Հա

Քաղաքական

24/07/2022 - 11:45

«Փաշինեանի համար իշխանութիւնն անվտանգութիւն է, եւ եթէ պաշտօնաթող լինի, կը զրկւի նաեւ անվտանգութիւնից»․ Աղասի Ենոքեան

Իշխանութեան գալու առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինեանը Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը յանձնել է այլոց, հիմնականում՝ Ռուսաստանին։ Այսօր այնքան ծանր վիճակում ենք, որ Հայաստանն արտաքին քաղաքական քայլեր չի կարող անել։ Օրերս Իլհամ Ալիեւը խոստովանեց, որ Եւրոխորհրդարանն իր հանդէպ աւելի թշնամաբար է տրամադրւած, քան Հայաստանի խորհրդարանը։

«alikonline.ir» - Իշխանութեան գալու առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինեանը Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը յանձնել է այլոց, հիմնականում՝ Ռուսաստանին։ Այսօր այնքան ծանր վիճակում ենք, որ Հայաստանն արտաքին քաղաքական քայլեր չի կարող անել։ Օրերս Իլհամ Ալիեւը խոստովանեց, որ Եւրոխորհրդարանն իր հանդէպ աւելի թշնամաբար է տրամադրւած, քան Հայաստանի խորհրդարանը։ Սա նշանակում է, որ դեռեւս հնարաւոր է քայլեր ձեռնարկել, բայց այս ամէնը մէկ մարդու՝ Դաւիթ Շահնազարեանի աշխատանքի արդիւնքն է Եւրոխորհրդարանում։ Պետական ջանք չկայ, ամէն ինչ արւում է անհատների ջանքերով։ Հայաստանի իշխանութիւններին պարզապէս ձեռնտու է ոչինչ չանելը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց քաղաքագէտ Աղասի Ենոքեանը։

«Նիկոլի արտաքին քաղաքականութեան մէջ երկու հետաքրքրական առանձնայատկութիւն կայ։ Առաջինն այն է, որ նա երբեք ոչ ոքի չի մերժում, եւ ով ինչ առաջարկով իրեն դիմում է, նա համաձայնում է, անգամ, երբ այդ առաջարկները հակասում են իրար։ Բնականաբար, նա խաբում է շատերին, եւ նրանք գիտեն Նիկոլի բնաւորութեան այդ գիծը։ Այստեղ երկրորդ հարցն է առաջանում՝ իսկ ինչո՞ւ են նրա հետ գործում, ինչո՞ւ է այսօր Նիկոլը յարմար գործընկեր թէ՛ Արեւմուտքի, թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Թուրքիայի համար։ Բանն այն է, որ ի տարբերութեան այլ քաղաքական գործիչների, Հայաստանի այլ ղեկավարների՝ Նիկոլն իր չմերժելու, բոլորի հետ համաձայնելու մէջ որեւէ քաղաքական պահանջ չի դնում։

Օրինակ, Ռոբերտ Քոչարեանը հարցեր էր բարձրացնում ներդրումների, Արցախի մասին, Սերժ Սարգսեանը ԵԱՏՄ մտնելուց որոշակի վերապահումներ յայտնեց, օրինակ՝ երկար ժամանակ մեքենաների մաքսազերծումն աւելի ցածր տարիֆներով էր արւում, Եւրոմիութեան հետ կնքեց GSP+ համակարգը, որն այսօր չի գործում, ԵՄ-ից խոստում կորզեց, որ 2020-ին վիզաները կազատականացւեն։ Իսկ Փաշինեանն ընդամէնը մէկ պահանջ է դնում իր գործընկերների առաջ՝ իր անվտանգութիւնը»,- ասաց հասարակական գործիչը։

