Հա

Քաղաքական

01/08/2022 - 13:10

«Մտահոգութիւնս այն է, որ Ադրբեջանը կարող է ՀՀ իշխանութիւնների հետ պայմանաւորւած ագրեսիա խաղարկել՝ յանձնելով նոր տարածքներ». Աբրահամեան

Անընդհատ պաշտօնական հաղորդագրութիւններ է տարածւում տարբեր ուղղութիւններով՝ Արցախի եւ ՀՀ-ի կողմից, հրադադարի ռեժիմի խախտումներ մասին՝ ակնյայտօրէն փորձ է արւում այդ «խախտումների» աղմուկը բարձրացնել։

Տպաւորութիւն ունեմ, որ Ադրբեջանը սադրանքի, միգուցէ, ագրեսիայի տեղեկատւական նախապատրաստութիւն է իրականացնում։

«alikonline.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Վերջին մէկ շաբաթւայ ընթացքում Ադրբեջանն ագրեսիւ տեղեկատւական քաղաքականութիւն է վարում։

Անընդհատ պաշտօնական հաղորդագրութիւններ է տարածւում տարբեր ուղղութիւններով՝ Արցախի եւ ՀՀ-ի կողմից, հրադադարի ռեժիմի խախտումներ մասին՝ ակնյայտօրէն փորձ է արւում այդ «խախտումների» աղմուկը բարձրացնել։

Տպաւորութիւն ունեմ, որ Ադրբեջանը սադրանքի, միգուցէ, ագրեսիայի տեղեկատւական նախապատրաստութիւն է իրականացնում։

Սրա հետ կապւած ՀՀ ՊՆ-ն ու Արցախի ՊԲ-ն կանոնաւոր հերքումներ են տարածում, ինչն աւելի է ընդգծում Ադրբեջանի կողմից իրականացւող «տնային աշխատանքը»։

Ադրբեջանական քարոզչամեքենան նման տեղեկատւական գրոհներ երբեք պատահական չի կազմակերպում։

Ի դէպ, օրեր առաջ, ադրբեջանական տելեգրամեան ալիքներից մէկում ոչ պաշտօնական յայտարարութիւններ էր տարածւում, որով զգուշացւում էր, որ ռազմական տեխնիկայի, սպառազինութեան, զինւորական շարասիւնների շարժեր նկարելն ու հրապարակւելն արգելւում է, իսկ ռազմական բնոյթի գրառման համար նոյնիսկ ռազմական լրագրող ձերբակալում։

Զուգահեռ ադրբեջանցի տարբեր պաշտօնեաներ խօսում էին Արցախի ապառազմականացման մասին՝ որոշ դէպքերում՝ ուղիղ, երբեմն՝ ակնարկով, սպառնում, այսպէս կոչւած, «հակահաբեկչական գործողութիւններ» իրականացնելու անհրաժեշտութեան մասին։

Միւս կողմից՝ մեր հանրութեան շրջանում եւ յատկապէս սահմանամերձ հատւածներից խուլ զրոյցներ են շրջանառւում թշնամու՝ տարբեր ուղղութիւններով շարժերի մասին։

Թէ ինչ շարժերի մասին է խօսքը՝ ուսումնական զօրավարժութիւնների՞, ինժեներական աշխատանքների՞, ուժի ցուցադրմա՞ն, թէ՞ տեղային գործողութիւնների նախապատրաստման մասին, այս պահին դժւար է ասել։

Այդպիսի տեղեկատւութեան ամենամեծ ծաւալով կարող է միայն պետութիւնը տիրապետել՝ իր համապատասխան կառոյցներով, սակայն իշխանութիւնը լուռ է։

Այս տեսանկիւնից սցենարային զարգացման 2 հիմնական տարբերակ դիտարկենք։

Առաջին, Ադրբեջանը դժգոհ լինելով Հայաստանի հետ տարւող բանակցութիւնների ընթացքից, տեմպից զօրքերի տեղաշարժերով, կոշտ հռետորաբանութեամբ դիմում է շանտաժի՝ սպառնալով իր տարածքային ու քաղաքական յաւակնութիւնները իրացնել ուժի կիրառման միջոցով։

Երկրորդ, ամենամեծ մտահոգութիւնս այն է, որ Ադրբեջանը կարող է ՀՀ իշխանութիւնների հետ պայմանաւորւած ագրեսիա խաղարկել՝ յանձնելով նոր տարածքներ։ Տարածքներ, որոնց վերաբերեալ կայ կուլիսային պայմանաւորւածութիւններ, սակայն դրանց խաղաղ յանձնումը ՀՀ իշխանութիւնների համար յղի է իշխանութեան կորստով։ Իսկ նրանց համար առաջնայինը ոչ թէ ՀՀ տարածքային ամբողջականութեան պահպանումն է, այլ սեփական իշխանութեան պահպանումը։

44-օրեայ պատերազմից յետոյ ՀՀ իշխանութիւնը հանրութեանը համոզում էր, որ Ադրբեջանի հետ խայտառակ գործարքի գնալով 25հզ մարդու կեանք է փրկել, իսկ Կովսականն ու Սանասարը յանձնելով՝ նոր աւելի մեծ ագրեսիա կանխել։

Պատերազմից յետոյ Արցախի եւ Հայաստանի յանձնման գործընթացը շարունակւում է, իսկ իշխանութիւնը շարունակում է արդարանալ ու նոր «հիմնաւորումներ» փնտրել իր զիջողականութիւնն արդարացնելու համար։

Պայմանաւորւած յանձնո՞ւմ, թէ՞ ադրբեջանական շանտաժ. երկու դէպքում էլ գործ ունենք Հայաստանի ու Արցախի համար ծայրայեղ ծանր հետեւանքներ ենթադրող գործընթացների մասին»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։