Հա

Քաղաքական

17/07/2022 - 10:30

«Պէտք է համատեղ հանրային ապագայի նախագիծ մշակենք, քանի որ պետութիւնն ընդհանուր է, իսկ Նիկոլը չի գնում»․ Վահէ Յովհաննիսեան

Ներքաղաքական ստատուս-քւօ չկայ, տեղի ունեցողն այլանդակութիւն է։ Երբեմն մեզ թւում է, թէ մենք՝ Հայաստանը, Երեւանը, Ֆրանսիայի հրապարակը, մի այլ մոլորակ են։ Շատ կարեւոր է երբեմն կողքից նայել՝ ինչ է կատարւում, այդ թւում՝ սեփական քայլերին ու արարքներին։ Մեզ մօտ մի վտանգաւոր միտում կայ, երբ նախ թւում է, թէ մենք այլ մոլորակում ենք, յետոյ սթափւում ենք եւ հասկանում, որ որեւէ ռիսկ չի նւազել։

«alikonline.ir» - Ներքաղաքական ստատուս-քւօ չկայ, տեղի ունեցողն այլանդակութիւն է։ Երբեմն մեզ թւում է, թէ մենք՝ Հայաստանը, Երեւանը, Ֆրանսիայի հրապարակը, մի այլ մոլորակ են։ Շատ կարեւոր է երբեմն կողքից նայել՝ ինչ է կատարւում, այդ թւում՝ սեփական քայլերին ու արարքներին։ Մեզ մօտ մի վտանգաւոր միտում կայ, երբ նախ թւում է, թէ մենք այլ մոլորակում ենք, յետոյ սթափւում ենք եւ հասկանում, որ որեւէ ռիսկ չի նւազել։ Ամէն օր լսում ենք թշնամու ձեւակերպումները, տեսնում նրա քայլերը միջազգային հարթակներում, ռազմատեխնիկական լուծումները, նոր զօրամասերի բացումն անմիջապէս մեր դռան շեմին, նրա՝ օր օրի յստակեցւող պահանջների ցանկը եւ ոչ կոմպրոմիսայնութիւնը։ Հիմա նայենք մեզ՝ ինչո՞վ ենք զբաղւած մենք։ Պատերազմից յետոյ մեզ տրւած է անցումային մի ժամանակ, մենք հիմա ապրում ենք այդ անցումային ժամանակում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Վահէ Յովհաննիսեանը։

«Այս անցումային ժամանակն ունի երկու լուծում՝ կա՛մ մենք կարողանում ենք ուժ ու կամք գտնել՝ ապահովելու յետպատերազմեան Հայաստանի վերելքը, կա՛մ փլուզւելու ենք մինչեւ վերջ։ Այս իմաստով՝ ստատուս-քւօ կոչւածը շատ անկայուն է ու յարաբերական, այն շատ կարճ ժամանակ է տեւելու, մենք հիմա «վայելում ենք» այդ անցումային ժամանակի վերջին փուլը։ Կա՛մ մեր մէջ կը գտնենք այդ կամքը՝ այլ ազգերի ու պետութիւնների նման պատերազմից յետոյ հետեւութիւններ անելու եւ ոտքի կանգնելու, իսկ դրա շանսն ու այլ մեծ հնարաւորութիւններ ունենք, կա՛մ կը փլուզւենք մինչեւ վերջ։ Այսօր մենք մեծ վտանգների ու մեծ հնարաւորութիւնների ընտրութեան խաչմերուկում ենք, եւ ամէն ինչ միայն ու միայն մեզնից է կախւած»,- ասաց քաղաքական գործիչը։

