Հա

Քաղաքական

28/07/2022 - 10:00

«Ճեղքել, ճեղքել, ճեղքել ինքնութեան ճգնաժամի պատը». Լիլիթ Գալստեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը գրում է.

«Ճգնաժամերը մենակ չեն գալիս։ Քաղաքական լրջագոյն ճգնաժամի, ես կասէի՝ համակողմանի գոյաբանական ճգնաժամի մէջ յայտնւած մեր հասարակութիւնն ինքնութեան ծանր ճգնաժամ է ապրում։ Սա ակնյայտ է, սպառնալի, ոչ մի տեղ չտանող... 

Ըստ էութեան, դժւար է համոզւած պնդել. ինքնութեան ճգնաժամը նախորդում է քաղաքականին, թէ՝ հակառակը։ Թէեւ հակւած եմ հաստատելու, որ այն, ինչ կատարւում է մեր հասարակութեան հետ՝ շարունակ խորացող արժէքային եւ բարոյական դեգրադացիան, քայքայումը, ազգային կազմաքանդումը, անսպասելի էր կամ՝ յանկարծահաս...

Ինքնութիւնն, իհարկէ, ո՜չ քարացած երեւոյթ/ֆենոմեն/ է, եւ ոչ էլ՝ կենսաբանական։ Ժամանակը, ցանցային աշխարհի ալգոռիթմերը, աշխարհաքաղաքական միջավայրը, ազդեցութեան գործակալական ցանցերը, ազգի բարոյահոգեբանական ստատուսը թողնում են իրենց անխուսափելի ազդեցութիւնը։

Մենք կաթիլ-կաթիլ յայտնւեցինք այս սողացող պատերազմի տակ, թոյլ եւ խոցելի էին մեր ինստիտուցիոնալ համակարգերը... երբ ինչ-որ խառնամբող յարձակւեց Վեհափառի վրայ՝ կուլ տւեցինք, երբ դպրոցից հոգեւորականին դուրս դրեցին՝ լռեցինք, երբ արցախցի-հայաստանցի դիսկուրս բացւեց՝ հանդուրժեցինք, երբ հայոց լեզուն ամէն վայրկեան ոտնատակ արւեց՝ անտարբեր անցանք, երբ ուսուցչին նւաստացրին, ծաղրի առարկայ դարձրին՝ թաքուն հրճւեցինք, երբ կրթական համակարգը քաղաքականացրին՝ մատների արանքով նայեցինք, երբ ազգային միտքը պիտակաւորւեց, չարախնդացինք, երբ մեր պատմական ցաւն ու յիշողութիւնը փորձեցին ուրանալ, մենք ազգովի չընդվզեցինք, երբ յաղթանակած բանակը ոտնակոխ արեցին՝ կամք չունեցանք թացն ու չորը զատել, երբ Հայրենիքի մի կտորին ամայի ու անպէտք հողատարածք անւանեցին՝ հանդուրժեցինք, պետութիւնից վերցնելը, ստանալը, նաեւ գողանալն աւելի տարածական մտածողութիւն է, քան տալը / բացառիկներին, ազնիւներին ու նւիրեալներին խոնարհում, կան՝ բայց քիչ/...

Օվերտոնը բացւել էր... ու մենք ոչ ներքին, որ էլ արտաքինին թշնամուն դիմադրելու որ կամք, ոչ կորով, ոչ էլ՝ համոզում ու ցանկութիւն ունէինք։ Սուտը, անբարոյականութիւնն ու տգիտութիւնը կերան մեզ ներսից։ Այս խորացող քաոսացումը ձեռնտու է բոլորին, բացի մեզանից՝ հայ ժողովրդից։ /Պատմութիւնը դաս չի դառնում մեզ համար, ու, ցաւօք, այն կրկնւելու յատկութիւն ունի/։ 

Ու հիմա, հաւաքական հայութիւնն իր անցյալն աւելի է ատում /առանց մեղքի եւ պատասխանատւութեան զգացողութեան/, քան գնահատում է ներկան ու արժեւորում ապագան՝ չտեսնելով իր մեղքի ու պատասխանատւութեան բաժինը։

Մեզ նման փոքր ազգերի համար հաւաքական ինքնութեան հենարանային, բազային արժէքները թթւածնի գինն ունեն։ Չի կարող յաղթել, առաջ գնալ, զարգանալ եւ մրցակցային լինել այն ազգը, որն ուրանում է իր անցեալը, ռացիոնալ դատողութեան դաշտին գերադասում է կոյր եւ ոչնչացնող ատելութիւնը, նաեւ պատասխանատւութիւն չի զգում ապագայի հանդէպ։ /Նորից կրկնեմ՝ այս իրականութիւնը մէկ օրում չունեցանք․ պատճառների մասին շատ ենք խօսել/։ 

Ես աւտորիտար ռեժիմների կողմնակից չեմ։ Ոչ էլ կարծում եմ, թէ Բութանի պէս կարող ենք երկիրը փակել, երջանկութեան նախարարութիւն հիմնել ու տապակւել մեր իւղի մէջ։

Բայց համոզւած եմ անվերապահօրէն, որ մեր ազգային պետական շահը պահանջում է սահմանել մեր հաւաքական ինքնութեան /single identity/ կարմիր գծերը․ անգամ, եթէ դրանք դոգմատիկ կամ աւտորիտար կարող ենք հնչել, բայց համոզւած եմ, որ այսպէս է հնարաւոր ամրացնել մեր ողնաշարն ու դիմադրել, կայանալ, չտարալուծւել, չվերջանալ...

Եւ, այնուամենայնիւ, սա դատավճիռ չէ...

