Հա

Քաղաքական

04/07/2022 - 14:05

«Ո՛ր դէպքում հասարակութիւնը կընտրի նոր իշխանութիւն». Վահէ Յովհաննիսեան

ԱԺ-ում վերջին զարգացումները նոր իրավիճակ են ստեղծել։ Իշխանութեան նեարդերը տեղի տւեցին։ Փորձի պակասի եւ որոշումների կայացման անոմալ մեխանիզմի հետեւանքն էր։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը:

«alikonline.ir» - ԱԺ-ում վերջին զարգացումները նոր իրավիճակ են ստեղծել։ Իշխանութեան նեարդերը տեղի տւեցին։ Փորձի պակասի եւ որոշումների կայացման անոմալ մեխանիզմի հետեւանքն էր։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը:

Նա նաեւ նշել է.

«Փողոցային ակցիաների ինտենսիւութեան անկումը համարւեց ճիշտ պահ՝ ԱԺ-ում ընդդիմութեանը պաշտօններից զրկելու համար։ Սա ոչ միայն անիմաստ էր՝ որպէս քաղաքական քայլ, այլեւ ստեղծեց խորհրդարանական ճգնաժամ։ Իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրներում դա հանգուցալուծւում է նոր խորհրդարանի ձեւաւորմամբ։

Կան գործիչներ, որ վայր են դրել մանդատները, եւ դա նոյնպէս նոր իրավիճակ է ստեղծում։ Ամէն ինչ վկայում է այն մասին, որ այս խորհրդարանը սպառւել է, մտել է մարման փուլ։

Բայց սա ամենեւին չի ենթադրում, որ զարգացումներն արդէն յստակ են։

Կայ երկու գործօն, որոնք էական ազդեցութիւն կարող են թողնել զարգացումների վրայ. ընդդիմութիւն եւ արտաքին վտանգ։

Ընդդիմութիւն

Իշխանութիւնը սխալւեց՝ ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ։ Իշխանութիւնը չունի լուրջ սոցիալական յենարան, հանրային գիտակցութեան մէջ այն մերժւած է։ Բայց սա մեխանիկօրէն չի ենթադրում ընդդիմութեան յաջողութիւն, ամենեւին։

Եթէ ընդդիմութիւնը կարողանայ օգտւել իշխանութեան սխալից (սխալներից) եւ հանրային լուրջ դժգոհութիւններից, ապա նոր իշխանութեան ձեւաւորումը տեխնիկայի հարց է։ Բայց դրա համար ընդդիմութիւնը պէտք է անի խոր հետեւութիւններ, ենթարկւի խորքային վերափոխումների՝ բովանդակային եւ կառուցւածքային։

Ի վերջոյ, կայ յստակ հարց. եթէ իրավիճակը բերի արտահերթ ընտրութիւնների, պատրա՞ստ են արդեօք ընդդիմադիր միտքը, ընդդիմադիր համակարգը այդ արագ արտահերթ ընտրութիւններին։ Կարծում եմ՝ ոչ։ Սա ցաւոտ հարց է, բայց միւս կարեւոր հարցերի պատասխանները գտնւում են այստեղ։

Կարո՞ղ է մերժւած իշխանութիւնը մնալ իշխանութեան. ցաւօք, այո։ Այն կը մնայ իշխանութեան այնքան ժամանակ, քանի դեռ չի ձեւաւորել սոլիդ այլընտրանքային ուժ կամ ուժեր, հիմնւած ոչ թէ լոկ հակաթուրքականութեան վրայ կամ քւոտաւորւած «հարթակի», այլ այնպիսիք, որոնք կառաջարկեն Հայաստանի յետպատերազմեան զարգացման հեռանկարը՝ հիմնւած արժանապատւութեան եւ պրագմատիզմի, տարածաշրջանային եւ միջազգային նոր իրողութիւնների վրայ։ Իշխանութիւնը կը փոխւի այն ժամանակ, երբ հասարակութիւնը կը տեսնի այն ուժին կամ ուժերին, որին չի վախենայ իշխանութիւն տալ։ Սա շատ կարեւոր պահ է. ապաքաղաքական հասարակութիւնը կարող է մերժել իշխանութեանը, բայց կը հեռացնի նրան միայն այն դէպքում, երբ նոր եկողից վտանգ, արկածախնդրութիւն չի տեսնի, այլ տեսնի լրիւ հակառակը՝ կայունութեան, խաղաղութեան, զարգացման հեռանկար։

Արտաքին վտանգ. սպասելի-անակնկալ

Հայաստանն այսօր ինքնահոսի մատնւած կիսապետութիւն է, որի ճակատագիրը որոշում են այլ պետութիւններ։ Այդ պետութիւններից իւրաքանչիւրի խնդիրները մէկ օրում կարող են փոխել փխրուն բալանսը, որը շատ արագ կարտայայտւի Հայաստանի անպաշտպան սահմանների վրայ։ Սա կը լինի սպասելի-անակնկալ արտաքին ռիսկ, որը Հայաստանում ամէն ինչ կարող է մէկ օրում տակնուվրայ անել։ Նաեւ այս սցենարի համար է շատ կարեւոր ունենալ ոչ իշխանական սոլիդ ինստիտուտներ, կայացած միաւորներ։ Սա գործ է, որ պէտք է այսօր արւի. չանելը նշանակում է կա´մ չհասկանալ իրականութիւնը, կա´մ հետապնդել լրիւ այլ շահեր»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։