Հա

Քաղաքական

24/07/2022 - 10:20

«Նիկոլիզմը եւ թաւշեայ խուլիգանութիւնը ծանր դաս եղաւ մեր ժողովրդի համար, ինչը մինչեւ վերջ դեռ չենք իւրացրել». Արտակ Զաքարեան

Մեզ միաւորւել է պէտք, այլապէս, ոչ մի շանս չենք ունենայ դուրս գալ այս ողբալի վիճակից եւ վերածնւել: Յայտնի խօսք է` հայերի թիւ մէկ թշնամին հէնց հայերն են: Մեր թշնամիները բազմաթիւ անգամներ ասել են. «Հայերի դէմ պէտք չի կռւել՝ նրանց պէտք է մասնատել ու իրար հետ կռւացնել»:

«alikonline.ir» - ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանութեան նախկին նախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուեան իր էջում գրում է. 

«Միասնականութեան, քաղաքական առողջ մտքի, հայրենասիրութեան եւ պրոֆեսիոնալիզմի համար անհնարին ոչինչ չկայ:

Մեզ միաւորւել է պէտք, այլապէս, ոչ մի շանս չենք ունենայ դուրս գալ այս ողբալի վիճակից եւ վերածնւել: Յայտնի խօսք է` հայերի թիւ մէկ թշնամին հէնց հայերն են: Մեր թշնամիները բազմաթիւ անգամներ ասել են. «Հայերի դէմ պէտք չի կռւել՝ նրանց պէտք է մասնատել ու իրար հետ կռւացնել»:

Մեր բոլոր կորուստների ու համազգային դժբախտութիւնների պատճառը եղել է ներքին պառակտւածութիւնը: Այսօր արդէն պէտք է վերջ դնել բոլոր տիպի տարաձայնութիւններին ու միաւորւել ազգային ուժերի, ազգային շահերի շուրջ: Որովհետեւ, ժամանակակից աշխարհում միայն համազգային առաջնահերթութիւններով է հնարաւոր գտնել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը պահելու, Արցախի Հանրապետութեան անվտանգութիւնն ու երկարակեցութիւնն ապահովելու, ինչպէս նաեւ հայութեան գոյաբանական եւ ինքնութեան հարցերի լուծումը:

Սա յայտնութիւն չէ, այլ պատմական տխուր ճշմարտութիւն:

Արցախն իր գոյութեամբ կայունացնում էր մեր անվտանգութիւնը, հէնց թուլացաւ՝ ռիսկերն ի յայտ եկան: Այսօր էլ հետեւողականօրէն թուլացւում է Հայաստանի անվտանգութիւնը, ինչը սպառնալիք է բոլոր հայերի համար: Ոչ մի կապ չունի նիկոլից խաբւած ընտրող ես, թէ՞ գաղափարական ընդդիմադիր: Միեւնոյն է, հաւասարապէս տուժւելու ենք բոլորս: Զոհւելու, ունեցւածք ու կեցավայր են կորցնելու ե'ւ «նիկոլականները», ե'ւ անտարբերները, ե'ւ ընդդիմադիրները: Ցաւօք այդպիսի իրավիճ են ստեղծել այսօրւայ կապիտուլեացւած իշխանութիւնները: Այդ պատճառով են նրանք մեղադրւում դաւաճանութեան ու Հայրենիքն անընդհատ վտանգի ենթարկելու մէջ:

Սառը ուղեղով եւ առողջ բանականութեամբ ապրելու եւ գործելու ժամանակներ են աշխարհում: Չարդարացւած էմոցիաները նոյնքան վտանգաւոր են, որքան միմեանց դէմ գործելու նեղ խմբային շահերը:

Անցեալի դէմ անիմաստ «պայքարողները» չեն հասկանում, որ այդ կերպ խորացնում են ներազգային բարոյական ճգնաժամը եւ վտանգում են իրենց երեխաների ճակատագիրը: Ոչ անցեալի թերութիւնները պէտք է արդարացնել, ոչ էլ ներկայի ողբերգութիւնը: Այսօր անհրաժեշտ է մտածել բացառապէս ապագայի մասին: Մտածել ու գործել է պէտք բացառապէս միաւորւած` դուրս մղելով մեր մէջ եղած ատելութիւնը, պառակտումներն ու դրանց հեղինակներին:

Նիկոլիզմը եւ թաւշեայ խուլիգանութիւնը ծանր դաս եղաւ մեր ժողովրդի համար, ինչը մինչեւ վերջ դեռ չենք իւրացրել:

Քաղաքականութիւնը` հնարաւորի արւեստն է: Այն պէտք է վերցնել դաւաճանների ու նրանց շրջապատող տգէտների ձեռքից եւ վերադարձնել իրական քաղաքական գործիչներին: Եւ կը տեսնենք, որ միասնականութեան, քաղաքական առողջ մտքի, իսկական հայրենասիրութեան եւ պրոֆեսիոնալիզմի համար անհնարին ոչինչ չկայ:

Վաղը, միւս օրը Հայաստանն ու Արցախը չեն ունենայ այնպիսի` նոյնիսկ ամենածանր խնդիրներ, որոնք հնարաւոր չէ լուծել: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է միասնականութիւն, ազգային համերաշխութիւն ինչպէս նաեւ նւիրեալ, բանիմաց ու հեռատես ազգային իշխանութիւններ»։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։