Հա

Քաղաքական

04/08/2022 - 12:20

«Բոլոր ուղղութիւններով պէտք է աշխատանք տարւի, որպէսզի Հայաստանի ու Արցախի կապը պահպանւի ու ճանապարհներն անվտանգ լինեն». Սէյրան Օհանեան

168.am-ի հետ զրոյցում Պաշտպանութեան նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը, խօսելով Բերձորի այլընտրանքային ճանապարհից, մասնաւորապէս՝ թէ այդ ճանապարհը որքանո՞վ է անվտանգ, նշեց, որ տւեալ պարագայում նախ պէտք է մի քանի ուղղութիւններով աշխատանք տարւի։

«alikonline.ir» - Յուլիսի 29-ին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութիւնից լրատւամիջոցների հարցումներին ի պատասխան՝ յայտնել էին, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր աւտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կը մեկնարկեն 2022 թւականի օգոստոսին:

Խօսքը Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի մասին է:

Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սիւնիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գիւղերով կը միանայ Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շէն, Մեծ Շէն գիւղերով:

Նշենք, որ արդէն Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զօրախմբի հրամանատարութեան միջոցով Արցախին պահանջ է ներկայացրել Հայաստանի հետ կապող երթեւեկութիւնը կազմակերպել այլ երթուղով:

168.am-ի հետ զրոյցում Պաշտպանութեան նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը, խօսելով Բերձորի այլընտրանքային ճանապարհից, մասնաւորապէս՝ թէ այդ ճանապարհը որքանո՞վ է անվտանգ, նշեց, որ տւեալ պարագայում նախ պէտք է մի քանի ուղղութիւններով աշխատանք տարւի։

«Առաջինը՝ միջազգային հարթակում եւ ՌԴ-ի հետ պէտք է աշխատանք տանել, որպէսզի հինգ տարին լրանալուց յետոյ խաղաղապահ ուժերը ոչ թէ կողմերից մէկի չցանկանալու պարագայում դուրս գան, այլ ընդհակառակը, կողմերից մէկի ցանկութեան դէպքում մնան։ Տւեալ պարագայում ես նկատի ունեմ հայկական կողմին, եթէ ռուս խաղաղպահները դուրս գան Արցախից, ապա բաւականին լուրջ իրավիճակ կը ստեղծւի։ Սակայն, եթէ ռուս խաղաղապահները լինեն, ապա Բերձորի միջանցքի անվտանգութեան հարցը կը լուծւի, այդ միջանցքի անվտանգութեան ապահովումը պարզապէս Հայաստանի ու Արցախի համար անհրաժեշտութիւն է։ Ինչ էլ ուզում է լինի, որ ճանապարհով էլ մերոնք դուրս գան՝ կապը Հայաստանի հետ, Հայաստանի ու Արցախի միջեւ միջանցքը պէտք է անվտանգ ապահովւի»,- նշեց Սէյրան Օհանեանը։

Ըստ Պաշտպանութեան նախկին նախարարի, միջանցքի անվտանգութեան ապահովման կարեւոր երաշխիքներից մէկը Արցախի եւ Հայաստանի բանակների մարտունակութիւնն արագ վերականգնելն է։

«Առաջնայինն այն է, որ հայկական բանակը պէտք է ամրապնդւի ու աւելացնի իր կարողութիւնները Արցախի ու Հայաստանի ժողովորդի պաշտպանութիւնն իրականացնելու համար, յատկապէս այն պարագայում, երբ Ադրբեջանը խախտում է բոլոր պայմանաւորւածութիւնները, իսկ մերոնք կուրօրէն գնում են դրանց կատարման։ Ադրբեջանը չի պահպանում բոլոր յայտարարութիւնների, ստորագրւած փաստաթղթերի պայմանները, մասնաւորապէս՝ հայ ռազմագերիների վերադարձի, սադրանքների չգնալու, չկրակելու վերաբերեալ, հետեւաբար՝ ի՞նչ ուժերի դուրսբերման մասին պէտք է խօսք լինի։ Բոլոր ուղղութիւններով ե՛ւ անվտանգութեան միջավայրը ձեւաւորելու, ե՛ւ բանակցային մեր բոլոր հնարամտութիւններով աշխատանք պէտք է տարւի, որպէսզի Հայաստանի ու Արցախի միջեւ կապը, միջանցքը պահպանւի ու ճանապարհներն անվտանգ լինեն։ Միայն տւեալ պարագայում Արցախի ժողովուրդը կը կարողանայ իր իսկ պատմական տարածքում ապրել ու իրաւունքներն իրացնել»,- եզրափակեց Սէյրան Օհանեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։