Հա

Քաղաքական

20/07/2022 - 12:50

Վարչապետ Փաշինեանն իրաւունք չունի արգելել որեւէ հայի մուտքը Հայաստան

Բարոյական առումով․ եթէ հայ պաշտօնեաները ցանկանում են արգելել որեւէ մէկի մուտքը Հայաստան, նրանք պէտք է ունենան նւազագոյն քաղաքավարութիւն՝ անհատին յայտնելու նման լուրջ որոշման պատճառը: Այցելուն իրաւունք ունի իմանալու, թէ ինչու իրեն թոյլ չեն տալիս մուտք գործել երկիր։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

 

Ֆրանսիայի հայկական համայնքի ղեկավար Մուրադ (Ֆրանկ) Փափազեանին եւ նրա կնոջն անցեալ շաբաթ թոյլ չեն տւել մուտք գործել Հայաստան՝ Երեւանի «Զւարթնոց» օդանաւակայան ժամանելուց յետոյ։ Փափազեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համաշխարհային ղեկավարութեան (Բիւրոյի) անդամ է եւ Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահը։

Անձնագրային ստուգման ժամանակ Փափազեանին ասել են, որ սպասի, մինչեւ իր տւեալները ճշտեն: Նա ունէր պատշաճ ֆրանսիական անձնագիր եւ Հայաստան մուտք գործելու համար վիզայի կարիք չունէր։ Մինչ նա սպասում էր, մաքսաւորները հեռախօսով խորհրդակցում էին վերադասների հետ։

Այնուհետեւ Փափազեանին տարել են օդանաւակայանի մի մեկուսացւած սենեակ, որտեղ նրան պահել են մի քանի ժամ: Ի վերջոյ, ԱԱԾ աշխատակիցները յայտնել են, որ նրան թոյլ չի տրւում մուտք գործել Հայաստան։

Չնայած Փափազեանի պահանջներին՝ նրան երբեք չեն յայտնել Հայաստան մուտքի արգելքի պատճառը։ Նրան վտարել են երկրից՝ ուղարկելով յաջորդ չւերթով դէպի Փարիզ։

Սա բարոյական, իրաւական, դիւանագիտական եւ ազգային լուրջ հետեւանքներով միջադէպ է։

Բարոյական առումով․ եթէ հայ պաշտօնեաները ցանկանում են արգելել որեւէ մէկի մուտքը Հայաստան, նրանք պէտք է ունենան նւազագոյն քաղաքավարութիւն՝ անհատին յայտնելու նման լուրջ որոշման պատճառը: Այցելուն իրաւունք ունի իմանալու, թէ ինչու իրեն թոյլ չեն տալիս մուտք գործել երկիր։

Հայաստանի օրէնսդրութեան առումով․ անկախ Փափազեանի մուտքը երկիր արգելելու պատճառից, հայ պաշտօնեաներն իրաւունք չունեն ինքնուրոյն նման քայլի դիմել՝ լինեն օդանաւակայանի աշխատակիցներ, ԱԱԾ գործակալներ, թէ վարչապետ։ Որեւէ այցելուի, առաւել եւս հայրենակցի մուտքը երկիր արգելելը շատ լուրջ որոշում է։ Եթէ Փափազեանը խախտել էր Հայաստանի որեւէ օրէնք, օդանաւակայանի աշխատակիցները կարող էին նրան կալանաւորել, մեղադրանք ներկայացնել դատաւորին, որը երկու կողմերին լսելուց յետոյ ապացոյցների հիման վրայ օրինական որոշում կը կայացնէր։ Հայաստանը մի երկիր է, որը կառավարւում է օրէնքո՞վ, թէ՞ վարչապետի վրիժառու որոշումներով։ Եթէ մի մարդ կարող է հանդէս գալ որպէս իշխանութեան գործադիր, օրէնսդիր եւ դատական մարմիններ, ապա Հայաստանը հեռու է ժողովրդավարական երկիր լինելուց։ Ցաւալի է, որ չորս տարի առաջ որպէս ժողովրդավար ներկայանալով իշխանութեան եկած Նիկոլ Փաշինեանն անտեսում է ժողովրդավարական բոլոր նորմերը։ Փափազեանի միակ մեղաւորութիւնը Փաշինեանի ձախողւած վարչակարգի քննադատութիւնն է։

