Հա

Քաղաքական

27/07/2022 - 12:40

Հայ պաշտօնեաները կեղծում են պատճառը, որով արգելւել է Փափազեանի մուտքը Հայաստան

Անցեալ շաբաթ գրել էի մի աղմկայարոյց դէպքի մասին, երբ հայ պաշտօնեաները թոյլ չէին տւել ֆրանսահայ համայնքի ղեկավար Մուրադ Փափազեանին, որն իր կեանքը նւիրել է Հայ Դատի պաշտպանութեանը, մուտք գործել Հայաստան՝ Երեւանի օդանաւակայան ժամանելուց յետոյ։ Չնայած օդանաւակայանում Փափազեանի բազմիցս հնչեցրած հարցերին, թէ ինչու են հայ պաշտօնեաներն արգելում իր մուտքը երկիր, նրան այդպէս էլ պատասխան չեն տւել։ Այժմ մեկնաբանեմ այս գործի վերջին զարգացումները։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

 

Անցեալ շաբաթ գրել էի մի աղմկայարոյց դէպքի մասին, երբ հայ պաշտօնեաները թոյլ չէին տւել ֆրանսահայ համայնքի ղեկավար Մուրադ Փափազեանին, որն իր կեանքը նւիրել է Հայ Դատի պաշտպանութեանը, մուտք գործել Հայաստան՝ Երեւանի օդանաւակայան ժամանելուց յետոյ։ Չնայած օդանաւակայանում Փափազեանի բազմիցս հնչեցրած հարցերին, թէ ինչու են հայ պաշտօնեաներն արգելում իր մուտքը երկիր, նրան այդպէս էլ պատասխան չեն տւել։ Այժմ մեկնաբանեմ այս գործի վերջին զարգացումները։

Սկզբում պետական պաշտօնեաները լրատւամիջոցներին ասացին, որ չեն կարող բացայայտել Փափազեանի վտարման պատճառը՝ նրա անձնական կեանքի իրաւունքը չխախտելու համար։ Երբ Հայաստանի Սփիւռքի հարցերով գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանին առաջին անգամ հարցրին, թէ ինչու են Փափազեանին արգելել մուտք գործել երկիր, նա ասաց, որ գաղափար չունի։ Սինանեանը այնուհետեւ սխալմամբ պնդեց, որ Փափազեանի գլխաւորած կազմակերպութիւնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդը (CCAF), իրաւունք չունի ներկայացնելու ամբողջ ֆրանսահայ համայնքը, քանի որ այն ընդամէնը մէկ կազմակերպութիւն է։ Հակառակ Սինանեանի յայտարարութեան՝ CCAF-ը ոչ թէ մէկ կազմակերպութիւն է, այլ շուրջ 60 ֆրանսահայ կազմակերպութիւնների համախմբում։

Աւելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինեանի անանուն օգնականներից մէկն անցած շաբաթ ծաւալուն հարցազրոյց տւեց «Արմէնպրես» գործակալութեանը՝ պնդելով, որ Փափազեանին արգելել են մուտք գործել Հայաստան՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 8-րդ յօդւածի «1.գ» եւ «1.զ» կէտերը խախտելու համար։ Օգնականը շարունակեց՝ պնդելով, որ Փափազեանն այն անձանցից էր, որը 2021 թւականի յունիսի 1-ին Փարիզում յարձակւել է Փաշինեանի աւտոշարասեան վրայ: Ի՞նչ պատահեց կառավարութեան սկզբնական պատճառաբանութեանը, որ չի կարող բացայայտել Փափազեանի վտարման պատճառը՝ պաշտպանելու համար նրա անձնական կեանքի իրաւունքը: Նրա վտարման իրական պատճառը վարչապետի անհանդուրժողականութիւնն է իւրաքանչիւրի նկատմամբ, ով կը համարձակւի ընդդիմանալ իր վարչակարգին։

Ահա իրական փաստերը. ես ճշտեցի, որ Փափազեանը ներգրաււած չի եղել Փաշինեանի աւտոշարասեան վրայ որեւէ յարձակման մէջ, քանի որ նա այնտեղ չի եղել։ Բողոքի ակցիան իրականացւել է մի խումբ երիտասարդների կողմից, որոնք ցաւօք լոլիկ են նետել Փաշինեանի աւտոշարասեան վրայ։ Օտար հողում պատշաճ չէ նման բան անել Հայաստանի ղեկավարի նկատմամբ։ Այնուամենայնիւ, անցեալ տարւայ միջադէպը Հայաստանի կառավարութիւնն այնքան անկարեւոր էր համարել, որ Փարիզում Հայաստանի դեսպանութիւնը նոյնիսկ բողոք չէր ներկայացրել Ֆրանսիայի իշխանութիւններին։

