Բիրմինգհէմից, ուր տեղի էր ունենում ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը, վերադարձել եմ ծանր զգացողութեամբ։ Իհարկէ, մեծ սպասումներով չէի մեկնել, բայց Հայաստանի պարտութիւններից ու շարունակւող վայրէջքներից յետոյ առաջին անգամ բախւեցի միջազգային այդքան լուրջ հարթակում մեր մեկուսացմանը, անհասկացւածութեանն ու, ծանր է խոստովանել՝ Հայաստանի իբրեւ պետականութեան դեւալւացիային։
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր
Բիրմինգհէմից, ուր տեղի էր ունենում ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը, վերադարձել եմ ծանր զգացողութեամբ։ Իհարկէ, մեծ սպասումներով չէի մեկնել, բայց Հայաստանի պարտութիւններից ու շարունակւող վայրէջքներից յետոյ առաջին անգամ բախւեցի միջազգային այդքան լուրջ հարթակում մեր մեկուսացմանը, անհասկացւածութեանն ու, ծանր է խոստովանել՝ Հայաստանի իբրեւ պետականութեան դեւալւացիային։ /Այս խօսքերը գրում եմ անսահման ցաւով/։
Իհարկէ, ոչ մի պատահական բան։ Սա Հայաստանի կողմից վերջին տարիներին վարւող արտաքին քաղաքականութեան, ռազմավարական դաշնակիցների հետ տարւող անհասկանալի, անլուրջ, երկդիմի քաղաքականութեան, աւելի շուտ՝ դրա բացակայութեան, քաղաքական մեծամասնութեան դիլետանտութեան, ազգային շահերը չգիտակցելու եւ ստորադասելու հետեւանքն է։ /Հակւած եմ մտածելու, որ սա նաեւ յանձնառութիւն է․ իշխանութիւն պահելու գին/։
Ցաւօք, սա նաեւ աշխարհաքաղաքական նոր ճարտարապետութեան հետեւանքն է․ աշխարհաքաղաքական նոր միջավայր, ուր Հայաստանը որպէս տարածաշրջանային գործօն չկարողացաւ ճիշտ դիրքւորւել ու շարունակում է իր անղեկ վայէջքը...։
Չկարողացաւ, որովհետեւ ի թիւս վերը նշւած նախապայմանների, Հայաստանը բզկտւել էր նաեւ ներսից։ Հայաստանում տիրող ներազգային պառակտւածութեան սոսկալի մակարդակը, բնականաբար, թուլացրել էր նաեւ մեր պետականութեան եւ հայ հաւաքականութեան իմունիտետը/դիմադրողականութիւնը։
ԵԱՀԿ 29-րդ վեհաժողովն /յուլիսի 1-6, Բիրմիգհէմ/ ամբողջովին սեւեռւած էր ռուս-ուկրայինական հակամարտութեան վրայ։ Բոլոր բանաձեւերն ուղղւած էին Ռուսաստանի դատապարտմանը, քաղաքական եւ տնտեսական սանկցիաների խստացմանը, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետութեան ամրապնդմանը։
Աշխարհն այլեւս նախկինը չի լինելու․ սա շատ յստակ է։
Քաղաքական նպատակայարմարութիւնից ելնելով, նաեւ շարունակելով կրկնակի ստանդարտների քաղաքականութիւնը, ԵԱՀԿ-ն այս անգամ էլ կոյր, խուլ եւ համր ձեւացաւ՝ որեւէ կերպ չանդրադառնալով ահաբեկիչ վարձկանների ներգրաւմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիային, Արցախի խաղաղ բնակչութեան նկատմամբ ֆոսֆորային զէնքերի կիրառմանը, ինքնորոշման իրաւունքին, հայկական մշակութեանին ժառանգութեան ոչնչացմանը, փախստականներին, անգամ գերիների վերադարձին...։
Այս հարցերից եւ ոչ մէկը տեղ չգտաւ ո՛չ Քաղաքական եւ ոչ էլ՝ Մարդու իրաւունքների վերաբերեալ զեկոյցներում եւ բանաձեւերում։
Հայաստանը չկար... չկար, որովհետեւ պաշտօնական Հայաստանի կողմից վարւող «խաղաղութեան» օրակարգը ջնջել, չէզոքացրել է մեր ազգային շահերն ու արժանապատւութիւնը։
Որովհետեւ այսպէս խօսում են պարտւածի հետ, այդպէս են վերաբերւում խաղաղութիւն մուրացողին։ Հայաստանի հեղինակութիւնն ու արժանապատւութիւնն, այնուամենայնիւ, հնարաւոր է վերաանգնել։
Եւ, երբ իմ երկու ելոյթներում շեշտեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով հակամարտութեան կարգաւորման անխուսափելիութեան, Հայաստանի տարածքային ամբողջականութեան խաթարման, Արցախում էթնիկ զտումների հեռանկարը կանխելու, գոյաբանական խնդիրների, հայ գերիների լիակատար ազատման, ինքնորոշման իրաւունքի եւ հումանիտար խնդիրների մասին, ադրբեջանցիներն անմիջապէս արձագանգեցին, որ Արցախեան հակամարտութիւնը լուծւած է, Ադրբեջանը, Հայաստանն ու Շառլ Միշէլը պայմանաւորւել են...
