Հա

Քաղաքական

25/07/2022 - 12:00

Երեւանս՝ իմ ափսոս քաղաք․ փնթի ու անխնամ

Գուցէ փորձէի տրամաբանութիւն գտնել եւ հասկանալ երեւանցիներին առաւօտեան նոյն ժամին արթնացնելու եւ ժամը մէկ արթուն պահելու քաղաքապետի հրովարտակի մէջ։ Գուցէ․․․, եթէ Երեւանը/ Հայաստանը/ Չինաստանի կամ Ճապոնիայի ազգային ու պետական կազմակերպւածութիւնն ունենար, եթէ սովետական շչակով գործարանային թաղամասերում բանւորական հերթափոխերը մէկը միւսին յաջորդէին կամ Վիեննայի պէս յարմարաւէտ քաղաք ճանաչւէր Երեւանը։

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր

 

Գուցէ փորձէի տրամաբանութիւն գտնել եւ հասկանալ երեւանցիներին առաւօտեան նոյն ժամին արթնացնելու եւ ժամը մէկ արթուն պահելու քաղաքապետի հրովարտակի մէջ։ Գուցէ․․․, եթէ Երեւանը/ Հայաստանը/ Չինաստանի կամ Ճապոնիայի ազգային ու պետական կազմակերպւածութիւնն ունենար, եթէ սովետական շչակով գործարանային թաղամասերում բանւորական հերթափոխերը մէկը միւսին յաջորդէին կամ Վիեննայի պէս յարմարաւէտ քաղաք ճանաչւէր Երեւանը։

Բայց՝ ոչ․․․

Երեւանցի եմ, միշտ փոքր Կենտրոնի բնակիչ եմ եղել, բայց Երեւանն այսքան կեղտոտ եւ անխնամ չեմ յիշում։ Ոչի՜նչ, ոչի՜նչ մինչեւ վերջ չի կառուցւում, մինչեւ վերջ չի նորոգւում, աւարտուն տեսքի չի բերւում, խնամքով, որակով ու պրոֆեսիոնալ չի կատարւում։ Այսօր շարւած սալիկները յաջորդ օրը տեղահան են, ասֆալտը՝ քանդւած, անձրեւին քայլում ես ու ցեխաջուրը սալիկի տակից ժայթքում է հագուստիդ, մայթեզրերը՝ կրծած, եզրաքարերը՝ կիսաքանդ, բարձր ու ցածր, փոսերն՝ անպակաս, քանդածը՝ չնորոգած, շինարարական նորմերը/ ստանդարտները/՝ չպահպանւած, շինարարական աղբը՝ ամենուր։

Քայլում ես Հիւսիսային պողոտայով ու կոշիկներդ կպչում են հալչած պաղպաղակի ու աղբանանից ծորացած գարշահոտ սննդի մնացորդներին։ Սա ողջ կենտրոնին է բնորոշ։

Քայլում ես մայրաքաղաքի սիրտ տանող Ամիրեան փողոցով, Մաշտոցից հրապարակ կարճատեւ հատւածում մայթերն ինչ շինարարական նիւթով ասես կարկատւած են՝ կարկատանների խճանկար․ տպաւորութիւն է, թէ ձեռքի տակ ընկածով մի կերպ էժան աշխատուժով կցմցել ու փախել են, շինանիւթն էլ ուր վերջացել է, այդպէս հեռացել են՝ մնացորդներն ամիսներով պատերի տակ թափւած թողնելոով․․․

Ու սա ամենաբանուկ, ամենատուրիստական հատւածն է․․․հաւաքարարներն էլ քսմսում են գետինն ու փոշին ու կեղտը անկիւնից անկիւն ցպնելով հեռանում են․․․

Այսօր քայլում եմ պետական պատկերասրահի յետեւի փողոցով՝ Արամով։ Կէս մետրը մէկ պարկերով աղբ է/ տես նկարները/, իրար գլխի թափւած, գարշահոտ, շաղ եկած․․․ Գիշերներն է խաւարասէրների ու առնետների խրախճանք է մայթերին․․․

