Հա

Քաղաքական

03/08/2022 - 14:50

Պայքար ընդդէմ հաւատարմութեան

Հայաստանի իշխանութիւնները սփիւռքահայերի մուտքը հայրենիք խոչընդոտում են նրանց կրած բարոյական արժէքների, հայկական ինքնութեան կառչելու եւ դրսեւորած հաւատարմութեան համար: Խոչընդոտում են, որովհետեւ, սփիւռքահայ դաշնակցական երիտասարդը եւ ոչ միայն, Սփիւռքում ապրող հազարաւոր հայ երիտասարդներ սեփական կեանքը կապել/կապում են հայկականի հետ:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Հայաստանի իշխանութիւնները սփիւռքահայերի մուտքը հայրենիք խոչընդոտում են նրանց կրած բարոյական արժէքների, հայկական ինքնութեան կառչելու եւ դրսեւորած հաւատարմութեան համար: Խոչընդոտում են, որովհետեւ, սփիւռքահայ դաշնակցական երիտասարդը եւ ոչ միայն, Սփիւռքում ապրող հազարաւոր հայ երիտասարդներ սեփական կեանքը կապել/կապում են հայկականի հետ: Որովհետեւ, հայկականը սփիւռքահայի մօտ արմատացած է: Նրա ինքնութեան դիրքորոշումների, բարոյահոգեբանական կերտւածքի, արժէքային համակարգի անբաժան բաղադրիչն է. արմատացած վերաբերմունքն է՝ սեփական ԵՍ-ին ու ՄԵՆՔ-ին:

Փաստն այն է, որ սփիւռքահայ երիտասարդի ե՛ւ գիտակցական, ե՛ւ անգիտակցական մակարդակը մշտապէս հաւատարմութեան դրսեւորման վարքագծային կանոններն են՝ հայկականի հետ լինել, մնալ, հայի պայքարին նւիրականութեան արարքների դրսեւորումներով:

Այդուհանդերձ, ՀՀ գործող իշխանութիւններն անտեսելով ամբողջ աշխարհի հայութեան կեանքի կազմակերպման տւեալ ռիթմը, փակում են դաշնակցական եւ սփիւռքահայ երիտասարդների մուտքը հայրենիք եւ նոր պայքար ազդարարում սեփական ազգի հաւաքական մտածողութեան դէմ։ Մարտնչելով՝ Սփիւռքի, Հայաստանի, Արցախի ժողովրդի հոգեւոր եւ ազգային արժէքների, հայութեան համընդհանուր ինքնութեան դէմ, որոնք տարբեր միջոցներով դրսեւորել/դրսեւորում են սեփական լեզւի, հաւատքի, պատմութեան ու մշակութային արժէքների, հայրենիքի, ամբողջական հայրենիքի ու Արցախի անվտանգութեան նկատմամբ:

Իհարկէ, ազդարարած պայքարը նախեւառաջ հայերի համագործակցութեան դէմ է. մեզ բոլորիս՝ ամբողջ աշխարհի հայերին, իրար անքակտելի կապող հայկական արժեհամակարգի ու ինքնութեան առանցքի շուրջ համագործակցելու: Որովհետեւ այն, ձգտում է հայից առնելու պատմական տարբեր ժամանակաշրջանների, գրեթէ նոյնութեամբ դրսեւորած վարքի կանոններին հաւատարմութիւնը, որոնցից եւ պահանջում են՝ ուրացում եւ անտարբերութիւն:

Սակայն, իրավիճակային նրբութիւնը, մասնաւորապէս, այնտեղ է, որ նմանօրինակ գործողութիւնները աղաւաղում են հայի ինքնաիրացումն ու նախաձեռնողական գործունէութիւնը եւ կիրառած տարբեր հնարքներով ու արարքներով վիրաւորում մեր հաւաքական ինքնասիրութեան:

Բայց, ինչի է կարող յանգեցնել այդ փորձերն առանց այդ էլ սփիւռքահայի դեգերող ու բազմաշերտ ինքնութեան պայմաններում։ Հայը դառնում է ընդվզող, չենթարկւող, անջատողական, անիշխանական, արտագաղթող, ընդհուպ մինչեւ՝ անպատասխանատու եւ անտարբեր պետութեան/ազգի ճակատագրի նկատմամբ: Այսպիսով, բարոյալքւած ու հոգեբանօրէն պարտւած, ազգային արժէքներն ուրացող քաղաքացիներ։ Հետեւաբար, վերածւում ազգային գիտակցութիւնից զուրկ մարդկանց բազմութեան: Այդպիսին խեղւած «մենք»-ով անհնար է կառուցել ինչ-որ բան, անհնար է պահպանել պետութիւն եւ սերմանել զուտ «ինչ-որ» բան:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։