Հա

Քաղաքական

31/07/2022 - 14:10

«Չի կարելի պատերազմից խուսափելու պատրւակով անընդհատ զիջել, երբ Ադրբեջանը շարունակաբար նոր տարածքների է յաւակնում». Աշոտ Մելքոնեան

Առանց Արցախի՝ հայ-ադրբեջանական յարաբերութիւններ չեն կարող լինել։ Ադրբեջանական դիրքորոշման համաձայն՝ Արցախի խնդիրը փակւած է, մեզ եւս ստիպում են հաշտւել այդ հանգամանքի հետ։ Բաքուն ասում է՝ Արցախի խնդիր չկայ, նոյնիսկ նման վարչական միաւոր կամ շրջան գոյութիւն չունի Ադրբեջանի կազմում, խնդիրն օրակարգից հանւել է, Հայաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնները դարձել են ուղղակի, եւ իրենց պատկերացմամբ՝ այդ «խոչընդոտը» մէկընդմիշտ վերացել է։ Նշանակում է՝ ըստ Բաքւի՝ յարաբերութիւնները պէտք է կառուցւեն առանց Արցախի խնդիրը շօշափելու։

«alikonline.ir» - Առանց Արցախի՝ հայ-ադրբեջանական յարաբերութիւններ չեն կարող լինել։ Ադրբեջանական դիրքորոշման համաձայն՝ Արցախի խնդիրը փակւած է, մեզ եւս ստիպում են հաշտւել այդ հանգամանքի հետ։ Բաքուն ասում է՝ Արցախի խնդիր չկայ, նոյնիսկ նման վարչական միաւոր կամ շրջան գոյութիւն չունի Ադրբեջանի կազմում, խնդիրն օրակարգից հանւել է, Հայաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնները դարձել են ուղղակի, եւ իրենց պատկերացմամբ՝ այդ «խոչընդոտը» մէկընդմիշտ վերացել է։ Նշանակում է՝ ըստ Բաքւի՝ յարաբերութիւնները պէտք է կառուցւեն առանց Արցախի խնդիրը շօշափելու։ Ցաւալիօրէն, մեր իշխանութեան մէջ եւս օրէցօր աճում են այն ուժերը, որոնք ուզում են հաշտւել այս վիճակի հետ՝ պատճառաբանելով, թէ այլ կերպ գործելը կարող է նոր պատերազմի բերել, որին մենք պատրաստ չենք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը։

«Ասում են, թէ մենք իբր պէտք է զիջողի կարգավիճակում լինենք՝ նոր պատերազմից խուսափելու համար, բայց այս մտայնութիւնը բացարձակապէս արդարացւած չէ։ Այս իրավիճակը յիշեցնում է Յովհաննէս Թումանեանի անխելք կկւի պատմութիւնը։ Երբ աղւէսը գալիս եւ կկւի ձագերին է ուզում, կկուն մտածում է, թէ մէկ ձագի զոհելով՝ կը փրկի միւսներին, յետոյ՝ երկրորդը, երրորդը, եւ այսպէս շարունակ։ ժամանակն է, որ հասկանանք՝ ի վերջոյ պէտք է խելացի կկու լինել եւ աղւէսին տանել գամփռի մօտ, որ պատառոտի նրան։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս զիջողական հոգեբանութիւնը, իրենց պատկերացմամբ, խնդրի լուծում է, մինչդեռ իրականում ուղիղ հակառակն է։ Յիշենք Ադրբեջանի հռետորաբանութիւնն առաջին դէմքի մակարդակով 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ եւ այսօր»,- ասաց պատմաբանը։

«Բաքւի հռետորաբանութիւնն օրէցօր աւելի ցինիկ ու լկտի է դառնում, եւ մեր երկրի ղեկավարի, իշխանութեան, զինւորականութեան հասցէին հնչեցրած բոլոր վիրաւորանքներն ի վերջոյ հասցէագրւում են հայ ժողովրդին, մեր երկրին, համայն հայութեանը։ Որքան զիջենք, թշնամին աւելի ցինիկ ու լկտի է դառնալու։ Պէտք է հասկանալ, որ «Մեր ուժը մեր թուլութեան մէջ է» կարգախօսը բացարձակապէս չի աշխատում։