Նոյնքան բանուկ Սախարովի հրապարակից-Հանրապետութեան փողոց հատւածում մէկ տարի է փոսեր են փորւել ու այդպէս մոռւացել են/տես նկարները/։ Դրանք հիմա դարձել են աղբափոսեր, ուր երբեմն ընկնում են նաեւ այդ մայթով Անի Գրանտ հիւրանոց գնացող զբօսաշրջիկները։

Փնթիութիւնը, անխնամութիւնը, գաւառական կիսատութիւնն ու անտէրութիւնն ամենուր է։ Վստահաբար, այս գործերի համար գումարներ են յատկացւել․ մեր հարկերից գոյացած բիւջէից են մսխել, վստահաբար, սրանք կատարողականներով ընդունւել են իբրեւ չափանիշներին համապատասխանող աշխատանքներ։ Վստահաբար, տեսչական մարմիններում էլ աշխատավարձ են ստացել՝ իբրեւ թէ իրենց վերահսկողական գործառոյթներն իրականացնելու համար։

Իսկ Երեւանը գնալով գորշանում է․ մեր քաղաքի փնթիութեանն ու անխնամութեանն անդրադառնում են նաեւ զբօսաշրջիկներն իրենց հրապարակային տեսանիւթերում կամ գրառումներում․․․

Ոչինչ ազգի որակներն այնքան խօսուն չի արտացոլում, որքան քաղաքաշինութիւնը։ Մեր հոգեկերտւածքը, անպատասխանատւութիւնը, եսակենտրոնութիւնը, նիւթապաշտութիւնն ու փնթիութիւնը լաւագոյնս դրսեւորւած են քաղաքաշինութեան մէջ, աւելի ճիշտ՝ քաղաքաշինական պլանաւորման բացակայութեան մէջ։

Գուցէեւ ճարտարապետական լաւագոյն լուծումներով առանձին կառոյցներ ունենք, բայց անսամբլային եւ հանրային, պետական մտածողութեան բացակայութեան պատճառով անգամ դրանք չեն արժեւորւում։

Ցաւօք, անհոգութիւնը, անպատասխանատւութիւնն ու ոչ պրոֆեսիոնալիզմն ամենուր են, բոլոր ոլորտներում։

Այսպէս չհամակարգւած, փնթի, կարկատւած, անսրտացաւ, քաոտիկ եւ անղեկ է ողջ պետական համակարգը․․․

Ցաւօք, սրանք սովորական մանրուքներ չեն, ոչ էլ սոսկ փնթիութիւն, սա մտածողութիւն է, մի ողջ ազգի կենսափիլիսոփայութիւն՝ ամէն ինչում․․․ կտոր, կտոր․․․ անունը՝ պարտութիւն․․․

Յ․Գ․ Մի քանի տարի առաջ գնացքով Վրաստան էի մեկնում։ Հայաստանի ողջ տարածքով անցնելիս տպաւորութիւն էր, թէ տասնամեակներ լքւած, ամայացած ու մարդկային շունչ չունեցող տարածքներով ենք անցնում՝ անխնամ ու աղքատ եզերք․ տրակտորների մնացորդներ, մեքենաների թափօնների գերեզմանոցներ, կիսափլատակ շինութիւններ, լքւած գործարանների ու գոմերի կմախքներ, աւազուտի վերածւած հողակտորներ։ Մի խօսքով՝ Հոլիվուդեան ֆիլմից պէյզաժ․․․

Օրերս գնացքով Անգլիալի մի քաղաքից միւսն էի անցնում․ ողջ ճանապարհն ասես մանկական գրքի ձեւաւորում լինէր, մաքուր, կոկիկ, աչք շոյող, կանոնաւոր ու կազմակերպւած։ Նրանք, վստահաբար, առաւօտեան մէկ շչակով չեն արթնանում, բայց հաստատ գիտեն ինչ է հայրենիքը, պետութիւնը, կարգն ու կանոնը, քաղաքացիական պարտքը, պատասխանատւութիւնն ու պրոֆեսիոնալիզմը։ Նրանք պաշտում են իրենց պետութիւնն ու աւանդոյթը․․․

 