ԿՐԹՈՒԹԻՒՆ եւ ՄՇԱԿՈՅԹ․ սրանք են այն միակ գործիքները, որոնցով հնարաւոր է յաղթել ինքնութեան/մեր գոյութեան/ հաւաքական ճգնաժամը։

Եւ սա պահանջում է իշխանութիւն, որը գիտակցում է կրթութեան եւ մշակոյթի քաղաքական, ազգակերտ դերակատութիւնը։

Իսկ աւելի ճիշտ՝ մեր ինքնութեան ճգնաժամը յաղթահարելու եւ ազգային պետութիւն կառուցելու յանձնառութիւն ունի։

Յ.Գ.

Օրերս ժամանակակից արւեստի մի հրաշալի հաւաքածու տեսայ՝ Հ․ Իգիթեանի հիմնած թանգարանի ֆոնդերից, որ ցուցադրւում է ԱԳՆ նախկին տարածքներում։ Բարձր արւեստի այդ հրավառութիւնից շունչս կտրւում էր, ու ողջ ընթացքում մի միտք չէր լքում ինձ՝ ուր էինք, ուր հասանք...

Եւ, այնուամենայնիւ, անգամ այդ հաւաքածուն ինձ ուժ է տալիս, մենք անսպառ ներուժ ունենք, տաղանդաւոր ենք, արարող... կարող ենք ճեղքել անելի այս պատը... ճեղքել... ճեղքել... ճեղքել...»:

 

Յարակից լուրեր

  • «Գուցէ խոստովանէք, որ «խաղաղութեան» ձեր դիսկուրսն իրականում պետութեան ինքնասպանութիւնն էր». Լիլիթ Գալստեան
    «Գուցէ խոստովանէք, որ «խաղաղութեան» ձեր դիսկուրսն իրականում պետութեան ինքնասպանութիւնն էր». Լիլիթ Գալստեան

    Մեր ՄԵԾ ՅԱՂԹԱՆԱԿԸ՝ ԱՐՑԱԽԸ տանուլ տւած գերագոյն հրամանատարը չի կարող խաղաղութեան բանակցող լինել, ոչ էլ՝ երկրի անվտանգութեան երաշխաւոր։

    Բաւական է կառչել բացակայ ժողովրդավարութիւնից, Հայաստանում գոյութիւն չունեցող ժողովրդավարութիւնից։ Ու վերջապէս, եթէ անգամ այն կայ, գրոշ չարժի, եթէ այն իմ պետականութեան կորստի գինն ունեցաւ։

  • Այսօր թուրքը Սիւնիքը Հայաստանից պոկելու ծրագիրն է իրականացնում
    Այսօր թուրքը Սիւնիքը Հայաստանից պոկելու ծրագիրն է իրականացնում

    Պէտք են հեղինակութիւններ, որոնք կարող են ազգին առաջնորդել, այս կործանումից դուրս բերել. մի կողմից հեղինակութիւն լինել հանրութեան համար, եւ միասին կարողանանք ազգի փրկութեան ծրագիր մշակել. այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովի մոտ զոհւած զինծառայողների ծնողների եւ այլ քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

  • «Պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վ․ Դադրեանի լքւած շիրմի խնդրով». Լիլիթ Գալստեան
    «Պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վ․ Դադրեանի լքւած շիրմի խնդրով». Լիլիթ Գալստեան

    Օգոստոսի 26-ն պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վահագն Դադրեանի լքւած շիրմի խնդրով։

    Յիշեցնեմ, որ 2019-ի օգոստոսին, հաշւի առնելով ականաւոր գիտնականի մեծ վաստակը, Կառավարութեան որոշումով ստեղծւել էր պետական յանձնաժողով Վ. Դադրեանի աճիւնը Հայաստան տեղափոխելու եւ այստեղ յուղարկաւորելու նպատակով։

  • Նրանք «Հանրապետութիւն», մենք՝ ինքնասպանութիւն բովանդակութեամբ խաղաղութիւն ենք բեմադրում....
    Նրանք «Հանրապետութիւն», մենք՝ ինքնասպանութիւն բովանդակութեամբ խաղաղութիւն ենք բեմադրում....

    Վերջերս Թուրքիայում / Գոնիայում/ կայացած խորհրդաժողովում, Ի․ Ալիեւը խօսելով կրթութեան մասին, այսպիսի միտք է յայտնել․ «Կրթութիւնը մեզ համար շատ կարեւոր է։ Այն դաստիարակում եւ կրթում է հայրենասէրների, որոնք հողեր են վերադարձնում։ Մենք նրանց մոտիւացնում ենք։ Նւիրումը ամենամեծ առաքելութիւնն է»։

  • Լուրեր դժոխքից կամ պետութիւնը կազմաքանդելու հերթական ծրագիրը
    Լուրեր դժոխքից կամ պետութիւնը կազմաքանդելու հերթական ծրագիրը

    Արժէքային եւ բարոյական համատարած ճգնաժամի, աւելի ճիշտ՝ համապարփակ պարտութեան, տգիտութեան, ամենաթողութեան, չափանիշների տոտալ չգոյութեան, նահանջների ու դեգրադացիայի այս իրականութեան մէջ, երբ յաճախ թւում է, թէ հասարակութիւնը մերժում է պետականութիւն ու ինքնութիւն ունենալ, կրթութիւնը բացառիկօրէն կարեւորւում է։ Այն բանակին հաւասարազօր զէնք է, ինքնակազմակերպւելու, ինքնայաղթահարելու, ոտքի կանգնելու միջոց, այս օրերին թերեւս՝ պետականութիւն ունենալու, նրա հետագայ գոյութիւնը երաշխաւորող ամենաողնաշարային արժէքը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։