Իրանցի քաղաքական վերլուծաբան Քէյհան Բարզեգարը 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ նորութիւն չէ, որ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիութիւնը եւ երկրների տարածքային ամբողջականութեան սկզբունքի պահպանումը Իրանի տարածաշրջանային քաղաքականութեան սկզբունքային հարցերն են:
«alikonline.ir» - Տարածաշրջանում եւ տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքական «կրքերի» ֆոնին Իրանը շարունակում է կարեւոր ուղերձներ յղել Հայաստանի Հանրապետութեանը: Յուլիսի 7-ին Հայաստանում ԻԻՀ Ազգային Անվտանգութեան գերագոյն խորհրդի գլխաւոր քարտուղար Ալի Շամխանին, յուլիսի 19-ին՝ Իրանի գերագոյն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին, յուլիսի 23-ին էլ՝ Իրանի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի ղեկավար Շահրիեար Հէյդարին յստակ ուղերձներ յղեցին Հայաստանի տարածքային ամբողջականութեան վերաբերեալ: Իրանի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի ղեկավար Շահրիեար Հէյդարին օրերս ասել է, որ Իրանը թոյլ չի տայ արգելափակել հայ-իրանական սահմանը:
Մատնանշելով ՀՀ-ի ռազմավարական դրութիւնը, Շահրիեար Հէյդարին նշել է, որ դա Հայաստանի համար շատ խնդիրներ է ստեղծում, որոնցից մէկը ԼՂ հակամարտութիւնն է Ադրբեջանի հետ, որը յանգեցրեց ռազմական առճակատման, բայց այդ խնդիրը պէտք է լուծւի լուրջ ու դիւանագիտական եղանակներով: Նրա խօսքով, Իրանը մշտապէս համարել է, որ այս երկու պետութիւնները խնդիրը պէտք է լուծեն քաղաքական եղանակով:
Հէյդարին նաեւ ասել է, որ որոշ արտաքին ուժեր ցանկանում են ստեղծել միջանցք, որը Հայաստանով կը տանի դէպի Նախիջեւան, սակայն Հայաստանն ու Իրանն ընդգծում են, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականութիւնը պէտք է պահպանւի:
«Մենք Հայաստանի հետ 47 կմ-անոց սահման ունենք, որի մի մասն Արաքս գետի սահմանն է, ու մենք թոյլ չենք տայ որեւէ վնաս հասցնել այդ սահմանին: Հայաստանի ու Իրանի միջեւ սահմանը մշտապէս եղել է անվտանգ, եւ դրա անվտանգութեան համար երկու երկրներն էլ փորձում են միջոցներ ձեռնարկել սահմանին ցանկացած անօրինական տեղաշարժի եւ ոտնձգութեան դէմ, եւ չունեն որեւէ երրորդ կողմի, օրինակ՝ Թուրքիայի խորհրդատվութեան կարիքը»,- յաւելել է իրանցի պատգամաւորը։
Իրանցի քաղաքական վերլուծաբան Քէյհան Բարզեգարը 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ նորութիւն չէ, որ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիութիւնը եւ երկրների տարածքային ամբողջականութեան սկզբունքի պահպանումը Իրանի տարածաշրջանային քաղաքականութեան սկզբունքային հարցերն են:
Ըստ նրա, այդ մասին իրանցի գործիչները մշտապէս նշել են, եւ ըստ էութեան այդ հարցի շուրջ դիրքորոշման պատճառով Ադրբեջանի հետ յարաբերութիւններում լարւածութեան բռնկման փուլ են ունեցել:
«Ներկայումս իրավիճակը, բնականաբար, մի փոքր այլ է թւում, քանի որ անդրադարձն այս թեմային աւելի յաճախակիացել է, ու մակարդակը՝ է՛լ աւելի բարձրացել: Պատճառը ռեգիոնալ գործընթացներն են, որոնք հրապարակային բնոյթ չեն կրում եւ առաւելապէս փակ են ընթանում, մեծամասամբ հասկանալի չէ, թէ ինչ է քննարկւում, եւ որ ուղղութեամբ են պայմանաւորւածութիւնները:
Սակայն, եթէ Իրանում անդրադառնում են հարցին այս շեշտադրմամբ, ուրեմն հիմնաւոր պատճառ, հիմք կայ դրա համար: Իրանական դիւանագիտութիւնը բաւական զգուշաւոր է: Դրա հետ մէկտեղ, եթէ կան նման ինտենսիւութեան անընդհատ արձագանգներ, ուրեմն ռեգիոնալ տէրութիւններն այդ հարցը քննարկում են, եւ Իրանն անհրաժեշտ է համարել յստակեցնել իր դիրքորոշումը Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների մօտ՝ ցոյց տալով, որ այդ դիրքորոշումը չյարգելը խնդիրներ կառաջացնի»,- ասաց վերլուծաբանը:
Նրա խօսքով, Իրանը նաեւ ուղերձ է յղում, որ Հարաւային Կովկասում օրակարգ ունի, եւ հարաւկովկասեան թեմատիկան Իրանի ղեկավարների հռետորաբանութիւնում շատանալու է, քանի որ այդ օրակարգի բացակայութիւնը հակասում է Իրանի շահերին:
Արաքս Մարտիրոսեան