Հա

Քաղաքական

05/07/2022 - 13:50

«Հայոց պետականութիւնը դիւահարի ճիրաններում»․ Ռուբէն Յակոբեան

Իմ համոզմունքն է, որ 44-օրեայ պատերազմը սադրեց Նիկոլ Փաշինեանը 2019թ. օգոստոսի 5-ի հանրահաւաքում յայտարարելով՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» պահանջատիրական կարգախօսը (Ստեփանակերտ)։ Հաշւած օրերի ընթացքում այս չափազանց վտանգաւոր ու սադրիչ յայտարարութիւնը թուրք-ադրբեջանական տանդեմի շնորհիւ յայտնւեց միջազգային բոլոր կառոյցների սեղաններին։  

«alikonline.ir» - Ռուբէն Յակոբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Իմ համոզմունքն է, որ 44-օրեայ պատերազմը սադրեց Նիկոլ Փաշինեանը 2019թ. օգոստոսի 5-ի հանրահաւաքում յայտարարելով՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» պահանջատիրական կարգախօսը (Ստեփանակերտ)։ Հաշւած օրերի ընթացքում այս չափազանց վտանգաւոր ու սադրիչ յայտարարութիւնը թուրք-ադրբեջանական տանդեմի շնորհիւ յայտնւեց միջազգային բոլոր կառոյցների սեղաններին։ Յիշում եմ, թէ ինչպէս էր այդ օրերին Բրիւսէլում ադրբեջանական դիւանագէտներից մէկը բաւականին փաստարկւած եւ համոզիչ բացատրում, որ հակամարտութեան լուծումը իրենք տեսնում էին Մինսկի խմբի՝ Տարածքային անձռնմխելութեան եւ Ազգերի ինքնորոշման իրաւունքի ու առանց ուժի կիրառման՝ միջազգայնօրէն ընդունւած սկզբունքների շրջանակներում։ Բայց Հայաստանի ղեկավարի այդ յայտարարութիւնը բացայայտեց, որ Արցախի հարցը Հայաստանի համար Ադրբեջանի նկատմամբ հողային պահանջ է եւ՝ վե՛րջ։ Թշնամին շահարկո՞ւմ էր յայտարարութիւնը... Իհարկէ՛... Միայն յիմա՛րը չէր օգտւի այսպիսի նւէր-«յոխորտանքից»։ Անցած երեսուն տարիների ընթացքում մեր դիւանագիտութիւնը միջազգային հարթակներում արցախեան հակամարտութեան լուծումը իրապէս դիտարկել է Տարածքային անձեռնմխելիութեան, Ազգերի ինքնորոշման իրաւունքի ու ուժի բացառման համտեքստում։ Բայց պարզւեց, որ դիւանագիտութեան լեզուն չեն ընկալում միայն քայլարածները, այս դէպքում՝ ամենաքայլարածը...

Ընտրողներ չկորցնելու մարմանջով տառապող իշխանատենչ դիւահարի այս յայտարութիւնը միջազգային կառոյցների, այդ թւում նաեւ Մինսկի խմբի մօտ լեգիտիմացրեց թշնամու կողմից ուժի կիրառումամբ հակամարտութիւնը լուծելու հարցը, ինչին, Կազանում 2011թ. յայտնի փաստաթուղթը ստորագրելուց հրաժարւելուց յետոյ, անթաքոյց նախապատրաստւում էր թուրք-ադրբեջանական այլանսը։

Ադրբեջանի համար արցախեան հակամարտութեան հարցը գործնականում լուծւած է վերջնականապէս եւ միջազգային կառոյցների ծափողջոյնների ուղեկցութեամբ նա այսօր տօնում է իր յաղթանակը։ Ալիեւը Բրիւսէլում նոյնիսկ կարողացաւ Շառլ Միշէլին համոզել/պարտադրել, որ իրենց հանդիպմանը յաջորդող յայտարարութեան մէջ «Լեռնային Ղարաբաղ» եզրոյթը տեղ չգտնի։ Միջազգային կառոյցների ու դաշնակիցների նկատմամբ անվստահելի պահւածքի արդիւնքում Հայաստանը դարձաւ լուսանցքային, մեկուսացւած ու երբեմնի գրաւչութիւնը կորցրած եւ պարբերաբար դաւաճանող անբարոյ կնոջ հոմանիշ։ Մեր դիւանագիտութեան բացառիկ տգիտութեան պատճառով ամբողջ աշխարհին գործնականում հանեցինք մեր դէմ կամ, առնւազն, վանեցինք մեզանից՝ դառնալով գերտէրութիւնների ձեռքին անխնայ օգտագործւող խաղալիք։ Տարածաշրջանում մեգապոլիսներն ամենօրեայ ռեժիմով իրենց աշխարհաքաղաքական շահերն են պարտադրում, համադրում ու լուծում՝ ի հաշիւ Հայաստանի ու մեր պետականութեան։ Իսկ մենք չարութեամբ, տգիտութեամբ, իշխանատենչութեամբ ու սրբապղծութեամբ պրկւած վիժւածքին մեր իսկ ձեռքերով մտցրել ենք մեր սեփական աչքն ու կուրօրէն փորձում ենք դաշնակիցների շրջանում դաւաճաններ փնտրել... Իմպոտենտին ու պարազիտոսին յատուկ պահւածք ու հոգեվիճակ...

Այսօր էլ դիւահարը թշնամու ստամոքսով ու որովայնով հիւսիսից եւ հարաւից կուլ է տալիս Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը։ Կրկնում եմ՝ թշնամին իր համար վերջնականապէս լուծել է Արցախի հարցը, ինչքան էլ մենք հրապարակներում վանկարկերք՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մեծ թուրանի ամբողջացման ծրագրին արդէն խանգարում է Հայաստանը, ում կոկորդից մերօրեայ պետրոս գետադարձի ժանիքներով բռնել է թշնամին։

Ալիեւը յոխորտում է, որ եթէ Նիկոլ Փաշինեանը «խաթրով» չյանձնի Զանգեզուրի միջանցքը, ինչպէս խոստացել է, ապա պատերազմի միջոցով կը տիրանայ միջանցքին։ Տառապանքի փորձով լուրջ մտահոգութիւն ունեմ, որ մի քանի հազար զինւոր գլխատելուց ու միջանցքը յանձնելուց յետոյ ԱԺ ամբոիոնից դահիճը նորից կարող է յայտարարել, որ այս նոյն պատկերը կարող էինք ունենալ նաեւ առանց զոհերի, բայց այդ դէպքում իրեն կը յայտարարէին դաւաճան, ինչը կը սպառնար իր իշխանութեանը։

Կարծում եմ բնական հարց կառաջանայ՝ ի՞նչ անել... Ինչպէ՞ս կանգնեցնել պետութեան սրընթաց գահավիժումը... Հազարերորդ անգամ կրկնում եմ՝ ամէն գնով, առաւել եւս, որ իշխանութիւնը զաւթելուց, պահելուց ու մեր պետութեան գույութիւնը հարցականի տակ դնելուց ինքը ցոյց է տւել այդ ճանապարհները։ Ոմանք սովորութեան համաձան հաշիւ կը պահանջեն՝ բա սահմանադրական նորմե՞րը...

Յ.Գ. Հա՛, ի դէպ, յիշո՞ւմ էք, թէ ժողովրդի վզին դրած ինչ աննախադէպ կեղծիքներով 95-ի այս օրը «ընդունւեց» Սահմանադրութիւնը...

...Ես յիշում եմ...»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։