Հա

Քաղաքական

04/08/2022 - 11:40

Այս իրավիճակից ելքն իշխանութիւնների հեռացումն է

Սփիւռքահայ մամուլի գործիչ, հրապարակախօս եւ վերլուծաբան Վաչէ Բրուտեանը 168.am-ի հետ զրոյցում յիշեցրեց, որ շուրջ երեսուն տարի առաջ գործադրւած արգելքը չէր առնչւել միայն Հրայր Մարուխեանին. մամուլում այդ ժամանակ հրապարակւել էր 32 անունների ցանկ, որոնց մուտքը ՀՀ արգելւած էր Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան մէկ որոշումով:

«alikonline.ir» - Օրեր շարունակ Հայաստանի, Արցախի, Սփիւռքի ու միջազգային լրատւամիջոցների քննարկումների ծիրում են սփիւռքահայ գործիչներ Մուրադ Փափազեանի, Սիւնէ Աբրահամեանի, Մասիս Աբրահամեանի՝ Հայաստան մուտք գործելն արգելող իշխանութիւնների որոշումները:

Օրեր շարունակ Հայաստանի, Արցախի, Սփիւռքի ու միջազգային լրատւամիջոցների քննարկումների ծիրում են սփիւռքահայ գործիչներ Մուրադ Փափազեանի, Սիւնէ Աբրահամեանի, Մասիս Աբրահամեանի՝ Հայաստան մուտք գործելն արգելող իշխանութիւնների որոշումները:

Պաշտօնական պատճառաբանութիւններն ու հիմնաւորումները չեն գոհացնում հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների. շատերն այս դրւագները որակում են որպէս քաղաքական հետապնդում՝ զուգահեռներ անցկացնելով շուրջ 30 տարի առաջ Հայաստանից Հրայր Մարուխեանի արտաքսման սկանդալի հետ:

Սփիւռքահայ մամուլի գործիչ, հրապարակախօս եւ վերլուծաբան Վաչէ Բրուտեանը 168.am-ի հետ զրոյցում յիշեցրեց, որ շուրջ երեսուն տարի առաջ գործադրւած արգելքը չէր առնչւել միայն Հրայր Մարուխեանին. մամուլում այդ ժամանակ հրապարակւել էր 32 անունների ցանկ, որոնց մուտքը ՀՀ արգելւած էր Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան մէկ որոշումով:

Անդրադառնալով այսօրւայ իրավիճակին, ՀՀ մուտքի արգելքների նոր դրւագներին՝ սփիւռքահայ գործիչը շեշտեց.

«Այս արգելքներն իշխանութիւնների վարած աննորմալ, անբնական քաղաքականութեան բնական հետեւանքն են: Հայաստանի, հայութեան ընդհանրական շահերից չի բխում սա. ընդհակառակը՝ կարծէք իշխանութեան նպատակն է հաճոյանալ թուրքական կողմին՝ Ադրբեջանին եւ Թուրքիային»:

Հրապարակախօսը խաղաղութեան օրակարգերի մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ նկատեց, որ դրանք նոր չեն, քանի որ Թուրքիան պարբերաբար դաշտ էր նետում այդ թէզերը՝ առաջարկելով Հայկական Հարցն ու Ցեղասպանութեանը թողնելու պատմաբաններին: Այս համատեքստում նա նաեւ յիշեցրեց այդպիսի առաջարկով 2005թ. Թուրքիայի վարչապետ Էրդողանի նամակը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարեանին, եւ Հայաստանի նախագահի պատասխանը, որով նա շեշտել էր՝ «անցեալին անդրադառնալու առաջարկը չի կարող արդիւնաւէտ լինել, եթէ այն չի անդրադառնում ներկային ու ապագային»։

«Այս կեղծ խաղաղութեան օրակարգը, որը դաշտ է նետւած, այլ բան չէ, եթէ ոչ՝ Հայկական Հարցի, հայ-թուրքական դարաւոր կնճիռի վերջնական չէզոքացում եւ թրքանպաստ լուծում,- ասաց Վաչէ Բրուտեանը՝ պարզաբանելով, որ նման թէզերը ազգին առաջնորդում են նոր պարտութեան,- արսէնթորոսեանները, որ իրենց գլխից մեծ վերլուծումներ են անում, նպատակ ունեն իրենց այս քաղաքականութեան իբրեւ թէ գաղափարական հիմքերը բացատրել հանրութեանը՝ ամբոխահաճոյ ձեւով, որի մէջ, սակայն, չկայ ազգային շահի գիտակցութիւն: Տեսանք, թէ նոյնիսկ նոյեմբերի 9-ից յետոյ անդադար խաղաղութեան մասին խօսելով՝ մեր երկիրն ուր հասցրին. իւրաքանչիւր օր, որ այս իշխանութիւնները մնում են պետութեան ղեկին, Հայաստանն ու հայութիւնը ենթարկւում են նորանոր զիջումների: Իշխանութիւնների անուղղակի պարտադրանքով նաեւ հազար ու մի ձեւով փորձում են հրապարակային տեղեկատւական դաշտն աղբով լցնել, որպէսզի շեղեն հայկական հանրային կարծիքը, ու այդ քաոսում իրենք կարողանան իրենց քաղաքականութիւնն առաջ տանել»:

Դիտարկմանը, թէ յետպատերազմական իրավիճակում, այդուհանդերձ, նաեւ միջազգային հանրութիւնն է ակնկալում բարիդրացիական յարաբերութիւնների հաստատում տարածաշրջանում, եւ հարցադրումին՝ թէ այս պարագայում ինչպէ՞ս պէտք է առաջնորդւեն իշխանութիւնները, որպէսզի չսպասարկեն կեղծ խաղաղութեան օրակարգեր, մեր զրուցակիցն արձագանգեց.

