Հա

Քաղաքական

23/07/2022 - 13:00

«Իրանը մեր անվտանգային ճարտարապետութեան ամբողջ համակարգում ունի իր իւրայատուկ տեղը». Վարդան Ոսկանեան

Յուլիսի 19-ին Թեհրանում կայացել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները, որոնց ժամանակ արւել են տարբեր յայտարարութիւններ, այդ թւում նաեւ Հայաստանին վերաբերող։

Այդ հանդիպումների ու հնչած յայտարարութիւնների, դրանց կարեւորութեան մասին Panorama.am-ը զրուցել է ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վարդան Ոսկանեանի հետ։

«alikonline.ir» - Յուլիսի 19-ին Թեհրանում կայացել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները, որոնց ժամանակ արւել են տարբեր յայտարարութիւններ, այդ թւում նաեւ Հայաստանին վերաբերող։

Այդ հանդիպումների ու հնչած յայտարարութիւնների, դրանց կարեւորութեան մասին Panorama.am-ը զրուցել է ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վարդան Ոսկանեանի հետ։

 

Panorama.am- Պարոն Ոսկանեան, նախ սկսենք հարցից, թէ ինչպէ՞ս էք գնահատում հայ-իրանական այսօրւայ յարաբերութիւնները, ի՞նչ մարտահրաւէրներ, խնդիրներ կան, արդեօ՞ք ամբողջ ներուժն է օգտագործւում։

Վարդան Ոսկանեան- Ակնյայտ է, որ Իրան-Հայաստան յարաբերութիւններում առկայ ամբողջ ներուժը չի իրացւել, բացի այդ էլ 44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծւել են թէ մարտահրաւէրներ, թէ հնարաւորութիւնները երկու պետութիւնների շահերն ի նկատի ունենալով։ Մասնաւորապէս, խօսքը գնում է ադրբեջանա-թուրքական դաշինքի այն նկրտումների մասին, որոնք վերաբերում են «Զանգեզուրի միջանցքին»։ Պարզ է, որ թուրքական, ադրբեջանական կողմերը, իսկ ադրբեջանական կողմն ընդհանրապէս հանդէս է գալիս մեր տարածաշրջանում որպէս Թուրքիայի շարունակութիւն, նպատակ ունեն ստանալու նման հաղորդակցութեան մի ուղի, որը հնարաւորութիւն կընձեռի Թուրքիային դուրս գալու Կենտրոնական Ասիա, միեւնոյն ժամանակ փորձ կատարելու կտրել Հայաստան-Իրան սահմանը։

Թեհրանում Թուրքիայի, Ռուսաստանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ Իրանի ամենաբարձրաստիճան պաշտօնեայի՝ հոգեւոր առաջնորդի յայտարարութիւնը, որ Իրանը թոյլ չի տայ փակել Հայաստանի հետ սահմանը, միտւած էր հէնց սրանց, որ իրանցիները յստակօրէն գիտակցում են այդ սահմանի կարեւորութիւնը՝ առաջին հերթին հաշւի առնելով, բնականաբար, սեփական շահերը։ Սա այն տիրոյթներից մէկն է, որտեղ հայկական եւ իրանական շահերը համընկնում են, ուստի մենք պէտք է այս ուղղութեամբ լուրջ աշխատանքներ տանենք։ Իրանից գալիս է ազդակ, որին պէտք է հնչեցւի դրական իմաստով պատասխան եւ փորձ կատարւի այս տիրոյթը օգտագործել երկու պետութիւնների յարաբերութիւններն ամրապնդելու համար։

Բայց Հայաստան-Իրան յարաբերութիւնները չեն սահմանափակւում բացառապէս այս խնդրով, որովհետեւ հիմնական խնդիրը, որը 44-օրեայ պատերազմից յետոյ ծառացել է Հայաստանի առջեւ, անվտանգութիւնն է, իսկ Իրանը մեր անվտանգային ճարտարապետութեան ամբողջ համակարգում ունի իր իւրայատուկ տեղը եւ այդ ճարտարապետութեան բաղադրիչներից մէկն է, ուստի այստեղ մենք ունենք խնդիրներ, որոնք պէտք է հնարաւորին արագ լուծումներ ստանան։

