Հա

Քաղաքական

30/07/2022 - 10:20

Յաջողութեան հասնելու միակ ճանապարհը համաժողովրդական պահանջի եւ դրանից բխող գործական քայլերի դրսեւորումն է

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում յուլիսի 29-ի «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքին.

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում յուլիսի 29-ի «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքին.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ես բազմիցս արդէն խօսել եմ այն ձեռքբերումների մասին, որոնք մենք միասին ունեցել ենք այս շարժման արդիւնքում։ Ամենայն պատասխանատւութեամբ յայտարարում եմ՝ ապրիլի վերջից մինչ այս օրը դուք՝ այստեղ հաւաքւած քաղաքացիներդ, դարձել էք մեր երկրի անվտանգութեան թիւ մէկ գործօնը։ Դա հպարտանալու, բայց միաժամանակ ցաւալի փաստ է։ Մինչ դաւաճանների այս խմբակի իշխանութեան գալը՝ Հայաստանի անվտանգութիւնն ապահովում էին մեր բանակը, մեր յատուկ ծառայութիւնները, մեր դիւանագիտութիւնը։ Սակայն այսօր պետութիւն չկայ։ Բոլոր այդ կառոյցները գերեվարւել են դաւաճան Նիկոլի կողմից ու դարձել նրա կամակատարները։ Բայց փոխարէնը կաք դուք։ ՀՀ արժանապատիւ քաղաքացիներ, որոնք պաշտպանում են Հայաստանի իրական շահը, որոնք ի լուր աշխարհի ասում են՝ տէր ենք մեր հայրենիքին եւ պատրաստ ենք պայքարել հայրենիքի համար:

Եւ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ մեր պայքարը արդիւնաւէտ չէ, թող տեսնեն, թէ «Դիմադրութիւն» շարժման մասին ինչպէս են արտայայտւում Թուրքիայում եւ Ադրբեջանում, թող տեսնեն, թէ որքան անհանգիստ են թշնամի պետութեան ղեկավարները Հայաստանի իշխանութեան ճակատագրով։ Միայն այդ փաստը վկայում է շարժման յաջողութեան մասին:

Սիրելի՛ հայրենակիցներ, ձեռքբերումներն ակնյայտ են, սակայն ես գիտեմ, որ ձեզանից շատերի սպասելիքները շատ աւելին էին, քան մինչ այս պահը մեր ունեցած արդիւնքներն են։

Մենք մեր առջեւ խնդիր էինք դրել կարճ ժամանակահատւածում հեռացնել այս իշխանութիւններին, որը առայժմ չի ստացւել։ Մեր գլխաւոր խնդիրը շարունակում է մնալ չլուծւած։ Հայաստանը դեռեւս ղեկավարում է մեզ՝ բոլորիս համար գոյաբանական վտանգներ կայացնողը։ Սա է պատճառը, որ անցնող ամիսներին մեզ հետ փողոցում պայքարող մեր բազում ընկերներ երբեմն ընկճւած են, զայրացած, բայց ոչ երբեք՝ կոտրւած:

Բայց եթէ պայքարը երկարում է, դրանից ոչ թէ պէտք է ընկճւել կամ հիասթափւել, այլ պէտք է արձանագրել բացթողումները, լուծել խնդիրները եւ գնալ առաջ: Պայքարը պէտք է դարձնել ապրելակերպ, մեր առօրեան:

Եթէ պատերազմի ժամանակ մարտը ձգւում է, իսկ մարտի ժամանակ ունենում ես նաեւ զոհեր, կորուստներ, ինչու չէ՝ նաեւ դասալիքներ, դա չի նշանակում, որ զէնքերը պէտք է վայր դնել եւ նահանջել, տւեալ դէպքում՝ պէտք է վերադասաւորւել, մոբիլիզացնել ուժերը, տրամադրւել տեւական պայքարի եւ գնալ յաղթանակի յետեւից: Մենք առաջնորդւում ենք այդ սկզբունքով եւ տրամաբանութեամբ:

Ասում էին՝ իբր սեպտեմբերին խորհրդարան ենք վերադառնալու ու իբր աշխատելու ենք այս իշխանութիւնների հետ։ Ընդ որում՝ դա անում են՝ լկտիաբար աղաւաղելով իմ խօսքերը։ Ես նման բան երբեք չեմ ասել։ Դա բացարձակ եւ անբարոյ սուտ է:

Մէկ անգամ եւս յատուկ չհասկացողների համար պէտք է ասեմ այն, ինչ ասում ենք վերջին երեք ամիսների ընթացքում՝ եթէ ընդդիմութիւնը գնայ խորհրդարան, ապա գնալու է բացառապէս իր այն օրակարգով, որը ձեւաւորել է մեր ժողովուրդը:

Այդ օրակարգը շատ յստակ է՝ Նիկոլի հեռացում, Հայաստանին ու Արցախին ուղղւած սպառնալիքների դէմ պայքար, Հայաստանի ու Արցախի կենսական հարցերի լուծման մեր նախաձեռնութիւնները:

