Հա

Քաղաքական

04/08/2022 - 11:30

«Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի կողմից հաստատւած պլանով, որը մինչ օրս չկայ». ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«alikonline.ir» - ՀՀ ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ս․թ․ օգոստոսի 3-ին Ադրբեջանի զինւած ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զօրքերի պատասխանատւութեան գօտում, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրաւորներ։

Չնայած հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հասնելու ուղղութեամբ իրականացւող քայլերին՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը ահաբեկելու, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու եւ Լեռնային Ղարաբաղի սողացող օկուպացման ծրագրաւորւած քաղաքականութիւնը:

Յիշեցնենք, որ նմանօրինակ ագրեսիայի եւ հրադադարի խախտման դէպքեր են հանդիսանում այս տարւայ մարտի 24-ին ադրբեջանական զինւած ուժերի անօրինական առաջխաղացումը Փառուխ գիւղի ուղղութեամբ, 2020 թւականի դեկտեմբերին 11-ին Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերի ուղղութեամբ ձեռնարկւած գրոհը, որոնք նոյնպէս գտնւում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զօրախմբի պատասխանատւութեան գօտում:

Անթոյլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող յայտարարութիւնները, որոնցով փորձ է արւում միակողմանիօրէն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ յայտարարութեան 6-րդ կէտով սահմանւած իրաւական ռեժիմը, եւ վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխւել միայն յայտարարութիւնը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։

Ինչպէս յստակ սահմանում է նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը՝ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնութեան, Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան) համաձայնեցմամբ առաջիկայ երեք տարւայ ընթացքում կորոշւի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկութեան նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զօրակազմի հետագայ վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանութեան համար:

Ընդգծում ենք, որ մինչ օրս եռակողմ ձեւաչափով հաստատւած նման պլան չկայ եւ եռակողմ յայտարարութեան բոլոր կողմերին կոչ ենք անում հաւատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտաւորութիւններին, անյապաղ ջանքեր գործադրել նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ հաստատւած պայմանների իրագործման, ներառեալ՝ հրադադարի ռեժիմի պահպանման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ռազմագերիների, պատանդների, այլ պահւող անձանց վերադարձման ուղղութեամբ:

Հարկ ենք համարում եւս մէկ անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետութիւնը կատարել է իր կողմից ստանձնած բոլոր պարտաւորութիւնները: Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մի շարք կէտերի չկատարման պատճառը Ադրբեջանի կողմից դրանց կամայական մեկնաբանութիւններն են, շարունակւող ագրեսիւ հռետորաբանութիւնն ու գործողութիւնները:

Հայաստանի Հանրապետութիւնը, եւս մէկ անգամ վերահաստատելով իր հաւատարմութիւնը տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն հաստատելու օրակարգին, միջազգային հանրութեանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիւ կեցւածքը եւ գործողութիւնները կասեցնելու եւ դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ գործարկելու ուղղութեամբ»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։