Հա

Քաղաքական

13/07/2022 - 14:10

«Հայաստանի ընդդիմութեանն ուղղւած սպառնալիքները վկայում են Ադրբեջանի վախերի մասին». Գառնիկ Դաւթեան

«Առաջինն այն է, որ ադրբեջանական կողմն իր լաւագոյն գործընկեր Նիկոլ Փաշինեանի հետ կարողանում է ռեալիզացնել Ադրբեջանի պատմական կամ քաղաքական գերնպատակների մի մասը, միւս մասին կը կարողանայ հասնել ժամանակի եւ քաղաքական վերադասաւորումների, ժամանակաւոր եւ տեւական ճնշումների արդիւնքում, օրինակ՝ Արցախից հրաժարում, Հայաստանի որոշ տարածքների զիջում խաղաղութեան օրակարգի տրամաբանութեան ներքոյ»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Գ․ Դաւթեանը։

«alikonline.ir» - «Հայաստանի ռեւանշիստական փորձերը վճռականօրէն կը կասեցւեն»,- օրեր առաջ Հայաստանի ու յատկապէս ընդդիմութեան հասցէին հերթական սպառնալիքն է հնչել Ադրբեջանից՝ այս անգամ անվտանգութեան ծառայութեան ղեկավար գեներալ-գնդապետ Ալի Նաղիեւի շուրթերով:

Նա յայտարարել է, որ Արցախեան երրորդ պատերազմից յետոյ յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ Ադրբեջանի նախաձեռնած «վճռական քայլերին», պետութեան ղեկավարի «խաղաղութեան կոչերին» ի պատասխան՝ «հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումը, անհիմն յաւակնութիւնները եւ յայտարարութիւնները գնահատւում են որպէս գործօն, որը կարող է ազդել տարածաշրջանի հետագայ անվտանգութեան վրայ։

Իլհամ Ալիեւն էլ յունիսի 27-ին էր Ադրբեջանի կողմից օկուպացւած Քարվաճառում սպառնացել, որ՝ եթէ Հայաստանը սահմանների որոշման հարցում կրկին փորձի ժամանակ ձգել, ապա կը զղջայ, քանի որ ուշադիր հետեւում ենք Հայաստանում գլուխ բարձրացնող ռեւանշիստական ուժերին։

Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը յուլիսի սկզբին հրամայել է զինւորականներին «պատրաստ լինել ցանկացած պահի կանխելու հայկական ռեւանշիստական ուժերի սադրանքները»։

Թուրքիան նոյնպէս անմասն չէ Հայաստանի հասցէին հնչող սպառնալիքներից: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն յայտարարել է, որ Հայաստանում ներքաղաքական ճնշումները թոյլ չեն տալիս ՀՀ իշխանութեանը «համարձակ քայլեր ձեռնարկել կարգաւորման ուղղութեամբ»:

ՀՀ անվտանգութեան եւ ինքնիշխանութեան դէմ ակնյայտ սպառնալիք պարունակող յայտարարութիւնները եւ միջամտութիւնը ՀՀ ներքին գործերին, ինչպէս միշտ, անպատասխան են մնում ՀՀ գործող իշխանութեան կողմից։

Ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում սպառնալ Հայաստանին, չէ՞ որ Հայաստանի իշխանութիւնը պարտաւորւել է առաջ տանել հակահայկական օրակարգը եւ ստորագրել խաղաղութեան պայմանագիր: Եւ ինչո՞ւ այդ օրակարգով առաջնորդւող Հայաստանի իշխանութիւնները չեն պատասխանում պարբերաբար հնչող սպառնալիքներին:

Ադրբեջանի հարցերով փորձագէտ Գառնիկ Դաւթեանի խօսքով՝ Հայաստանի եւ հայկական ընդդիմութեան դէմ արւող սպառնալից յայտարարութիւններն ունեն երկու հիմնական տրամաբանական բացատրութիւն:

