Հա

Քաղաքական

23/07/2022 - 11:50

«Թուրքիան բանակցում է Հայաստանի հետ ոչ թէ յարաբերութիւնների, այլ կոնկրետ հարցերում զիջումներ ստանալու համար». Ռուբէն Սաֆրաստեան

Ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը «Հետք»-ի հետ զրոյցում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի այն յայտարարութեանը, թէ Հայաստանից յստակ քայլեր են ցանկանում տեսնել, բայց մինչ այս պահը հայկական կողմից միայն յայտարարութիւններ են տեսնում խաղաղութեան մասին, եւ որ այս գործընթացում Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ։ Ակադեմիկոսը նշում է, որ այն, ինչ յայտարարում է Չաւուշօղլուն, թուրք պաշտօնեաներն արդէն մի քանի անգամ յայտարարել են։

«alikonline.ir» - Ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը «Հետք»-ի հետ զրոյցում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի այն յայտարարութեանը, թէ Հայաստանից յստակ քայլեր են ցանկանում տեսնել, բայց մինչ այս պահը հայկական կողմից միայն յայտարարութիւններ են տեսնում խաղաղութեան մասին, եւ որ այս գործընթացում Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ։ Ակադեմիկոսը նշում է, որ այն, ինչ յայտարարում է Չաւուշօղլուն, թուրք պաշտօնեաներն արդէն մի քանի անգամ յայտարարել են։

Պարզապէս խնդիրն այն է, որ թուրք նախարարի յայտարարութիւնը շատ յստակ է, ինչը մէկ անգամ եւս հաստատում է Թուրքիայի իրական նպատակները հայ-թուրքական գործընթացից։ «Թուրքիան, ձեւականօրէն յայտարարելով, որ առանց նախապայմանների է բանակցում Հայաստանի հետ, իրականում նախապայմաններ է դրել, եւ այդ նախապայմանները կոնկրետ են։ Չաւուշօղլուն ակնարկել է դրանց մասին։ Առաջինը՝ Հայաստանը փաստաթուղթ կամ պայմանագիր ստորագրի, որով պաշտօնապէս կը ճանաչի Արցախը Ադրբեջանի տարածքի մի մաս, երկրորդը՝ կապւած, այսպէս կոչւած, Զանգեզուրի միջանցքի հետ։ Թուրքիան այս երկու կոնկրետ խնդիրն է դրել իր առաջ այս բանակցային գործընթացում՝ Հայաստանից կորզում ստանալու համար»,- ասում է Ռուբէն Սաֆրաստեանը։

Նախորդ անգամ մեզ հետ զրոյցում թուրքագէտը նշել էր, որ միեւնոյնն է՝ Թուրքիան նախապայմաններ առաջ է քաշելու, եւ հայկական կողմը պէտք է շատ սզբունքային մօտեցում ունենայ այդ հարցերում՝ զիջումների չգնայ։ Հարցին, թէ, փաստօրէն, Թուրքիան արդէն առաջ է քաշում իր նախապայմանները, ակադեմիկոսը պատասխանում է․ «Այո, եւ հայկական կողմը պէտք է շատ լաւ հասկանայ, որ Թուրքիան բանակցում է Հայաստանի հետ ոչ թէ յարաբերութիւնները կարգաւորելու (դա երրորդական խնդիր է նրանց համար), այլ կոնկրետ հարցերում Հայաստանից զիջումներ ստանալու համար։ Եւ երկրորդ՝ Արեւմուտքի, ԱՄՆ-ի, աշխարհի մօտ տպաւորութիւն ստեղծելու, թէ Թուրքիան կառուցողական է, ուզում է կարգաւորել յարաբերութիւնները Հայաստանի հետ»։

Դեռ այս տարւայ յունւարին «Հետքի» հետ զրոյցում ակադեմիկոս Սաֆրաստեանը կարծիք էր յայտնել, որ հայ-թուրքական չորրորդ բանակցային գործընթացն էլ յաջողութեան քիչ շանսեր ունի։ Հարցին, թէ արդեօք շարունակում է նոյն կարծիքին մնալ, ակադեմիկոսը դրական է արձագանքում։ Ասում է՝ Թուրքիան յստակ պահանջներ է դրել եւ կը դնի Հայաստանի առաջ, ու եթէ Հայաստանը չիրականացնի դրանք, ապա ոչինչ չի ստացւի այդ բանակցային գործընթացից։ «Հայաստանը պէտք է հասկանայ, որ Թուրքիան շատ կոնկրետ խնդիր է լուծում, եւ այդ խնդիրները կապւած են մեր ինքնութեան հետ՝ Հայոց ցեղասպանութեան խնդիրը, Արցախի հիմնահարցը, որտեղ զիջումներ չենք կարող անել, իսկ եթէ Թուրքիան զիջումներ չստանայ, ոչ մի բան չի ստացւի»,- նշում է թուրքագէտը։