ԱԺ-ում մեծամասնութիւն կազմող խմբակը մանդատներից զրկելու շանտաժով չի կարող մեզ ներքաշել իր հայրենադաւ եւ ապազգային դաւադրութեան մէջ։ ՔՊ ուսապարկերը իրենց ծոծրակները կը տեսնեն, բայց մեզ իրենց կեղծ օրակարգերով միեւնոյն դահլիճում չեն տեսնի։

Աւելի պարզ եւ հիմնաւոր ձեւակերպեմ՝ հայ ժողովուրդը, ցաւօք, այլեւս չունի միասնական կամարտայայտման այլ հարթակ, քան փողոցն է, քան այս հրապարակն է։ Միւս բոլոր ինստիտուցիոնալ հարթակները, որտեղ այլ պայմաններում հնարաւոր կը լինէր քննարկել հայ ժողովրդի շահերին առնչւող հարցեր, զաւթւած են թուրքահպատակ դաւաճանի կողմից։ Հետեւաբար, մեր փողոցային պայքարն այս պահին այլընտրանք չունի։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք հիմա շատ կարեւոր հանգրւանի ենք հասել։ Խօսքս միայն մեր Շարժման մասին չէ։ Խօսքս նաեւ պետութեան, օրւայ իշխանութիւնների եւ, ընդհանրապէս, տարածաշրջանային զարգացումների մասին է։ Այս փուլում բոլորն իրենց առաջիկայ անելիքներն են պլանաւորում։ Այսպէս՝ թշնամի երկրների յատուկ ծառայութիւնները բացէիբաց յայտարարում եւ քննարկում են՝ ինչպէս չէզոքացնել մեր Շարժումը։ Դաւաճանների խմբակը մտածում է՝ ինչպէս պահպանել իշխանութիւնը։ Շարունակւում են շինծու քրէական գործերը, հետապնդումները, քաղբանտարկեալները շարունակում են մնալ կալանքի տակ: Կրկնում եմ՝ սրանց միակ յենարանը ուժային կառոյցներն են:

Եւ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այն բոլոր առաջադրանքները, որոնց մասին մենք այս հարթակից խօսել ենք, դրանց շուրջ կատարւում են աշխատանքներ, այն բոլոր հարցերը, որոնք դուք պարբերաբար հնչեցնում էք, բարձրաձայնում էք, դրանք բոլորը մենք հաշւառել ենք, գոյքագրել։

Սիրելի՛ հայրենակիցներ, «Դիմադրութիւն» շարժման նպատակներն ու խնդիրները յստակ են. մենք պէտք է կանխենք կենսական զիջումներ պարտադրող կապիտուլեացիոն նոր պայմանագրերի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցութեան որեւէ համաձայնութեան կայացում, կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինեանը հայ ժողովրդի անունից բանակցելու մանդատ չունի:

Համաժողովրդական անհնազանդութեան միջոցով հասնենք Նիկոլի հեռացմանը՝ լինի հրաժարականի կամ պաշտօնանկութեան միջոցով։ Պայքարն այս երկու ուղղութիւններով պէտք է ընթանայ զուգահեռ եւ լինի փոխլրացնող։ Եթէ գնանք պաշտօնանկութեան (իմպիչմենտի) ճանապարհով՝ դրա համար անհրաժեշտ է բաւարարել օրէնքով նախատեսւած երկու պահանջները՝ պաշտօնանկութեան իրաւական-քաղաքական հիմքեր եւ ժողովրդի կողմից վարչապետի թեկանածուի առաջադրում: Նիկոլի պաշտօնանկութեան իրաւական-քաղաքական հիմքեր յստակ են եւ ամբողջութեամբ ձեւակերպւած, իսկ ժողովրդի կողմից առաջադրւող թեկնածուին կորոշենք միասին այս հրապարակում:

Մամուլի վերնագրերից, անհարկի շահարկումներից խուսափելու համար յատուկ ընդգծում եմ՝ խորհրդարանով պաշտօնանկութեան գործընթացը կը սկսենք այն ժամանակ, երբ յաջողութեան հասնելու բաւարար հիմքեր լինեն։ Այսինքն՝ որեւէ քայլ եւ գործողութիւն ինքնանպատակ չի լինելու:

Պարզ ասեմ՝ Նիկոլի հեռացման համար կայ երկու ճանապարհ՝ հրաժարական կամ պաշտօնանկութիւն, դրանցից որեւէ մէկին հասնելու համար անհրաժեշտ է հանրային համաժողովրդական ճնշման գործնական դրսեւորում։

Շարժման որակական եւ քանակական մակարդակն է, որ, ի վերջոյ, կանխորոշելու է մեր պայքարի արդիւնաւէտութիւնը։

Յաջողութեան հասնելու միակ ճանապարհը համաժողովրդական պահանջի եւ դրանից բխող գործական քայլերի դրսեւորումն է: Հետեւաբար, թիրախային, յստակ պլանաւորւած քայլերով եւ գործողութիւններով պէտք է հասնենք դրան»։

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։