Եւրոպական օրէնքների առումով․ Հայաստանը այս դէպքում խախտել է Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան մասին կոնւենցիայի մի քանի սկզբունքներ, որոնց պարտաւորւել էր հետեւել։ Պահանջւող ընթացակարգն այն է, որ Փափազեանը նախ վիճարկի իր վտարումը Հայաստանի ներքին դատարաններում: Եթէ նա այնտեղ յաջողութեան չհասնի, ապա Փափազեանը կարող է իր բողոքն ուղարկել Մարդու իրաւունքների եւրոպական դատարան: Համոզւած եմ, որ Եւրոպական դատարանը կը գտնի, որ Հայաստանի կառավարութիւնը խախտել է Փափազեանի «արդար դատաքննութեան իրաւունքը», «արտայայտւելու ազատութիւնը» եւ «տեղաշարժի ազատութիւնը»։ Աւելին, Փափազեանի վտարումը ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի խախտում էր։

Ֆրանսիայի հետ Հայաստանի յարաբերութիւնների վրայ այս միջադէպի հնարաւոր բացասական ազդեցութեան վերաբերեալ. որպէս Ֆրանսիայի քաղաքացի, Փափազեանը բողոք է ներկայացրել Երեւանում Ֆրանսիայի դեսպանատուն եւ Փարիզում Ֆրանսիայի արտգործնախարարութիւն։ Որպէս յայտնի քաղաքական գործիչ՝ Փափազեանը սերտ կապեր ունի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ ֆրանսիացի այլ բարձրաստիճան պաշտօնեաների հետ։ Արդէն այս տարւայ մայիսին մէկ այլ տհաճ միջադէպ էր տեղի ունեցել, երբ Հայաստան այցելութեան ժամանակ Փափազեանն ուղեկցում էր Փարիզի հայամէտ քաղաքապետ Անն Իդալգոյին։ Քանի որ Փափազեանը Փաշինեանի քննադատն է, նա վարչապետի աշխատակազմին տեղեկացրել է, որ չի միանալու Փաշինեանի հետ քաղաքապետի նախատեսւող հանդիպմանը՝ հանդիպման ընթացքում անցանկալի տեսարան չստեղծելու համար։ Առանց որեւէ բացատրութեան, վերջին պահին վարչապետը որոշել է չեղարկել Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը։ Սա մեծ դիւանագիտական սխալ էր։ Հայաստանը չի կարող իրեն թոյլ տալ վանել ֆրանսիացի պաշտօնեաներին, որոնք նրա ամենաջերմ կողմնակիցներից են։

Հայաստանի կառավարութեան կողմից Հայ ժողովրդի հաւաքական շահերը խարխլելը հակաարդիւնաւէտ է. մինչ Հայաստանը շրջապատւած է արիւնարբու թշնամիներով, իսկ նրա գոյութիւնը՝ վտանգւած, նրա ղեկավարները զբաղւած են Սփիւռքի դէմ ինքնաոչնչացման գործողութիւններով, ինչը միայն աւելի է նպաստում Հայաստանի թուլացմանը։ Ադրբեջանն ունի հսկայական նաւթադոլարներ, բայց Հայաստանն ունի մեծ սփիւռք, որը չօգտագործւած հարստութիւն է:

Վախենում եմ, որ Փափազեանի վտարումը, եթէ արագ չբեկանւի, ապա բացասական ազդեցութիւն կունենայ եօթ միլիոնանոց սփիւռքի հետ Հայաստանի յարաբերութիւնների վրայ։ Հայաստանի ղեկավարութիւնը, աւելի շատ սփիւռքահայերին Հայաստան այցելելու, ներգաղթելու եւ ներդրումներ անելու նախաձեռնութիւններու փոխարէն, անխոհեմաբար հեռացնում է նրանց:

