Հա

Քաղաքական

26/07/2022 - 14:20

«Հաշտեցման նպատակը կեղծ է, որից միայն մեր զգօնութիւնն է թուլանալու». Մելքոնեանը` հայ-թուրքական ամառային դպրոցի մասին

Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ընթացքից թէեւ հէնց նրանք՝ կարգաւորողներն էլ գոհ չեն, բայց ո՛չ իրենք են յանձնւում, ո՛չ էլ հովանաւոր միջազգային կառոյցները․ «Երկիր մեդիա»-ին ասաց ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։

«alikonline.ir» - Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ընթացքից թէեւ հէնց նրանք՝ կարգաւորողներն էլ գոհ չեն, բայց ո՛չ իրենք են յանձնւում, ո՛չ էլ հովանաւոր միջազգային կառոյցները․ «Երկիր մեդիա»-ին ասաց ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։

Հայաստանում ու Թուրքիայում գործող հասարակական կազմակերպութիւնները Եւրոպական Միութեան ֆինանսաւորմամբ որոշել են նպաստել կարգաւորման գործընթացին. ամառային դպրոց են նախաձեռնում երկու երկրների 20-40 տարեկան քաղաքացիների համար: 

Հայկական կողմից կազմակերպիչը Հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենեակն է: Հասարակական կազմակերպութեան ղեկավար Արթուր Սաքունցը հրաժարւեց մեզ մեկնաբանութիւն տալ: 

«Իսկ ո՞ւր էին նախկինում նման բազմաթիւ ծրագրերի կազմակերպիչ ու մասնակից հաշտեցման ջատագովները 44-օրեայ պատերազմի ժամանակ, արդեօ՞ք նրանց թուրք գործընկերները քննադատեցին իրենց պետութեան մասնակցութիւնն այդ պատերազմին»,- հարցնում է թուրքագէտը: 

Հայ-թուրքական ամառային դպրոցը կը մեկնարկի օգոստոսի 13-ին, կարող են մասնակցել ուսուցիչներ, փորձագէտներ կամ հասարակական ակտիւ գործունէութիւն ծաւալող քաղաքացիներ: Դասընթացներն առցանց են, թեմաներից մէկն է, օրինակ, թէ ինչպիսին են հայի ու թուրքի կերպարները գրականութեան մէջ: Հաշտեցման ջատագովներն ուսումնասիրելու են նաեւ միմեանց մշակոյթի, ճարտարապետութեան պատմութիւնն ու դասագրքերի բովանադակութիւնը: 

Կրթական այս ծրագրի կազմակերպիչները որպէս նպատակ են հռչակել հայերի ու թուրքերի միջեւ շփումների ակտիւացումը, ինչն էլ իր հերթին վստահութիւն ու խաղաղութիւն պէտք է բերի: Սա այն նոյն ժամանակ, երբ թուրք բլոգերը Ծիծեռնակաբերդում «գորշ գայլերի» ժեստն է ցոյց տալիս ու ծաղրում Ցեղասպանութեան զոհերի յիշատակը: 

Թուրքագէտը վստահ է, որ պատմական իրողութիւններն անտեսւելու են, փաստերը՝ խեղաթիւրւելու, հաշտեցման նպատակը կեղծ է, որից միայն մեր զգօնութիւնն է թուլանալու: 

Ի դէպ, դեռ 2020 թւականին էր Գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան ինստիտուտն ազգային անվտանգութեան խնդիր տեսել ու դիմել ԱԱԾ-ին: Այդ ժամանակ հայոց պատմութեան դասագրքերը փոխելու նոր չափորոշիչներ էին մշակւել, ըստ որոնց՝ թուրքը չպէտք է հայ աշակերտներին ներկայացւէր թշնամու կերպարում, քննարկւում էր նաեւ ապրիլեան պատերազմի դրւագները դասագրքերից հեռացնելու հարցը: Թուրքերի հետ համատեղ մշակւած այդ աշխատութեան հեղինակներից էին իշխող՝ այն ժամանակ դեռ «Իմ քայլը» կոչւող խմբակցութեան պատգամաւորները: 

Աւելի վաղ յայտնել էինք, որ Թուրքիայի եւ Հայաստանի ՀԿ-ները «հայ-թուրքական հաշտեցման» նպատակով ամառային դպրոց են կազմակերպելու օգոստոս ամսին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։