«Պատերազմից անմիջապէս յետոյ՝ շաբաթներ անց, երեւանեան ռեստորաններում քեֆ-ուրախութիւն էր։ Որեւէ բան չվերագրենք ընդդիմութեանը կամ էլիտաներին, սովորական հայ հասարակութիւնը քեֆ էր անում։ Փողոցներում դիահերձարաններ շտապող հազարաւոր ընտանիքներ էին, ծնողները մասունքներ էին փնտրում, Եռաբլուրում հերթով թաղումներ էին, սեւ ժապաւեններ, կորսւած պետականութիւն՝ Արցախում, մահեր, զոհեր, վիրաւորներ, իսկ Երեւանում քեֆեր էին։ Ընդդիմութեան կամ հարթակի այս կամ այն քայլին հրապարակային անհամաձայնութիւն կարելի է յայտնել, բայց չէ՞ որ պատերազմից շաբաթներ անց Երեւանը տօնախմբութիւնների ու հրավառութեան մէջ էր։ Մի բակում կամ շէնքում 18 տարեկանի մահւան ողբն էր, կողքի շէնքում՝ հրավառութիւն, եւ մենք բոլորս ապրել ենք այդ պատկերը։ Սա առանձին թեմա է, որն ապշեցուցիչ է, բացարձակ քաղաքական հարց չէ, այլ հասարակութեան կայացածութեան եւ որակի ցուցիչ»,- նշեց Վահէ Յովհաննիսեանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ պէտք է հասկանալ, թէ ինչո՞ւ չի յաջողւում այսքան ժամանակ անց փոխել հանրային տրամադրութիւնը, թէեւ մեծամասամբ յաջողւել է, բայց ոչ ամբողջական ծաւալով, իսկ պատճառն այն է, որ գտնւած չեն հանրութեան հետ խօսելու եւ հաղորդակցւելու ճիշտ խողովակները․ «Մենք բոլորս հետեւում էինք, այս կամ այն չափով մասնակից էինք Դիմադրութեան շարժման ակցիաներին, անտարբեր չէինք։ Դրա առանցքում, սակայն, չկար հասարակ քաղաքացու օրակարգը։ Բացի անվտանգութեան կարեւորագոյն, ամենացաւոտ, ամենանւիրական հարցերից՝ Թուրքիա, Ադրբեջան, սահման, Շուշի, կայ քաղաքացու հանրային օրակարգ, որը բաւական սուր է։ Մեր քաղաքացին ապրում է այդ օրակարգով, բայց հարթակը չկարեւորեց այն եւ չկարողացաւ քաղաքացու հետ երկխօսութեան մէջ մտնել իր իսկ սոցիալական օրակարգով։ Մենք չենք կարողանում ֆիքսել քաղաքացու մտահոգութիւնների փաթեթը, որ սկսենք այդ փաթեթի լուծման ուղղութեամբ խօսել իր հետ»:

«Օրինակ, օրեր առաջ գործող վարչապետը գնացել էր Երասխահուն գիւղ, եւ մի քաղաքացի նրան ասում էր՝ «դուք մեզ փրկեցիք դժոխքից»։ Մենք ընդունում ենք, որ նա մեր քաղաքացին է՝ հայկական անձնագրով, եւ իր տեսակէտն այն է, որ Նիկոլն իրեն փրկեց դժոխքից։ Մենք ընդունում ենք, որ Հայաստանի կրթական որոշակի ցենզ ունեցող հանրութեան 90 տոկոսը լրիւ հակառակն է ասում՝ «դու մեզ բերեցիր դժոխք»։ Հնարաւո՞ր է այս երկու հակադիր տեսակէտներով քաղաքացիների համատեղ պետութիւնը։ Ոչ միայն հնարաւոր է, այլեւ այլ լուծում չկայ, մենք պէտք է կարողանանք համատեղ կեանքի մի նախագիծ մշակել, որում պիտի ապրենք։

Եթէ մի հրաշքով Նիկոլը թողներ-գնար, որպէս քաղաքացի հասկանար, որ այդպէս աւելի արագ կը հարթւի բզկտւածութիւնը, կարագանայ ներքին կոնսոլիդացիան, ամէն ինչ շատ աւելի հարթ կը գնար։ Շատ երկրներում ղեկավարներն ամենափոքր հարցերի պարագայում՝ չնչին գնաճի, որեւէ սխալ բառի, ձեւակերպման, արտայայտութեան, հեռանում են։ Նիկոլը չի գնում, հետեւաբար՝ մենք պիտի ճանապարհ գտնենք՝ հանրային համատեղ ապագայի նախագիծ մշակենք, որում տարբեր, այդ թւում՝ իրարամերժ կարծիքներ ունեցող հանրային շերտերը պիտի ֆիքսեն, որ պետութիւնն ընդհանուր է, եւ պէտք է գնանք առաջ»,- ամփոփեց Վահէ Յովհաննիսեանը:

 

Դաւիթ Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։