Քանի որ Փափազեանի միակ մեղքն այն է, որ նա եղել է Փաշինեանի քննադատը, նրա վտարումը կարող է պատճառ հանդիսանալ, որ շատ այլ սփիւռքահայեր, որոնք դէմ են վարչապետին, խուսափեն Հայաստան այցելելուց՝ մտավախութիւն ունենալով, որ իրենց նոյնպէս կը կանգնեցնեն Երեւանի օդանաւակայանում եւ թոյլ չեն տայ այցելել իրենց հայրենիքը։

Խիստ ցաւալի է, որ Փափազեանը՝ մի մարդ, որն իր ամբողջ կեանքը նւիրել է Հայաստանի եւ Հայ Դատի շահերի պաշտպանութեանը, նման վիրաւորական վերաբերմունքի է արժանանում։ Մեծ տխրութեամբ նա յայտարարել է. «Գիտէի, որ Ադրբեջան եւ Թուրքիա մուտքս արգելւած է։ Այսօր ինձ արգելում են մուտք գործել Փաշինեանի Հայաստան»։

 

Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի

 

Յարակից լուրեր

  • Մենք ամուր կանգնած ենք Հայաստանի եւ Արցախի կողքին
    Մենք ամուր կանգնած ենք Հայաստանի եւ Արցախի կողքին

    Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է, այն կոչ է անում ի նպաստ Հայաստանի անվտանգութեան քաղաքականութիւն վարել, կոչ է անում ճանաչել Արցախի անկախութիւնը եւ դատապարտում է Ադրբեջանի գործողութիւնները՝ պահանջելով սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դէմ, որովհետեւ Ադրբեջանը պատերազմ է պարտադրում Արցախին եւ Հայաստանին,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւին։

  • Կոչ եմ անում ՀՀ իշխանութիւններին դադարեցնել սփիւռքում իրենց պառակտման քաղաքականութիւնը
    Կոչ եմ անում ՀՀ իշխանութիւններին դադարեցնել սփիւռքում իրենց պառակտման քաղաքականութիւնը

    Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 295 կողմ, 1 դէմ յարաբերակցութեամբ ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւը։

  • Մուրադ Փափազեանի, Սիւնէ եւ Մասիս Աբրահամեանների հայցերը դատարանն ընդունել է վարոյթ
    Մուրադ Փափազեանի, Սիւնէ եւ Մասիս Աբրահամեանների հայցերը դատարանն ընդունել է վարոյթ

    ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի, ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի գրասենեակի ատենապետ Մասիս Աբրահամեանի եւ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միութեան անդամ Սիւնէ Աբրահամեանի հայցերն ընդդէմ ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան՝ վարչական դատարանն ընդունել է վարոյթ։

  • «Կոչ եմ անում մասնակցել նոյեմբերի 5-ի հանրահաւաքին». Մուրադ Փափազեանի ուղերձը
    «Կոչ եմ անում մասնակցել նոյեմբերի 5-ի հանրահաւաքին». Մուրադ Փափազեանի ուղերձը

    Կոչ եմ անում մասնակցել շաբաթ` նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին կայանալիք հանրահաւաքին՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան համար. իր ուղերձում յայտարարել է ՀՅԴ Բիւրոյի անդամ,  Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:

  • «Նիկոլ Փաշինեանը հերթական շոուն է կազմակերպում, Հայաստան-Սփիւռք համաժողովը ֆէյք նախաձեռնութիւն է». Մուրադ Փափազեան
    «Նիկոլ Փաշինեանը հերթական շոուն է կազմակերպում, Հայաստան-Սփիւռք համաժողովը ֆէյք նախաձեռնութիւն է». Մուրադ Փափազեան

    «ՀՀ իշխանութիւնները ՀՀ-Սփիւռք ֆէյք նախաձեռնութիւն են կազմակերպում՝ ցոյց տալու համար, որ իրենք կարող են հաւաքել Սփիւռքը, սակայն հերթական անգամ խաբում են հայ ժողովրդին, սխալ է, սուտ են խօսում կրկին»,- այս մասին 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը՝ անդրադառնալով ՀՀ-ում անցկացւելիք Հայաստան-Սփիւռք գագաթնաժողովին, որը կրելու է Համաշխարհային հայկական գագաթնաժողով անւանումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։