Հարցին, որ եթէ Հայաստանից զիջումներ չլինեն, ու այս բանակցային գործընթացն էլ տապալւի, ինչ հաւանական սցենար է տեսնում, արդեօք նոր էսկալացիայի կամ ագրեսիայի վտանգ կայ, Ռուբէն Սաֆրաստեանը պատասխանում է, որ այդ վտանգը միշտ առկայ է, եւ բանակցութիւնները տապալւելու դէպքում այն գուցէ աւելի մեծ լինի։ Թուրքիան կարող է Ադրբեջանի միջոցով փորձել լուծել այդ խնդիրները։

Ինչ վերաբերում է Չաւուշօղլուի դիտարկմանը, թէ իբր Ռուսաստանի նկատմամբ լոգիստիկ սահմանափակումների պայմաններում տարածաշրջանում կարեւորութիւն ունեն միջանցքները, որոնք Չինաստանը, Միջին Ասիայի երկրները կարող են կապել Եւրոպայի հետ, Ռուբէն Սաֆրաստեանը նշում է․ «Իրենք իրենց յայտարարութիւններն անում են միջանցքային տրամաբանութեան շրջանակներում»։ Ակադեմիկոսի փոխանցմամբ՝ Հայաստանն ու Ռուսաստանը յայտարարում են, որ խօսքը պէտք է լինի ոչ թէ միջանցքի, այլ կոմունիկացիաների բացման մասին։ Հայաստանը կողմ է, որ այդ կոմունիկացիան բացւի՝ պահպանելով վերահսկողութիւնը դրա նկատմամբ, իսկ Թուրիքան, ցանկանում է, որ Հայաստանը հրաժարաւի այդ իրաւունքից։

«Սա նոր մօտեցում չէ։ Երբ նայում ենք 1918 թ․ Բաթումի պայմանագիրը, դրա լրացումներից մէկով նախատեսւում էր ոչ միայն «Զանգեզուրի միջանցք», այլեւ նախատեսւում էր, որ Թուրքիան պէտք է նշանակի յատուկ յանձնակատար, որը կը հսկի, որ Հայաստանն այդ միջանցքը բաց պահի Թուրքիայի համար։ Այնպէս որ, սրանք վաղեմի աշխարհաքաղաքական հաշւարկներ են։ Հայաստանի ձգտումը, որ այդ կոմունիկացիաները գործեն, միանգամայն հասկանալի է, բայց Թուրքիան էլ ուզում է, որ Հայաստանը դրանց վրայ վերահսկողութիւն չունենայ, այսինքն՝ ինքն ինչ ուզենայ, տեղափոխի՝ առանց Հայաստանին տեղեակ պահելու»,-ասում է ակադեմիկոսը։

Իրանի հոգեւոր առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը օրերս հայտարարեց, որ եթե Իրան-Հայաստան սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իրանը դեմ է լինելու, քանի որ այդ սահմանը 1000-ամեայ կապող երթուղի է։ Մեր հարցին, թե արդյոք այս ակնարկը կարող է ազդեցություն ունենալ Թուրքիայի դիվանագիտության վրա, Ռուբէն Սաֆրաստեանը դրական պատասխան է տալիս։

«Ի՞նչ պատկեր է ստացւում․ Ռուսաստանն էլ է յայտարարում, որ դէմ է այդ միջանցքային քաղաքականութեանը, Հայաստանն էլ է դէմ, այսինքն՝ տեսնում ենք, որ միջանցքի մասին խօսում են միայն Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք փոքրամասնութիւն են։ Իրանի այդ յայտարարութիւնը կարեւոր է։ Կարծում եմ՝ վերջիվերջոյ, կարող են բացւել այդ կոմունիկացիաները, որովհետեւ Ռուսաստանն էլ է շահագրգռւած, որ բացւեն, բայց ոչ թէ դրանք գործեն միջանցքային տրամաբանութեամբ, այլ որպէս նորմալ կոմունիկացա, ինչպէս ընդունւած է աշխարհում»,- ասում է ակադեմիկոս Սաֆրաստեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։