Խօսքը վերաբերում է Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատւածի բռնազաւթմանը, որի հետեւանքով Հայաստանը Իրանի հետ կապւելու համար մնացել է փաստացիօրէն ընդամէնը մէկ ճանապարհի յոյսին եւ այդ ճանապարհն էլ, դատելով վերջերս հրապարակւած տեղեկատւութիւնից, մեղմ ասած, չի գտնւում բարւոք վիճակում։ Փորձում են այդ ճանապարհը կոչել այլընտրանքային, բայց, ցաւալիօրէն, միակն է։ Հետեւաբար, Հիւսիս-հարաւ աւտոմայրուղու խնդիրը շատ աւելի արդիական է, քան մինչեւ պատերազմը։

Հայաստանը ոչ միայն երկկողմ յարաբերութիւնների համատեքստում է հետաքրքիր իրանական կողմին, նաեւ որպէս ԵԱՏՄ անդամ, իսկ սա հաշւի առնելով՝ մեծ կարեւորութիւն է ձեռք բերում Մեղրիի ազատ տնտեսական գօտին։ Հայաստանը ցանկացած գործունէութիւն ծաւալելիս պէտք է ի նկատի ունենայ անվտանգային բաղադրիչը։ Մեղրիի ազատ տնտեսական գօտին Իրան-Հայաստան, Իրան-ԵԱՏՄ յարաբերութիւններում ստանում է անվտանգային կարեւոր նշանակութիւն, որովհետեւ եթէ իրանական ընկերութիւնները ներկայ են լինում այդ ազատ տնտեսական գօտում, իսկ այդ գօտին նախ պէտք է գործարկւի, որպէսզի նրանք կարողանան ներկայ գտնւել, ապա իրանական տնտեսական ներկայութիւնն էլ աւելի է խթանում Իրանի շահագրգռաւածութիւնն աշխատել Հայաստանի անվտանգութիւնն ապահովելու ոլորտում, որովհետեւ դա վերաբերելու է նաեւ իրանցի գործարարների, շատ դէպքում պետական գործարար կառոյցների տնտեսական անվտանգութեանը Հայաստանի տարածքում։

Հնարաւորին արագ պէտք է բացւի Կապանի հիւպատոսարանը։ Նաեւ հայկական կողմը հնարաւորին արագ բացի Թաւրիզում հայկական հիւպատոսութիւն, որովհետեւ Ատրպատականը՝ Իրանի հիւսիս-արեւմուտքը, Հայաստանի հետ յարաբերութիւնների առումով չափազանց կարեւոր է, ունի ոչ միայն տնտեսական, քաղաքական, նաեւ անվտանգային նշանակութիւն։

 

Panorama.am- Իսկ Հայաստանի իշխանութիւնները որեւէ քայլ անո՞ւմ են այդ ուղղութիւններով։

Վարդան Ոսկանեան- Ես խօսում եմ այն մասին, թէ ինչ պէտք է անել։ Ակնյայտ է, որ Հայաստանում ներկայում չկայ ազգային իշխանութիւն։ Հետեւաբար, այս ամէնը ես չգիտեմ՝ արւելու է, չի արւելու, ընդհանրապէս ցանկութիւն կայ անելու, թէ ոչ։

Մենք խօսում ենք Հայաստանի պետութեան մասին, Հայաստանի պետութեան տեսլականը ենթադրում է այս ոլորտներում յստակ աշխատանքներ եւ այդ աշխատանքների հնարաւորին արագ եւ արդիւնաւէտ աւարտ։ Հակառակ պարագայում մենք պարբարեբար յայտնւելու ենք դժւարութիւնների առջեւ։

 

Panorama.am- Թեհրանից եկած խօսքը հանրութեան մի զանգւած գնահատում է, կարծես, ռուս-ուկրայինական հակամարտութեան, անգամ նախկին-ներկայ, անգամ՝ թրքասիրութեան համատեքստում։ Ոչ հայկական ազգային շահի, կամ՝ Իրանի ազգային շահի ու դրանց համընկնման տեսանկիւնից դրական ազդակ չեն տեսնում։ Ի՞նչ մի այնպիսի խօսք կասէք, որ իրենց էլ տեղ հասնի։