Երկրորդ՝ շատ տարօրինակ է, որ 2021 թւականի յունիսի 1-ին Փարիզում տեղի ունեցած աւտոշարասեան միջադէպից յետոյ Փափազեանը չորս տարբեր առիթներով այցելել է Հայաստան, եւ Երեւանի օդանաւակայանում ոչ ոք չի խոչընդոտել նրա մուտքը։ Եթէ վարչապետի օգնականը լուրջ է վերաբերւում Փափազեանին ուղղւած իր անհիմն մեղադրանքին, ապա ինչո՞ւ կառավարութիւնը չի արգելել նրա մուտքը Հայաստան մէկ տարի շարունակ, այլ՝ միայն նրա հինգերորդ այցի ժամանակ։ Վարչապետի օգնականը, այսպիսով, ընդունում է, որ Հայաստանի պաշտօնեաներն այնքան անձեռնհաս են, որ նոյնիսկ չեն կարողանում պատշաճ կերպով իրականացնել իրենց սեփական որոշումները։

Աւելին, Փաշինեանի օգնականը կեղծօրէն պնդել է, որ մամուլում կան հրապարակումներ Փարիզի միջադէպի մասին, այդ թւում՝ տեսանիւթեր համացանցում, որոնք ցոյց են տալիս Փափազեանի եւ միւսների բողոքը։ Փաստն այն է, որ նման տեսանիւթ չկայ, որը ցոյց կը տայ Փափազեանի մասնակցութիւնն այդ բողոքի ակցիային, զուտ այն պատճառով, որ նա այնտեղ չի եղել: Եթէ նման տեսանիւթ լինէր, ապա Հայաստանի կառավարութիւնը այն լայնօրէն կը տարածէր՝ Փափազեանի մեղքն ապացուցելու համար։

Քանի որ վարչապետի օգնականը Փափազեանին ուղղւած իր մեղադրանքը հիմնաւորել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդւածի «1.գ» եւ «1.զ» կէտերով, ինձ հետաքրքրեց, որ նոյն օրէնքի 8-րդ յօդւածի 6-րդ կէտում նշւած են հետեւեալ միակ պետական պաշտօնեաները, որոնք կարող են մուտք գործել՝ Հայաստան մուտքի արգելք ունեցող անձանց սեւ ցուցակը՝ «Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմ, Ազգային անվտանգութեան գործակալութիւնը, ոստիկանութեան լիազօրւած պաշտօնեաները, ԱԳՆ պաշտօնեաները, դատարանները եւ դատախազութիւնը»: Կարեւոր է, որ ոչ անձամբ վարչապետը, ոչ էլ նրա օգնականները չկան այն պաշտօնեաների ցուցակում, որոնք իրաւասու են մուտք գործել սեւ ցուցակը: Փաշինեանի օգնականը որտեղի՞ց է իմացել, որ Փափազեանի անունը սեւ ցուցակում է, եւ ինչո՞ւ է արգելւել նրա մուտքը երկիր։ Սա օրէնքի ակնյայտ խախտում է, այն նոյն օրէնքի, որը մէջբերել է Փաշինեանի օգնականը՝ արդարացնելու Փափազեանի մուտքի արգելքը։ Կարգին ժողովրդավարական երկրում այս օգնականը եւ նրա վերադասները քրէական պատասխանատւութեան կենթարկւէին օրէնքը խախտելու համար: Այն, ինչ նրանք արել են Փափազեանի նկատմամբ, իշխանութեան չարաշահում է։ Հայաստանը Փաշինեանի սեփական տունը չէ, որ նա որոշի, թէ ում ներս թողնել, ում արգելել։

Վերջապէս, մինչ կառավարութիւնը զբաղւած է մի ազգայնասէր հայի մուտքը երկիր արգելափակելով, սոցիալական ցանցերում լայնօրէն տարածւած տեսանիւթում երեւում է, թէ ինչպէս է թուրք ծայրայեղականը Երեւանում Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրում լեզուն դուրս հանած, գայլի պէս ոռնում, հիստերիկ քրքջում, ծաղրում Հայոց Ցեղասպանութիւնը եւ թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբաւորման ձեռքի շարժումն անում՝ կրելով թուրքական ֆուտբոլային ակումբի դրօշը, որի վրայ պատկերւած են կիսալուսինն ու աստղը՝ Թուրքիայի Հանրապետութեան խորհրդանիշը։ Թէեւ ոստիկանութիւնը միշտ չէ, որ կարող է կանխել նման այլանդակ միջադէպերը, սակայն եթէ հայ պաշտօնեաներն այդքան զբաղւած չլինէին իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելով, նրանք աւելի շատ ժամանակ կունենային զբաղւելու հայ ազգի իսկական թշնամիներով։ Որքա՜ն հեգնական է, որ հայ ազգայնասէրին արգելում են մուտք գործել Հայաստան, միեւնոյն ժամանակ թուրք ծայրայեղականին թոյլ են տալիս մուտք գործել երկիր եւ վիրաւորել Ցեղասպանութեան նահատակների յիշատակը։

Շատ աւելի լաւ կը լինէր, որ հայ պաշտօնեաներն ասէին ճշմարտութիւնը՝ խոստովանելով, որ չպէտք է Փափազեանին վտարէին Հայաստանից, այլ ոչ թէ իրենց սկզբնական սխալը կոծկելու համար նոր ստեր յօրինէին։

 

 

Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։