Ցաւօք սրտի, կան մարդիկ, որոնք պնդում են, թէ խաղաղասէր են, կողմնակից են տարածաշրջանում հարեւանների հետ խաղաղ եւ հանդարտ ապրելուն։ Իրականութեան մէջ՝ որքան մենք խօսում ենք խաղաղութիւնից, այնքան մեր հարեւանը խօսում է հնարաւոր պատերազմի եւ տարածքային յաւակնութիւնների մասին։ Օրէցօր Ադրբեջանում յայտնւում են նորանոր քարտէզներ, որոնցում հայ-ադրբեջանական սահմանը Գեղարքունիքում հասնում է Սեւանայ լիճ, կիսում այն՝ արեւելեան ափը թողնելով թշնամուն, ադրբեջանական են համարում նաեւ Վայոց Ձորի եւ Սիւնիքի մարզերը»,- նշեց Աշոտ Մելքոնեանը։

Ակադեմիկոսի կարծիքով՝ Ալիեւը, միջազգայնագէտ լինելով, շարունակաբար պատմութիւնից է խօսում, այսպէս կոչւած, «Գեոյչայից», «Էրիւանից», «Շարուր-Դարալագեազից», բայց համարժէք մակարդակով նրան պատասխան չի լինում. «Տեղանունները թիւրքացւում են, հայաբնակ տարածքների մասին թիւր կարծիքներ են տարածւում, թէ իբր Երեւանը եւ Արեւելեան Հայաստանը գերազանցապէս թուրքալեզու բնակչութիւն ունէին։ Այս ամէնը հեքիաթի ժանրից է, եւ Երեւանի պատմութեան մասին նոր հրատարակութեան մէջ ամբողջապէս հերքւած է այն կեղծ տեսակէտը, թէ Երեւանի բնակչութեան մեծամասնութիւնը կամ Արեւելեան Հայաստանի բնակչութեան 32 տոկոսն է միայն հայաբնակ եղել, մնացածը թուրքաբնակ էր։ Նման բան չկայ, եւրոպական սկզբնաղբիւրների ուսումնասիրութիւնը վկայում է, որ Իւան Շոպէնի կեղծ տւեալները, որոնք բերւում են Արեւելեան Հայաստանի՝ Ռուսաստանին միացումից յետոյ, արդիւնք են պատերազմական վիճակի իրադրութեան, եւ երբեւէ Երեւանի կամ Արեւելեան Հայաստանի բնակչութեան խճանկարում մահմեդականները չեն գերակշռել»:

«Միջին Ասիայում հերթական անգամ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ալիեւը ժամանակին հարց բարձրացրեց, թէ հայերն իբր սկսել են երկրպագել «ֆաշիստ» Գարեգին Նժդեհին։ Բնականաբար, եթէ երկրի ղեկավարը համապատասխան տեղեկատւութեան տիրապետէր, նա կը խօսէր Ռասուլզադէի մասին։ Եթէ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ընդամէնը հինգ-վեց հազար հայ լեգեոնական կար, ինչն էլ պայմանաւորւած էր Նժդեհի, Դրոյի եւ Արտաշէս Աբեղեանի այն մտահոգութեամբ, որ Թուրքիան կը մասնակցի պատերազմին, իսկ դա էլ կը նշանակի հայ ժողովրդի վերջնական ցեղասպանում, Ռասուլզադէն 42 հազարանոց մահմեդական ընդհանուր կորպուսի հրամանատար էր, մուսաւաթական Ադրբեջանի խորհրդարանի նախագահը։ Ոչ ոք այդպէս էլ ձայն չհանեց նրա մասին, ասես Ռասուլզադէ չի էլ եղել»,- ամփոփեց Աշոտ Մելքոնեանը:

 

Դաւիթ Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։