Վարդան Ոսկանեան- Հասարակական ընկալումներում մենք պրտք է արձանագրենք շատ կարեւոր մի հանգամանք. բոլոր խնդիրներին պէտք է նայել շատ աւելի խոշոր ոսպնեակով, քան իրականում կոնկրետ կառոյցի, կոնկրետ գործողութիւն քննադատութիւնը, որովհետեւ եթէ, ըստ էութեան, մենք չենք լուծում խնդիրները գլոբալ առումով, ապա որեւէ կառոյցի խնդիրը կը լուծւի, թէ չի լուծւի, դա չի բերելու Հայաստանի անվտանգութեան ապահովման, հետեւաբար մեր հասարակութիւնն էլ պէտք է իր ուշադրութիւնը սեւեռի կարեւոր խնդիրների վրայ։ Մենք պէտք է յստակօրէն կարողանանք հասարակական մակարդակում ապահովել այնպիսի ֆոն, որտեղ պոպուլիստական մանիպուլեացիաները չկարողանան մեր հասարակութեան ուշադրութիւնը շեղել Հայաստանի համար առաջնային կենսական խնդիրներից, իսկ Հայաստանի համար առաջնային ու կենսական խնդիրն այս պահին ոչ թէ զանազան մանր խնդիրներն ենք, որոնք այսօր քննարկման առարկայ են դառնում սոցիալական ցանցերում։ Միգուցէ դրանք էլ են կարեւոր, եթէ չկայ անվտանգային խնդիրները։

Պէտք է մանիպուլեացիաների դէմ-յանդիման խօսւի իրական խնդիրներից եւ բացատրւի այդ իրական խնդիրների կարեւորութիւնը։ Այլ խօսքերով, մենք պէտք է գոնէ հասարակական մակարդակում իրականացնենք սոցիալական ինժեներիա։ Հայաստանի Հանրապետութիւնը, ցաւալիօրէն, յետանկախութեան շրջանի ամենաթոյլ, ամենախոցելի ամենադժւար վիճակում է այժմ եւ մեր հասարակութեանը պէտք է բացատրենք, որ մենք այդպիսի վիճակում ենք, այլեւս մենք իրաւունք չունենք մեզ շռայլութիւն թոյլ տալ ու քննարկել գինու փառատօներ, զանազան խնդիրներ, որոնք մեր պետութեան համար չունեն առաջնային կարեւորութիւն։ Հետեւաբար պէտք է սահմանւի Հայաստանի առաջնային օրակարգ, որի կարեւորագոյն բաղադրիչներից մէկը, որն ուղղակիօրէն առնչւում է մեր անվտանգութեանը, Հայաստան-Իրան հարաբերութիւնների օրակարգն է անխտիր իր բոլոր բաղադրիչներով։

 

Panorama.am- Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին, ըստ լրատւամիջոցների, ողջունել է՝ «Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին»։

Վարդան Ոսկանեան- Անընդհատ խօսւում է՝ «ողջունել»։ Այն մարդիկ, որ ասում են ողջունել, ոչ անգլերէն գիտեն, ոչ պարսկերէն, որովհետեւ ոչ անգլերէն թւիթում կայ «ողջունել» բառը, ոչ էլ պարսկերէն բնօրինակում։ «Գոհունակութիւն յայտնելը» եւ «ողջունելը» բոլորովին այլ բան են։ Իրանի հոգեւոր առաջնորդն ասել է՝ «գոհունակութիւն եմ յայտնում»։

Իրանցիները խօսում են կոդերով, ոչինչ շատ ուղղակի չի ասւում։ Նոյնիսկ զարմանալի է, որ սահմանի պահը շատ ուղղակօրէն շեշտւեց։ Ուրեմն, տեսէք, ուր է հասել գործընթացը։

Ըստ իրանական դիւանագիտական կոդի՝ նշանակում է՝ այն, ինչ կարողացել էք ձեռք գցել, բաւարարւէք, գոհացէք դրանով, դրանից աւելի չենք տեսնում։

Երկրորդ. երբ խօսքը է գնում Արցախի՝ Ադրբեջան վերադարձի մասին, բոլորս հասկանում ենք չէ՝ Արցախը Ադրբեջան չի վերադարձւել։

Այսինքն գոհանակութիւն է յայտնւում մի «փաստի» վերաբերեալ, որը գոյութիւն չունի։ Թւում է, թէ տարրական խնդիր է, բայց պարբերաբար պէտք է սա բացատրենք։ Անշուշտ, Հայաստանի ներսում կան ուժեր, որոնց ցանկալի չէ հայ-իրանական յարաբերութիւնների ամրապնդումը եւ օգտագործւելու է ցանկացած մանիպուլեացիա այդ խնդիրը օրակարգից դուրս մղելու համար։ Բայց մի կարեւոր հանգամանք կայ՝ Հայաստան-Իրան յարաբերութիւնները մեր կենսական անվտանգութիւնն ապահովելու նպատակ պէտք է հետապնդեն եւ ունեն նման գործառոյթ։ Հետեւաբար, իւրաքանչիւր ոք, որն այդ ուղղութեամբ առաջ չի մղում այս շահը, առաջին հերթին սեփական անվտանգութեան մասին չի մտածում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։