Հա

Քաղաքական

23/07/2022 - 14:05

««Նշաձողն արդէն իսկ իջեցւած է. ԱԽ քարտուղարն իր յայտարարութեամբ մեզ դարձրեց ագրեսոր»». Ռոբերտ Մարգարեան

Քաղաքագէտ, իրաւաբան Ռոբերտ Մարգարեանի կարծիքով՝ եթէ անհրաժեշտութիւն լինի՝ Իրանը չի վարանի ամէն գնով պահել հայ-իրանական սահմանը:

«alikonline.ir» - Քաղաքագէտ, իրաւաբան Ռոբերտ Մարգարեանի կարծիքով՝ եթէ անհրաժեշտութիւն լինի՝ Իրանը չի վարանի ամէն գնով պահել հայ-իրանական սահմանը:

«Նմանատիպ քայլեր Իրանն արել է հարեւան երկրների հանդէպ. Նախորդ մէկ կամ երկու տարւայ ընթացքում առնւազն երկու-երեք դէպք է եղել, երբ Իրանն իր տարածքից հրթիռակոծել է Իրաքի տարածքը եւ ամէն անգամ գտել է պատրւակ՝ դա անելու համար: Անհրաժեշտութեան դէպքում, եթէ պէտք լինի այդ սահմանը բաց պահել եւ դա կանխելու համար դիմել ռազմական քայլերի, ապա Իրանը կը դիմի այդ քայլին եւ անպայման կը գտնի պատրւակ, թէ ինչպէս դա բացատրի: Յուսով եմ՝ թոյլ չենք տայ, որ մէկ այլ երկիր մեր փոխարէն մեր խնդիրը լուծի: Վերջին հաշւով, թէեւ Իրանը խօսում է հազարամեայ բարեկամութեան մասին, եւ իսկապէս այդպէս է՝ մենք բարեկամ ժողովուրդներ ենք, բայց Իրանն իր շահերը գերադասում է բոլորի շահերից: Իրանի համար ոչ թէ Իրան-Հայաստան սահմանի հարցն է, այլ իր սահմանի այդ մէկ հատւածը բաց պահելու հարցը: Որեւէ մէկը մեր փոխարէն մեր շահերը չի պաշտպանելու, դա պէտք է հասկանանք, այսինքն՝ անտեղի ոգեւորութիւն չպէտք է ունենանք: Եթէ որեւէ մէկը մեզ օգնի, ապա իր շահերից բխելով է մեզ օգնելու»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով Արցախից հայկական զօրքերի դուրսբերման մասին Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի յայտարարութեանը, նա նշեց, որ դա, այսպէս կոչւած, խաղաղութեան պայմանագրի ստորագրման՝ Ալիեւի նախապայմաններից մէկն է:

«Ալիեւը բազմիցս յայտարարել է, որ հայկական զօրք չպէտք է լինի Արցախի տարածքում: Սա Ադրբեջանի պահանջն է: Հայաստանն այդ քայլին գնալով՝ բաւարարում է Ալիեւի հերթական պահանջը, որ Արցախում հայկական ուժեր չլինեն: Սա չափազանց վտանգաւոր ձեւակերպում է, քանի որ Արցախը մնում է անպաշտպան, բայց սա նաեւ քաղաքական առումով է ուղերձներ պարունակում իր մէջ: Հայաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղարը նուրբ կերպով մեզ դարձրեց ագրեսոր՝ իր այդ յայտարարութեամբ, քանի որ այնպէս ձեւակերպւեց, որ մեր զինւած ուժերը ներկայ են եղել մէկ այլ երկրի տարածքում եւ հիմա դուրս ենք բերում այդ տարածքից:

Սա ուղղակիօրէն ագրեսոր լինելու բացատրութիւն է միջազգային յարաբերութիւններում: Ադրբեջանը փորձելու է դա կիրառել: Բացի այդ, դա Արցախի կարգավիճակի մասին է յստակօրէն խօսում. Նշաձողը, կարծես, արդէն իսկ իջեցւած է, քանի որ, եթէ դու խօսում ես մէկ այլ երկրի տարածքից քո զօրքերը դուրս քաշելու մասին, շատ բնական է, որ դու այդ տարածքն արդէն համարում ես Ադրբեջանի մաս, եւ կարգավիճակը գրեթէ իրենց պատկերացմամբ յստակ է՝ Արցախը մտնում է Ադրբեջանի կազմի մէջ, եւ քանի որ Ադրբեջանի կազմի մէջ է՝ դա այլ երկրի տարածք է, իսկ այլ երկրի տարածքում, բնականաբար, մեր բանակն անելիք չպէտք է ունենայ»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։