Հա

Քաղաքական

03/08/2022 - 14:00

Բողոքի ակցիա ՀՀ ԱԳՆ դիմաց` ընդդէմ սփիւռքահայերի Հայաստան մուտքի արգելքի

Այսօր, օգոստոսի 3-ին Արտաքին գործերի նախարարութեան դիմաց տեղի ունեցաւ բողոքի ակցիա՝ «ընդդէմ սփիւռքահայերի Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի»։

«alikonline.ir» - Այսօր, օգոստոսի 3-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարութեան դիմաց տեղի ունեցաւ բողոքի ակցիա՝ «ընդդէմ սփիւռքահայերի Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի»։

Մասնակիցների ձեռքին կային հայերէն եւ անգլերէն գրութիւններով պաստառներ։

ՀՀ ԱԳՆ շէնքի մօտ կենտրոնացւած էին մեծաքանակ ոստիկանական ուժեր։

Հայրենիք-սփիւռք յարաբերութիւններում սեպ խրելն անթոյլատրելի է»,-յայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները։

«Այստեղ եմ ոչ միայն որպէս «Հայաստան» դաշինքի անդամ, այլ նաեւ՝ զօրակցելու եւ հետեւելու, որ սփիւռքահայերի իրաւունքները պաշտպանւած լինեն եւ յայտնելու իմ վրդովմունքը այս աննախադէպ ապօրինութեանը: Սովորաբար ասում են, որ վրէժխնդրութեամբ երկիր չես կառուցի, բայց տեսնում ենք, որ իշխանութիւնները վրէժխնդրութեան ճանապարհն են բռնել: Ամէն ինչ անում են, որ արգելւած լինի իշխանութիւնների դէմ բողոքելը: Այսինքը՝ իրենց կարճ խելքով փորձում են մարդկանց, ում համար առաջնային է հայրենիքը, ովքեր յաճախ կամաւոր մեկնել են հայրենիք՝ կեանքի գնով պաշտպանելու այն, վախեցնել, սահմանափակումներ մտցնել՝ Հայաստանի ներսում ազատութիւնից զրկելով եւ սփիւռքի գործիչներին արգելելով մուտք գործել Հայաստան, այդպիսով սեպ խրելով Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում: Յատկապէս այս պայմաններում երեւոյթն այնքան անթոյլատրելի շքեղութիւն է, որ այլ բացատրութիւն՝ բացի թշնամական օրակարգի սպասարկումն անհնար է գտնել»,- բողոքի ակցիայի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրոյցում ասաց Քրիստինէ Վարդանեանը:

Բողոքի ակցիայի ժամանակ ելոյթներ ունեցան նաեւ սփիւքահայեր, որոնք իրնեց վրդովմունքն արտայայտեցին ներկայ իշխանութիւնների՝ սփիւռքահայ գործիչների նկատմամբ դրսեւորած վարքագծին, Հայաստանը սփիւռքից տարանջատելու փորձերին։

Մարդիկ, որոնց կեանքում կարմիր թելով ազգային աշխատանքն ու նւիրումն է գնում, Հայաստանում այլեւս ցանկալի անձ չեն․ յայտարարեց ՀՅԴ անդամ Սեւակ Նազարեանը՝ անդրադառնալով այն հայերին, որոնց մուտքը վերջին շրջանում Հայաստանում արգելւել է:

«Հայաստանում նրանք ցանկալի չեն, որովհետեւ Հայաստանի իշխանութիւնը դէմ է նրանց դաւանած ազգային սկզբունքներին, որովհետեւ ՀՀ իշխանութեան համար ուղենիշ են թշնամական պետութիւնների ղեկավարների պահանջները: Այս մարդկանց միաւորում է նաեւ մէկ բան՝ Սփիւռքում այս իշխանութեան ապազգային քաղաքականութեան ու գործունէութեան մասին բարձրաձայնումը հայ համայնքի շրջանում, տարբեր այցելութիւնների շրջանում այս իշխանութեան տարբեր ներկայացուցիչներին դէմքին ասելը, որ դուք Հայաստանը չէք ներկայացնում եւ չէք կարող գալ օտար պետութիւններ եւ փորձել խօսել Հայաստանի ու հայ ժողովրդի անունից:

Եւ այս մարդիկ, ովքեր ատում են հայկականն ու ազգայինը, Սփիւռքը փորձում են առանձնացնել եւ տարանջատել Հայաստանից առաջին հերթին հէնց Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով»:

«Հայաստան որոշ սփիւռքահայերի մուտքի արգելքը հերթական հակահայ քաղաքական գործընթացներից է, որոնք տեղի են ունենում: Հայաստանում իշխանութեան են թուրքական շահը մեր երկրում առաջ մղողները: ԱԱԾ-ն, որը պէտք է միտւած լինէր սպասարկելու հայ ժողովրդի անվտանգային շահերը հիմա հայ մարդկանց անուններով ցուցակներ է կազմում եւ հայ մարդկանց մուտքը մեր հայրենիք արգելում է: Սա են իրենց հրահանգել հակա-Հայաստանի ներկայացուցիչները»,- իր խօսքում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Ասպրամ Կրպէեանը:

ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի պատասխանատու Արշակ Մեսրոպեանը իր ելոյթում յայտարարեց․ Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ Հայաստանի, Արցախի եւ առհասարակ՝ հայ ազգի յարատեւութեան հիմնական երաշխիքներից մէկը հանդիսանում է Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը:

«Վերջին գործողութիւնները փաստում են, որ ներկայ իշխանութիւններն ամէն քայլի դիմում են այդ երաշխիքը թուլացնելու համար։ Որեւէ հայ իրաւունք չունի շեղւելու մեր հիմնական նպատակներից։ Սրբազան պայքարը շարունակւում է»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։