Նիկոլ Փաշինեանը, ամենայնից զատ, իսկ գուցէ ամենից առաջ ստի վաճառական է։ Լաւ վաճառական։ Նա տարիներ, տասնամեակներ շարունակ լրագրողի, խմբագրի, ապա՝ ընդդիմադիրի դերերում հմտացել է՝ սուտը՝ որպէս ճշմարտութիւն, իրականը՝ որպէս կեղծ, կեղծը՝ որպէս բնօրինակ հրամցնելու գործում։ Նոյնը շարունակում է նաեւ պետութեան ղեկավարի կարգավիճակում։ Ճշմարտութեան տեղ մատուցւող նրա ստերն անսահմանօրէն շատ են, բայց դրանց թւում կան յատկապէս ու առանձնապէս այնպիսիք, որոնք ունեն համակարգաստեղծ նշանակութիւն եւ կենսական ազդեցութիւն են թողնում պետութեան ու հասարակութեան վրայ։
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Նիկոլ Փաշինեանը, ամենայնից զատ, իսկ գուցէ ամենից առաջ ստի վաճառական է։ Լաւ վաճառական։ Նա տարիներ, տասնամեակներ շարունակ լրագրողի, խմբագրի, ապա՝ ընդդիմադիրի դերերում հմտացել է՝ սուտը՝ որպէս ճշմարտութիւն, իրականը՝ որպէս կեղծ, կեղծը՝ որպէս բնօրինակ հրամցնելու գործում։ Նոյնը շարունակում է նաեւ պետութեան ղեկավարի կարգավիճակում։ Ճշմարտութեան տեղ մատուցւող նրա ստերն անսահմանօրէն շատ են, բայց դրանց թւում կան յատկապէս ու առանձնապէս այնպիսիք, որոնք ունեն համակարգաստեղծ նշանակութիւն եւ կենսական ազդեցութիւն են թողնում պետութեան ու հասարակութեան վրայ։
Ահա այդպիսի մեծագոյն ստերից մէկը «Հայաստանի ժողովրդավարական բրենդի» մասին ցնդաբանութիւնն է, որը Նիկոլ Փաշինեանն ամէն առիթով ներկայացնում է ոչ միայն ու ոչ այնքան՝ ներքին, որքան՝ արտաքին լսարանին, որի առաջին շարքերում նստած արեւմտեան դեսպանները սոովորութիւն ունեն լսելու ոչ թէ ճշմարտութիւններ, այլ այն, ինչը որպէս ճշմարտութիւն ձեռնտու է իրենց երկրների այդրոպեական շահին։
Եւ ահա «ժողովրդավարութեան» մասին այդ նաղլը ներքին ու արտաքին շուկայում իրացնելուն զուգահեռ՝ Նիկոլ Փաշինեանը հետեւողականօրէն կառուցում է անձնիշխանական այնպիսի համակարգ, որում կայ միայն մէկ տեսակէտ, հնչում է միայն մէկ կարծիք, կայացւում է միայն մէկ որոշում, եւ այդ մէկի հեղինակն ինքն է։ Նիկոլ Փաշինեանը դա անում է առանց աւելորդ ձեւականութիւնների՝ նրբօրէն, իսկ աւելի յաճախ՝ գռեհկաբար թքած ունենալով այն հանգամանքի վրայ, որ բովանդակութեամբ աւտորիտար իր իշխանութեան դրսեւորումներն անցնում են բոլոր թոյլատրելի սահմանները։ Ահա «ժողովրդավարութեան բաստիոն» այս երկրում ղեկավարը հրահանգում է նախարարական աշխատասենեակներից մինչեւ վերջին պահակակէտը կախել սեփական լուսանկարները՝ մոռանալով, որ ժամանակին կրծքով պայքարում էր այդ երեւոյթի դէմ։ Նա ամէն շաբաթ դպրոցի ուսմասվարի հպարտութեամբ վայելում է տեսարանը, թէ ինչպէս են տասնեակ կոստիւմաւոր տղամարդիկ եւ ոչ միայն տղամարդիկ յոտնկայս դիմաւորում իրեն կառավարութեան նիստերի մեկնարկին։
Բայց այնպէս չէ, որ Նիկոլ Փաշինեանը բաւարարւում է միայն անձնիշխանութեան մակերեսային ցուցքերով։ Նա այլեւս ազատ է զգում իրեն վիրաւորողին երկիր մուտք թոյլ չտալու, իրեն քննադատողին կալանաւորելու, վերջինիս եղբօրն էլ աշխատանքից ազատելու հարցում, որովհետեւ մինչ այդ հասցրել է վնգստացնել դատաւորների զգալի մասին, հնազանդեցնել երբեմնի ընդդիմադիր նոյնքան ՏԻՄ ղեկավարների, ու այդպէս շարունակ։
Այսպիսի, ընդ որում, խորհրդարանական կառավարում ունեցող երկրում այլեւս զարմանալի չէ, որ դրա ղեկավարն ալկոհոլի ազդեցութեան տակ որոշում է մանդատներից զրկել ընդդիմադիրներին, իսկ խումհարից յետոյ փոշմանում է ու մի ամբողջ Ազգային ժողովի դրդում զբաղւել իր իսկ որոշման չեղարկման ներկայացմամբ…
Սրանք, ինչպէս եւ չյիշատակւած բազմաթիւ դէպքեր վկայում են այն մասին, որ Նիկոլ Փաշինեանը հետեւողականօրէն ամրապնդում է սեփական անձի իշխանութիւնը եւ դա չի անում անգամ սեփական կուսակցութեան իշխանութեան ամրապնդման միջոցով, որը խիստ վերապահումներով կարելի կը լինէր գոնէ քաղաքական մօտեցում համարել։ Նրան հետաքրքրում է միայն ու բացառապէս սեփական անձը, որի բարդոյթները բաւարարում է պետութեան ու հասարակութեան հաշւին։
Նիկոլ Փաշինեանը կազմաքանդել է պետական կառավարման համակարգը՝ որպէս իշխանութեան սուբիեկտ, իսկ իշխանութեան թեւերի տարանջատման՝ տարրական ժողովրդավարական սկզբունքը դարձրել է եթերային, ինչպէս Վիկտորինի ու Թրէյսիի ժպիտները՝ հայկական ժողովրդավարութեան մասին հեքիաթի հերթական ունկնդրման ժամանակ։
Նիկոլ Փաշինեանը կերտում է իր անձնիշխանութիւնը՝ ժողովրդավարական փաթեթաւորմամբ։ Նրան չի յուզում, որ այդ ընթացքում ժողովրդավարական փաթեթաւորման գծով համաշխարհային գուրուները փաթեթաւորում են Հայաստանը՝ յարմար պահի այն լիկւիդացնելու նպատակով։ Նիկոլ Փաշինեանը Հայաստանը վաճառում է հէնց լիկւիդացիոն արժէքով, որն իր համար արտայայտւում է սեփական իշխանութեամբ։ Գնորդներն առայժմ շռայլօրէն վճարում են։
168.am