«Նախ որեւէ խելամիտ իշխանութիւն, որը կը ստորագրէր նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը, դրանից անմիջապէս յետոյ պէտք է հրաժարւէր, որպէսզի իր տեղը գային այնպիսի ուժեր, որոնք ի վիճակի էին երկիրը ոտքի կանգնեցնելու: Հաշտ ու խաղաղ ապրելը չի ենթադրում իրաւազրկում. պատկերացրէք՝ գան իմ տան կէսը գրաւեն, եւ ես իրենց ասեմ, որ՝ լաւ, ես ձեզ հետ ուզում եմ հաշտ ու խաղաղ ապրել: Մենք հիմա գտնւում ենք այս իրողութեան մէջ:

Հայաստանի այս իշխանութիւնները՝ փոխանակ ամրապնդելու մեր պետութիւնը, պետական կառոյցները, բանակը, ազգային ներքին համերաշխութիւնը, համախմբելու մարդկային ռեսուրսները, գնում են նման կեղծ օրակարգերի յետեւից, որոնք միայն նորանոր աղէտներ պէտք է բերեն մեզ: Նոյեմբերի 9-ին յաջորդող ցոյցերի, բողոքի ակցիաների ժամանակ եւս յաճախ էր կրկնւում միտքը, որ այս իշխանութիւնների ամէն օրը մեզ նորանոր աղէտներ է բերում, եւ ժամ առաջ պէտք է ձերաբազատւել: Ու տեսէք՝ այդ օրից մինչ օրս ինչեր եղան՝ Իշխանասար, Գորիս-Կապան ճանապարհ, Սեւ լիճ… եւ դրանց ուղեկցող այլանդակ յայտարարութիւններ՝ ինչպէս, օրինակ, թէ բանակը ժողովուրդը պաշտպանելու համար է, թէ՝ գագաթներին, որտեղ տարւայ կէսը ձիւնապատ են, ինչների՞ս է պէտք զինւոր, դեռ չեմ խօսում՝ «դժգոյն ու դժբախտ Շուշի» արտայայտութեան մասին:

Միջազգային ուժերն էլ շահագրգռւած են այն չափով, որ կարողանան այս քաղաքականութիւնն օգտագործել՝ ռուսական ազդեցութեան գօտին Կովկասում սահմանափակելու համար. Բրիւսէլում կամ Վաշինգտոնում ո՞ւմ է պէտք, թէ Արցախում ինչքան մարդ է ապրում, Արցախում ովքեր են ապրում, Արցախը հայկակա՞ն է, թէ՞ ադրբեջանական: Սրանք բոլորն իրենց համար մանրադրամներ են, որպէսզի կարողանան Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղել: Այս կէտի վրայ են նոյնանում ԵՄ, ԱՄՆ եւ թուրքական տանդեմի շահերը, եւ այս իշխանութիւնները մեծ սիրով պատրաստ են սպասարկելու այս օտար քաղաքականութիւնը՝ այն պայմանով, որ իրենք մնան իշխանութեան վրայ (ըստ երեւոյթին, իրենց տրւել են երաշխիքներ)»:

Վաչէ Բրուտեանին չի զարմացնի, եթէ գործող իշխող ուժը նաեւ իր Հայաստան մուտքը արգելի, քանի որ, ըստ նրա, ՀՀ իշխանութիւնների քայլերում չկայ որեւէ տրամաբանութիւն:

«Իրականում մէկ հոգու կամքն է, եւ մեր ամբողջ իրաւապահ համակարգը՝ անվտանգութիւն, ոստիկանութիւն, դատախազութիւն, դատական համակարգի վերին էշելոններ (լաւ կը յիշէք, թէ Գագիկ Ջհանգիրեանին ինչու եւ ինչպէս բերեցին), մէկ անձի քմահաճոյքը, կիսամոլագար փափագներն իրակագործելու համար են»,- յաւելեց նա:

Սփիւռքահայ գործիչը նշեց՝ այս իրավիճակից ելքն իշխանութիւնների հեռացումն է:

«Ցանկալի է, որ այդ հեռացումը տեղի ունենայ անարիւն, ժողովրդական ճնշման ալիքի տակ, որովհետեւ այս իշխանութիւններն ամէն օր՝ իրենց իշխանութեան գալուց ի վեր, տեսնում ենք՝ ինչպիսի արհամարհանք ունեն օրէնքի եւ օրինականութեան նկատմամբ՝ նոյնիսկ ՀՀ Սահմանադրութեան նկատամամբ»,- եզրափակեց նա:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։