Հա

Քաղաքական

09/08/2022 - 14:30

Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան

Նիկոլ Փաշինեանի հռչակած «խաղաղութեան դարաշրջանը», պարզւում է, այն մասին էր, որ այլեւս հայրենիքը յանձնւելու է ոչ թէ պատերազմով, գոնէ պայքարի իմիտացիայով, այլ միանգամայն խաղաղ ճանապարհով․ Հայաստանը՝ արցախեան խամաճիկներով-բանով, ընդամէնը հերթով կատարում է Ալիեւի բոլոր պահանջները։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Նիկոլ Փաշինեանի հռչակած «խաղաղութեան դարաշրջանը», պարզւում է, այն մասին էր, որ այլեւս հայրենիքը յանձնւելու է ոչ թէ պատերազմով, գոնէ պայքարի իմիտացիայով, այլ միանգամայն խաղաղ ճանապարհով․ Հայաստանը՝ արցախեան խամաճիկներով-բանով, ընդամէնը հերթով կատարում է Ալիեւի բոլոր պահանջները։

Ալիեւը պահանջո՞ւմ է յանձնել Բերձորը, Աղաւնոն ու Սուսը, ոչ մի խնդիր. միշտ կը գտնւի որեւէ հայկխանումեան, որը յանձնւող բնակավայրի բնակիչներին կը փոխանցի Ալիեւի պահանջը, եւ միշտ կը գտնւի որեւէ էդմոնմարուքեան, որը հերթական ցնդաբանութեամբ դա կը վերագրի ընդդիմութեանը։

Նիկոլ Փաշինեանը, առանց աւելորդ ձեւականութիւնների, խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, կը լինէր նոյն արդիւնքը, «իհարկէ, առանց զոհերի»։ Աւելի վաղ նա ասել էր, որ այդպէս չի վարւել, որովհետեւ վախենում էր, որ իրեն «դաւաճան» կը կոչեն։

Նա դաւաճանի պիտակից, իհարկէ, չխուսափեց, «իհարկէ, զոհերով», բայց քանի որ կեանքը ցոյց տւեց, որ իշխանութեան վայելքները ուտւում են նաեւ «դաւաճան» կոչւելով, Նիկոլ Փաշինեանը հիմա հերթով յանձնում է այն, ինչ պահանջում է Ալիեւը՝ առանց որեւէ բարդոյթի։ Հայ հասարակութիւնն էլ՝ որպէս տեսարանների առանձնակի սիրահար, համարեա ուղիղ եթերում մղկտում է տնաւեր դարձող մարդկանց պատմութիւնների կապակցութեամբ։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինեանը համոզւել է, որ հասարակութեան հիմնական հատւածի մօտ համազգայինների բոլոր դրսեւորումներից առանձնապէս ու յատկապէս լաւ է ստացւում համազգային լացը, շարունակում է անմտահոգ անել այն, ինչը նորանոր ողբի պատճառ է դառնալու։

Անհաց հասարակութեան համար այս տեսարաններն իսկական նւէր են, որքան էլ դա հնչում է գռեհիկ ու անմարդկային։ Իսկ այսպիսի հասարակութիւնն էլ իսկական նւէր է Նիկոլ Փաշինեանի համար, որը Ալիեւի կեանքի ընծան լինելով՝ վերջինիս պարգեւում է տարածքներ, հայ հասարակութեանն էլ՝ մղկտալու տեսարաններ։

Նիկոլ Փաշինեանի որեւէ գործողութիւն ու ուղերձ պատահական չի եղել։ Երբ տարիներ առաջ մի ծախու լոռեցու ու մի ուրացող արարատցու հետ նա գոռում էր՝ «Ելք», չէր մասնաւորեցնում, թէ որտեղից ու ում ելքը նկատի ունի։ Կեանքը ցոյց տւեց, որ նա իրականում նկատի ունէր ոչ թէ իրավիճակից ելքը, ինչպէս թւում էր հաւատացողներին ու չէր թւում նրա առաջ ճամբայ բացողներին, այլ Հայաստանի ելքն Արցախից, որի մասին կառավարութեան վերջին նիստում առանց ամաչելու զեկուցեց զեկոյցը լսողներին։ Նա ուղիղ չասաց, բայց հասկացողը հասկացաւ, որ ելքը վերաբերում է նաեւ բերձորցիների ելքին՝ մինչեւ այս ամսւայ վերջ, ու մնացած արցախցիների ելքին՝ մինչեւ այն ժամկէտը, որը կը սահմանի Ալիեւը։

Սրանք չոր փաստեր են. մարդը «Ելք կայ» կարգախօսով խցկւել է խորհրդարան, ապա եկել է իշխանութեան, ինչի արդիւնքում տեղի է ունեցել, իր իսկ խոստովանութեամբ՝ ՀՀ զինծառայողների ելքն Արցախից եւ արցախցիների ելքն իրենց բնակավայրերից։ Դա, ի դէպ, կատարւել է ռուս խաղաղապահների եւ ոչ այնքան խաղաղապահների աչալուրջ հսկողութեամբ, որոնք գուցէ կռահում են, որ ելքի յաջորդ հրաւէրը վերաբերելու է Ռուսաստանին։

Բայց դա իրենց խնդիրն է, որովհետեւ անցնող տարիներին Նիկոլ Փաշինեանի «Ելք» օպերացիան իրագործւել է իրենց կամ հովանաւորութեամբ, կամ լուռ համաձայնութեամբ։

 

168.am

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։