Յարակից լուրեր

  • «Գուցէ խոստովանէք, որ «խաղաղութեան» ձեր դիսկուրսն իրականում պետութեան ինքնասպանութիւնն էր». Լիլիթ Գալստեան
    «Գուցէ խոստովանէք, որ «խաղաղութեան» ձեր դիսկուրսն իրականում պետութեան ինքնասպանութիւնն էր». Լիլիթ Գալստեան

    Մեր ՄԵԾ ՅԱՂԹԱՆԱԿԸ՝ ԱՐՑԱԽԸ տանուլ տւած գերագոյն հրամանատարը չի կարող խաղաղութեան բանակցող լինել, ոչ էլ՝ երկրի անվտանգութեան երաշխաւոր։

    Բաւական է կառչել բացակայ ժողովրդավարութիւնից, Հայաստանում գոյութիւն չունեցող ժողովրդավարութիւնից։ Ու վերջապէս, եթէ անգամ այն կայ, գրոշ չարժի, եթէ այն իմ պետականութեան կորստի գինն ունեցաւ։

  • Այսօր թուրքը Սիւնիքը Հայաստանից պոկելու ծրագիրն է իրականացնում
    Այսօր թուրքը Սիւնիքը Հայաստանից պոկելու ծրագիրն է իրականացնում

    Պէտք են հեղինակութիւններ, որոնք կարող են ազգին առաջնորդել, այս կործանումից դուրս բերել. մի կողմից հեղինակութիւն լինել հանրութեան համար, եւ միասին կարողանանք ազգի փրկութեան ծրագիր մշակել. այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովի մոտ զոհւած զինծառայողների ծնողների եւ այլ քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

  • «Պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վ․ Դադրեանի լքւած շիրմի խնդրով». Լիլիթ Գալստեան
    «Պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վ․ Դադրեանի լքւած շիրմի խնդրով». Լիլիթ Գալստեան

    Օգոստոսի 26-ն պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վահագն Դադրեանի լքւած շիրմի խնդրով։

    Յիշեցնեմ, որ 2019-ի օգոստոսին, հաշւի առնելով ականաւոր գիտնականի մեծ վաստակը, Կառավարութեան որոշումով ստեղծւել էր պետական յանձնաժողով Վ. Դադրեանի աճիւնը Հայաստան տեղափոխելու եւ այստեղ յուղարկաւորելու նպատակով։

  • Նրանք «Հանրապետութիւն», մենք՝ ինքնասպանութիւն բովանդակութեամբ խաղաղութիւն ենք բեմադրում....
    Նրանք «Հանրապետութիւն», մենք՝ ինքնասպանութիւն բովանդակութեամբ խաղաղութիւն ենք բեմադրում....

    Վերջերս Թուրքիայում / Գոնիայում/ կայացած խորհրդաժողովում, Ի․ Ալիեւը խօսելով կրթութեան մասին, այսպիսի միտք է յայտնել․ «Կրթութիւնը մեզ համար շատ կարեւոր է։ Այն դաստիարակում եւ կրթում է հայրենասէրների, որոնք հողեր են վերադարձնում։ Մենք նրանց մոտիւացնում ենք։ Նւիրումը ամենամեծ առաքելութիւնն է»։

  • Լուրեր դժոխքից կամ պետութիւնը կազմաքանդելու հերթական ծրագիրը
    Լուրեր դժոխքից կամ պետութիւնը կազմաքանդելու հերթական ծրագիրը

    Արժէքային եւ բարոյական համատարած ճգնաժամի, աւելի ճիշտ՝ համապարփակ պարտութեան, տգիտութեան, ամենաթողութեան, չափանիշների տոտալ չգոյութեան, նահանջների ու դեգրադացիայի այս իրականութեան մէջ, երբ յաճախ թւում է, թէ հասարակութիւնը մերժում է պետականութիւն ու ինքնութիւն ունենալ, կրթութիւնը բացառիկօրէն կարեւորւում է։ Այն բանակին հաւասարազօր զէնք է, ինքնակազմակերպւելու, ինքնայաղթահարելու, ոտքի կանգնելու միջոց, այս օրերին թերեւս՝ պետականութիւն ունենալու, նրա հետագայ գոյութիւնը երաշխաւորող ամենաողնաշարային արժէքը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։