«Փաշինեանի անվտանգութեան խնդիրն իր իշխանութեան խնդիրն է, քանի որ, եթէ նա զրկւի իշխանութիւնից, իր անվտանգութիւնը հարցականի տակ կը յայտնւի։ Սա այնպիսի հարց է, որին բոլորն «այո» կասեն, քանի որ իրենցից մեծ ջանքեր չի պահանջում, եւ հասկանում են, որ եթէ Նիկոլը կարողանայ լուծել իրենց խնդիրները, ապա կը մնայ իշխանութեան։ Հայաստանի բնակչութեան մեծ մասը չափազանց անտարբեր է այս աղէտի հանդէպ, խոր դեպրեսիայի մէջ է եւ անգամ սպառնալիքների մասին չի մտածում՝ ենթադրելով, որ դա ապագայում է լինելու, իսկ իրեն վաղւայ օրն ու հացի խնդիրն է հետաքրքրում։ Ամենածիծաղելի իրողութիւնն այն էր, որ աշխարհի թիւ մէկ լրտեսը՝ ԿՀՎ ղեկավար Բըրնսը, եկաւ Հայաստան, եւ մեր ԱԱԾ-ն ասաց, որ տեղեակ չէ այդ մասին, դա պետութեան չգոյութեան խոստովանութիւն է։ Կրկին բոլորը եկել ու իրենց պահանջներն են առաջ քաշել Նիկոլի առջեւ, ու նա բոլորի հետ էլ համաձայնել է»,- նշեց Աղասի Ենոքեանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Բըրնսի այցը կարող է կապւած լինել Հայաստանի եւ հարեւանների յարաբերութիւնների, աւելի կոնկրետ՝ Մերձաւոր Արեւելքում Հայաստանի որեւէ գործակատարական դերակատարման հետ․ «Ամենատրամաբանականն այն է, որ Բըրնսի այցը կապւած էր տարածաշրջանում ռուսական ազդեցութեան նւազեցման հետ։ Փորձ է արւում Հայաստանում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դէմ։ Եթէ Ադրբեջանի, Նախիջեւանի եւ Թուրքիայի միջեւ հաղորդակցութիւնների վերաբացման ցանկութիւն կայ, արդէն իսկ կան առկայ ճանապարհներ, որոնք պէտք է գործարկել՝ Նախիջեւան-Երեւան-Աղստաֆա-Բաքու երկաթգիծը՝ դեռեւս խորհրդային տարիներին կառուցւած, կամ Իջեւան-Ղազախ աւտոճանապարհը։ Թող դրանք գործարկեն եւ տեսնեն՝ արդեօք դրանք աշխատո՞ւմ են։ Այս ճանապարհները գոյութիւն ունեն, թող փորձեն դրանք աշխատեցնել եւ տեսնել՝ արդեօք աւտոմեքենաների եւ գնացքների անվտանգութիւնն ապահովւո՞ւմ է»:

«Սկզբում Ռուսաստանը կարծես միջանցքի բացման ջատագովն էր, կարծում էր, թէ դրա նկատմամբ վերահսկողութիւն կունենայ եւ այդպիսով կը կարողանայ մի կողմից՝ լրացուցիչ զօրքեր տեղակայել, ապա եւ՝ փող աշխատել, անգամ Թուրքիայի վրայ ազդեցութեան լրացուցիչ լծակ ձեռք բերել։ Բայց յետոյ կարծես հաշւարկեցին, որ իրենց համար դժւար, եթէ ոչ՝ անհնար կը լինի այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողութիւն սահմանելը, եւ Մոսկւան հրաժարւեց այդ գաղափարից։ Դրան գումարւեց Թեհրանի ճնշումը։ Այնպէս որ, այս հարցը կարծես օրակարգից դուրս է, եւ նրանք, ովքեր խօսում են այդ մասին, սպասում ունեն, որ Ռուսաստանի եւ Իրանի դերակատարումը կը նւազի։ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են այդ հարցը կենդանի պահել, բայց այն արդէն օրակարգից դուրս է»,- ամփոփեց Աղասի Ենոքեանը:

 

Դաւիթ Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։