Հա

Քաղաքական

12/07/2022 - 13:50

«Ո՞վ է տէրը մեր երկրի». Վահէ Յովհաննիսեան

Մենք չենք նկատում, բայց երկիրը լրիւ անտէր է. Բոլոր պրոցեսները թողնւած են ինքնահոսի։ Հանրային տրամադրութիւններն անտէր են։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը: 

«alikonline.ir» - Մենք չենք նկատում, բայց երկիրը լրիւ անտէր է. Բոլոր պրոցեսները թողնւած են ինքնահոսի։ Հանրային տրամադրութիւններն անտէր են։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Մի ամբողջ պետութիւն չունի որեւէ նպատակ, ձեւակերպւած խնդիրներ։ Արտաքին, ներքին, տնտեսական որեւէ քաղաքականութիւն չկայ։ Հակաիշխանական տրամադրութիւններն էլ են անտէր։ Մտահոգութիւնն ու գրագէտ միտքը՝ առաւել եւս։ Նոյնիսկ Էրդողանի հետ հեռախօսազրոյցն է անտէր։

Հանրային, զանգւածային սոցիալական օրակարգերն անտէր են. ոչ ոք չի սպասարկում դրանք։

Նիկոլն ապրում է միայն իրեն յայտնի օրակարգով։ Մեր մասին, մեր հաշւին, բայց՝ առանց մեզ։

Իշխանութիւնը վայելում է կեանքը՝ քէֆեր, համերգներ, շրջագայութիւններ՝ մոռացութեան տալով իրենց օրօք կատարւածը, տարածքները, սահմանները, պետութեան միւս խնդիրները։ Հէնց հակառակւում ես, ասում են՝ ժողովուրդը մեզ է ձայն տւել։

Բիզնես էլիտան քէֆերի մէջ է՝ միլիոնաւոր դոլարներ ծախսելով։ Հէնց առարկում ես, ասում են՝ հարկ ենք տալիս, բիզնես ենք անում, մնացածը ինչ կուզենք կանենք։ Ու չկայ իշխանութիւն, որը կասի, որ, հարկերից բացի, Հայաստանի նման պետութիւններն ունենում են չգրւած օրէնքներ, բարոյական նորմեր, համակեցութեան կանոններ։ Որ տասնեակ հազարաւոր ընտանիքներ ունեն ապրելու սուր խնդիր, կայ Եռաբլուր, որ կան թանկ բուժման կարիք ունեցող հարիւրաւոր տղերք։ Երկրում լինէր ուրիշ մթնոլորտ՝ նրանց վարքագիծն էլ ուրիշ կը լինէր։

Զուգահեռ կեանքում դեռեւս կայ դիահերձարաններում տղայ, եղբայր ու ամուսին փնտրող մեր հայրենակիցների մի մեծ թիւ, կայ անհետ կորածների մի մեծ անւանացանկ, կան մինչ օրս Բաքւի բանտերում պահւող տղերք. ի՞նչ էք ուզում ասել ձեր ցուցադրական ճոխութիւններով, որ թքա՞ծ ունէք մեր բոլորի վրայ, այդ մարդկանց վրայ։

Երեւանեան թանկ համերգների առաջին շարքերում իշխանութեան դէմքերն են կամ տոմսի համար մի քանի հարիւր հազար վճարածները։ Առարկես՝ կասեն՝ կեանքը շարունակւում է, լաւ ենք անում։ Իհարկէ, կեանքը պէտք է շարունակւի, բայց ցուցադրաբար թռվռացողներից քանի՞սն է մտածել, թէ այս պահին կոմայի մէջ գտնւող քանի´ զինւոր ունենք, քանի՝ ապրելու-չապրելու սահմանին վիրաւոր, քանի հազար՝ յետպատերազմեան մարդկային աջակցութեան կարիք ունեցող ընտանիքներ։

Թռվռալուց առաջ կազմակերպե՞լ էք պատերազմի մասնակիցների, վիրաւորների, նրանց ընտանիքների անվճար մասնակցութիւնն այդ համերգներին, թէ՞ անցաւ-գնաց։

Ամառային Երեւանը հեղեղւած է մօտիկ ու հեռաւոր սփիւռքի հայերով, որոնց համար Հայաստանը ուրախ-համով ռեստորանային հարթակ է։

Ամբողջական հանրային շերտեր անտարբեր են Արցախի կորստի, Սիւնիքի, պետականութեան, բոլոր կորուստների, իշխանութեան, ընդդիմութեան հանդէպ։ Ամէն ընդհանուրի, հանրայինի, համապետականի հանդէպ անտարբեր են։ Առարկես՝ կասեն՝ մենք քաղաքականութեամբ չենք «զբաղւում», մեզ քաղաքականութիւնը հետաքրքիր չէ։ Ու իրենք վստահ են, որ իրենք են ճիշտ։

Ստացւում է, որ բոլորը ճիշտ են, բայց պետութիւնը մեռնում է։ Վերջը ո՞վ է տէրը այս երկրի։

Այս հարցի պատասխանն իրականում բարդ չէ. շատ ժողովուրդներ են անցել սրա միջով։

Երկրի տէրը որեւէ անհատ չէ, փնտրւող լիդեր կամ քաղաքական թիմ  չէ։ Երկրի տէրը հաւաքական գիտակցութիւնն է՝ այլ արժէքների, այլ պատկերացումների, այլ խաղի կանոնի գերիշխումը։ Մի օր, երբ կը զտւի սոլիդ մի միաւոր, հանրային հոսանք, որը կը դնի նոր գաղափարներ, համակեցութեան նոր կանոններ, խաղի կանոններ, կը պարզւի, որ շատ-շատերն են սիրում երկիրը ու շատ-շատերն են լաւ քաղաքացի, լաւ սփիւռքահայ, լաւ մեծահարուստ։ Իսկ առայժմ ինքնահոս է՝ ինքնահոս դեգրադացիա։

Մենք հիմա անտէր ֆուտբոլի գնդակի նման ենք՝ հարեւան պետութիւնների դաշտում՝ սպասելով մեր մասին վերջնական որոշմանը։ Եթէ մենք տէր չկանգնեցինք մեր երկրին, նոր տէրը գալու է դրսից։

Սա չափազանցութիւն չէ. սա Հայաստանի հաւանական սցենարներից մէկն է։ Բայց սրա հակադիր գաղափարը պարզունակ հակաթուրքականութիւնը չէ, «դէմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը» իրականութիւնից կտրւած ֆրազը չէ, հարեւանների հետ երկխօսութեան բացառումը չէ։

Ուզում ենք ապագայ ունենալ, չթուրքանալ եւ չգետտոյանալ, չվերածւել անհեռանկար կենցաղային զանգւածի, ուրեմն պէտք է տէր կանգնել երկրին՝ իր բոլոր աղէտներով, իրողութիւններով, դժւարութիւններով հանդերձ։ Պէտք է տիրոջ գիտակցումով ընդունել իրականութիւնը եւ սկսել կառուցել ժամանակակից պետութիւն։ Դրա համար անհրաժեշտ հիմնական ռեսուրսները կան։ Ինչպէս նաեւ՝ խանգարող»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։