ժողովուրդն իջնի փողոց, բողոքի, որպէսզի Փաշինեանը ստիպւած լինի հրաժարական տալ, եւ գա պրոֆեսիոնալների կառավարութիւն, որպէսզի կարողանան Հայաստանը դնել ոչ միայն խաղաղութեան ճանապարհի վրայ, այլ արժանապատիւ խաղաղութեան։

Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը չի կարողանում ապահովել ՀՀ անվտանգութիւնը, խաղաղութիւնը, տնտեսական զարգացումը, ժողովրդավարական զարգացումը։ Ժամանակն է, որ Հայաստանի ժողովուրդն արթնանայ, որպէսզի ուշ չլինի։ Մենք ասում ենք՝ Արցախ, Արցախ․ սա Հայաստանի համար է, որովհետեւ Արցախը Հայաստանի վահանն է, եթէ Արցախը բոլորովին ընկնի, Հայաստանը կընկնի»։

Նա յոյս յայտնեց, որ այդ արթնացումի ականատեսը կը լինի․ «Ես վստահում եմ Հայաստանի ժողովրդին»։

 

Զարուհի Դիլանեան

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/political/armenia/item/76512-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD,-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId9bc7217514

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։