Շատ դժւար է, անգամ անհնար համոզիչ լինելը, երբ զուգահեռաբար, Ֆրանսիայի հարաւներում, Հայաստանի հանրութեան թիկունքում ՀՀ-ի անունից թուրքերի հետ բանակցութիւններ են ընթանում Թուրքիայում ՀՀ հիւպատոսութիւն բացելու առնչութեամբ...
Հայաստանին չյաջողւեց բանաձեւերում ներառել Հայաստանին կամ Արցախին առնչւող որեւէ՝ անգամ հումանիստական լրացում, որոնք վերաբերւում էին ռազմական գերիների անյապաղ վերադարձին, փախստականներին, Շուշիից եւ Հադրութից տեղահանւածների հիմնախնդիրներին, Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեանը։
Եւ ոչ պակաս կարեւոր մի բան՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներ Ադրբեջանն ու Թուրքիան աներեւակայելի կրքով քւէարկում էին Ռուսաստանին դէմ, նրա ռազմաքաղաքական եւ տնտեսական մեկուսացումը կատարեալ դարձնող բոլոր բանաձեւերը։
ԴԱՍԵՐ․
- Մենք անհասկանալի ենք, անգամ՝ ձանձրալի եւ անհետաքրքիր աշխարհին։ «Շատ վատ է» սա էր կարճ զրոյցների ընթացքում ԵԱՀԿ մեր գործընկերների հաւաքական տեսակէտը։ Սա մեր ներքին քաոսացման արձագանգն է, գործօն չլինելու Հայաստանի ներկայ վիճակի հետեւանքը։
- Եւ, այնուամենայնիւ, սա դեռ վերջը չէ։ Հայաստանի հեղինակութիւնն ու արժանապատւութիւնը հնարաւոր է վերականգնել։ Միջազգային բոլոր հարթակներում պէտք է շարունակել աշխատել, կազմակերպւել, ներայացնել Հայաստանի ազգային, պետական շահը։
- Աշխատել ամենօրեայ ռեժիմով, համահայկական տարողութեամբ եւ ներուժով, աշխատել պրոֆեսիոնալ գործիքներով, ազգային, պետական մտածողութիւն ունեցող կադրերով։
- Այդ աշխատանքի հիմքում պէտք է ընկած լինի Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինը, որը Ազգային Անվտանգութեան ռազմավարութեան կարեւորագոյն բաղադրիչը պէտք է լինի։
- Հնարաւոր է յաջողել, եթէ այս խնդիրների շուրջ կայ ազգային համախոհութիւն /կոնսենսուս/ քաղաքական եւ բարոյական լեգիտիմութիւն ունեցող իշխանութիւն։
- Պետականութեան կոլապսի ներկայ պայմաններում, ներազգային պառակտւածութեան, քաղաքական հաշւեյարդարների եւ խորացող բռնատիրութեան ներկայ մակարդակում սա գրեթէ անհնար է։ Հանրութեան մեծ մասը, նաեւ օբիեկտիւ պատճառներով, չի գիտակցում մեր կազմաքանդման խորութիւնը, անվտանգաին, գոյաբանական սպառնալիքները։
- Ազգային գաղափարների շուրջ համախմբումը /կոնսոլիդացիան/ կարող է փրկարար օղակ լինել։ Սրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, քաղաքական անկեղծութիւն, ազգային արժէքային յենարան։
Ունե՞ն այս իշխանութիւններն այս կամքը, Ո՛Չ։
Ժամանակ ունե՞նք, Ո՛Չ։
Կարո՞ղ ենք, Այո՛։ Կարող ենք նոր որակի իշխանութեամբ։