Հա

Քաղաքական

10/08/2022 - 08:35

«Բերձորի եւ Աղաւնոյի յանձնումը Հայաստանի իշխանութիւնների կործանարար քաղաքականութեան հերթական դրսեւորումն է». Ա․ Թաթոյեան

Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Բերձորի եւ Աղաւնոյի յանձնումն Ադրբեջանին լրջագոյն վտանգի տակ է դնում Հայաստանը։ 

«alikonline.ir» - Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Բերձորի եւ Աղաւնոյի յանձնումն Ադրբեջանին լրջագոյն վտանգի տակ է դնում Հայաստանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Աղաւնոյում իմ վերջին այցի ժամանակ փաստեր էինք հաւաքել, որ ադրբեջանական զինծառայողները կենդանիներ (նաեւ խոշոր եղջերաւոր) են մորթում ու ոչ պետքական օրգանները կամ սատկած կենդանիների օրգանները գցում այն ջրի մէջ, որից օգտւում են գիւղի բնակիչները: Դրա պատճառով ջրում յայտնւում էին առնետներ, արձանագրւել էին ջրից զանգւածային թունաւորման դէպքեր, այդ թւում՝ թունաւորւել էին երեխաներ ու տարեցներ: Այս մասին նշել էին գիւղի բոլոր բնակիչները:

Մարդկանց տներն ադրբեջանական ամբողջական դիտարկման ներքոյ էին: Երբ գիւղատնտեսական աշխատանքների համար մարդիկ փորձում էին մօտենալ իրենց հողատարածքներին (անգամ մի քանի հարիւր մետր հեռաւորութեան վրայ), ադրբեջանական զինւած ուժերն կրակում էին: Մարդիկ հնարաւորութիւն չունէին վաստակելու ընտանիքի եկամուտը:

Ադրբեջանական իշխանութիւնները վարել ու հիմա էլ վարում են խաղաղ բնակիչներին ահաբեկելու, յուսահատութեան մթնոլորտ առաջացնելու նպատակային քաղաքականութիւն: Ադրբեջանական յանցաւոր արարքները թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի նկատմամբ բնոյթով նոյնն են՝ Արցախում ագրեսիւ դրսեւորումներով: Բա ցեղասպանութիւնն էլ ինչպէ՞ս է լինում:

Ու այսքան ժամանակ ի՞նչ է Հայաստանն արել այս փաստերն օգտագործելու, միջազգային մեխանիզմներ աշխատեցնելու համար: ՀՀ իշխանութիւններն իրենց համար ներքին քաղաքական անվտանգ ձեւակերպում են սովորել` «Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտումներ»:

Բայց հիմքում չեն դնում փաստեր, չեն կապում դա ցեղասպան քաղաքականութեան ու ինքնորոշման իրաւունքի հետ, այլ օգտագործում են միայն այս ընդհանուր ձեւակերպումը, այն էլ քաղաքական կոնտեքստներում ու գլխաւորապէս իրենց ներքին քաղաքական քարոզի համար:

Բայց այս մօտեցումն Ադրբեջանի համար ոչ միայն մեծ խնդիրներ կամ, առհասարակ, խնդիրներ չի ստեղծում, այլ աւելի է ամրապնդում նրանց դիրքերը: Բերձորի եւ Աղաւնոյի յանձնումն Ադրբեջանին Հայաստանի իշխանութիւնների կործանարար քաղաքականութեան հերթական դրսեւորումն է:

Այս քայլը լրջագոյն վտանգի տակ է դնում Հայաստանը, մասնաւորապէս` Սիւնիքը, յատկապէս այն ֆոնին, որ ՀՀ իշխանութիւնները, վախենալով իրենց նկատմամբ քաղաքական դժգոհութիւնից եւ սեփական պաշտօնները կորցնելուց (սա իրենց մղձաւանջն է, եւ պաշտօններն աւելին են, քան երկրի անվտանգութիւնը), թաքցնում կամ արդարացնում են ադրբեջանական յանցաւոր արարքները: Առանց այն էլ ադրբեջանական զինւած ծառայողների յանցաւոր ներկայութիւնը ՀՀ գիւղերի հարեւանութեամբ ու ճանապարհներին անհնարինութեան է վերածել մարդկանց կեանքը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։