«Առաջինն այն է, որ ադրբեջանական կողմն իր լաւագոյն գործընկեր Նիկոլ Փաշինեանի հետ կարողանում է ռեալիզացնել Ադրբեջանի պատմական կամ քաղաքական գերնպատակների մի մասը, միւս մասին կը կարողանայ հասնել ժամանակի եւ քաղաքական վերադասաւորումների, ժամանակաւոր եւ տեւական ճնշումների արդիւնքում, օրինակ՝ Արցախից հրաժարում, Հայաստանի որոշ տարածքների զիջում խաղաղութեան օրակարգի տրամաբանութեան ներքոյ»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Գ․ Դաւթեանը։

Նրա խօսքով, ադրբեջանական կողմը՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինեանը չի կարող յաւերժ ղեկավարել, ունի պատմական հնարաւորութիւն, ի դէմս Նիկոլ Փաշինեանի՝ հասնելու իր նպատակներին: Հայկական կողմը խօսում է աւելի իրատեսական օրակարգի մասին եւ նշում, որ Ադրբեջանի հետ խաղաղութիւն հնարաւոր չէ, նաեւ արձանագրում է, որ կայ խորացած հայատեացութիւն, հայերին կոտորելու եւ տարածքից քշելու պետական քարոզ եւ քաղաքականութիւն, որ պատերազմից յետոյ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ իր պահանջները:

«Ադրբեջանը պարբերաբար պաշտպանում է Նիկոլ Փաշինեանի իշխանութեանը եւ զիջումներ կամ պատերազմ թէզով փորձում է վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանի հասարակութեան մօտ: Մենք լաւ գիտենք, որ Ադրբեջանը երբեք էլ չի ձգտել Հայաստանի հետ խաղաղութեան, իսկ Հայաստանի իշխանութիւնն էլ փորձում է զիջումների գնով հնարաւորինս երկարաձգել սեփական իշխանութիւնը, ծառայել Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական շահերին ընդդէմ Ռուսաստանի, Հայաստանը դարձնել տրանզիտ երկիր, ինչի հիմքերն արդէն տեսանելի են Հայաստան-Թուրքիա վերջին հանդիպման պայմանաւորւածութիւնների համատեքստում»,- արձանագրում է ադրբեջանագէտը:

Անդրադառնալով յատկապէս Հայաստանի ընդդիմութեանն ուղղւած սպառնալիքներին, Գառնիկ Դաւթեանը փաստում է, որ Ադրբեջանի մօտ ռեւանշի վախ կայ:

Ըստ նրա՝ դրա մասին է վկայում ռազմական բիւջէի աւելացումը, զօրքի եւ զինտեխնիկայի համալրումը, պարբերաբար արւող զօրավարժութիւնները:

Գ․ Դաւթեանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինեանի դէմ պայքարող մարդիկ ունեն ներուժ առնւազն Ադրբեջանին դիմագրաւելու, ինչպէս նաեւ արժանի հակահարւած տալու: Հետեւաբար՝ ադրբեջանական կողմն այս ամէնը լաւ հաշւարկելով փորձում է կարճ ժամանակում թուլացնել հակահարւած տւողներին ու նրանց կողմից գեներացւող ուժը: Այդ նպատակով է միայն Ադրբեջանը ձգտում Հայաստանի հետ կնքել խաղաղութեան պայմանագիր, որը միջազգային հանրութեան աչքում լեգիտիմ կը լինի եւ թոյլ չի տայ Հայաստանին հետագայում խօսել իր պատմական ու պետական շահերի մասին:

Գառնիկ Դաւթեանը համոզւած է, որ Ադրբեջանի հետ պատերազմ վաղ թէ ուշ լինելու է, որովհետեւ հարեւանութիւն ու բարեկամութիւն անելու համապատասխան միջավայր այս տարածաշրջանում չկայ, որովհետեւ Ադրբեջանը պարբերաբար մեզ յիշեցնում է իր «երկաթեայ բռունցքի» մասին եւ սպառնում պատժել ազգային օրակարգ առաջ քաշողներին:

 

Աննա Դեմիրճեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։