Հա

Քաղաքական

13/08/2022 - 13:45

«Սիւնիքի մարզի նկատմամբ թուրք-ադրբեջանական նկրտումներն արժանանում են իրանական հակազդեցութեանը». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանի կարծիքով՝ իրանական ակտիւութիւնը յատկապէս 44-օրեայ պատերազմից յետոյ հարաւկովկասեան տարածաշրջանում զգալիօրէն աճել է. խօսքը վերաբերում է նաեւ Հայաստանի հանդէպ իրանական հետաքրքրութեանը:

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանի կարծիքով՝ իրանական ակտիւութիւնը յատկապէս 44-օրեայ պատերազմից յետոյ հարաւկովկասեան տարածաշրջանում զգալիօրէն աճել է. խօսքը վերաբերում է նաեւ Հայաստանի հանդէպ իրանական հետաքրքրութեանը:

«Եթէ համեմատական անցկացնենք յետպատերազմեան եւ նախապատերազմեան շրջանի հետ, ապա ակնյայտ է, որ Հարաւային Կովկասը, այդ թւում՝ Հայաստանը, արցախեան հիմնախնդիրը, Ադրբեջանում թուրքական ներկայութիւնն իրանական արտաքին քաղաքական օրակարգում զբաղեցնում են առաջնային դիրքեր: Այդ ամենի համատեքստում յատկապէս Սիւնիքի նկատմամբ ադրբեջանաթուրքական զանազան ագրեսիւ յայտարարութիւնները եւ գործողութիւններն Իրանին չեն կարող անտարբեր թողնել, որովհետեւ Սիւնիքի մարզի միջոցով Իրանի հետ ցամաքային կապը կենսական նշանակութիւն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի համար: Ուստի իրանցիներն իրենց ունեցած ամբողջ գործիքակազմով աշխատում են այդ ուղղութեամբ, եւ Կապանում իրանական հիւպատոսութեան բացումը նոյնպէս տեղաւորւում է այս տրամաբանութեան մէջ. արդէն նշանակւել է հիւպատոս»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց նա:

Սիւնիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխաւոր հիւպատոս է նշանակւել Աբեդին Վարամինը:

Վարդան Ոսկանեանը յղում անելով Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւորի յայտարարութիւններին, նշեց, որ որոշ բիւրոկրատական քաշքշուկներ կան՝ կապւած տարածքի տրամադրման եւ հիւպատոսութեան աշխատանքների սկսման հետ, բայց այդուհանդերձ, գործընթացը տեղից շարժւում է:

«Դատելով այդ տեղեկատւութիւնից՝ պարզ չէ, թէ որ կողմից է բիւրոկրատական քաշքշուկը, բայց որ կողմից էլ այն լինի, պէտք է հնարաւորինս արագ կարգաւորւի, եւ Իրանի հիւպատոսութիւնը Կապանում սկսի աշխատել, որովհետեւ դա ունի ոչ միայն դիւանագիտական նշանակութիւն, այլ նաեւ չափազանց կարեւոր ուղերձ թշնամական Ադրբեջանին եւ Թուրքիային՝ առ այն, որ Սիւնիքի մարզի նկատմամբ նրանց նկրտումներն արժանանալու են եւ արժանանում են իրանական հակազդեցութեանը»:

ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան, Իրանի նախկին փոխարտգործնախարար եւ այժմ Իրանի ԱԳՆ խորհրդական Սեյէդ Քազեմ Սաջջադին իր թւիթերեան միկրոբլոգում մի տեսանիւթ է հրապարակել, որի համաձայն՝ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչների է կուտակում Հայաստան-Իրան սահմանին, եւ նշել է.

«Իրանի սահմանի մօտ ահաբեկիչների ներկայութիւնը եւ Սիրիայից Ադրբեջան տեղափոխումն անընդունելի է: Յունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից եւ Իրաքից յետոյ Թուրքիան այժմ չար գործողութիւններ է փնտրում Իրանի սահմանների հարեւանութեամբ։ Թուրքիան պէտք է իմանայ, որ սա կրակի հետ խաղալ է նշանակում»:

Վարդան Ոսկանեանը նկատեց՝ Հայաստանում Իրանի նախկին դեսպան Սեյէդ Քազեմ Սաջջադին բաւականին յայտնի դիւանագէտ է, ունի դիւանագիտական լուրջ փորձառութիւն.

«Պարզ է, որ թւիթերեան այդ գրառումներն ուղղւած են թուրք-ադրբեջանական նկրտումները, յատկապէս՝ ահաբեկիչների ներկայութիւնն Արցախից բռնազաւթւած մերձարաքսեան գօտում, կանխելուն:

Ես բազմիցս խօսել եմ այն մասին, որ իրանական կողմը չափազանց շահագրգիռ է, որպէսզի ձեւաւորւի համատեղ հակաահաբեկչական հարթակ, որտեղ Հայաստանը նոյնպէս պէտք է ներգրաււած լինի՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում Սիրիայից թուրքական միջնորդութեամբ տեղափոխւած ահաբեկիչները կռւում էին մեր դէմ: Ուստի, այս խնդիրը պէտք է լինի հրատապ, եւ դա այն ուղղութիւններից մէկն է, որտեղ Հայաստանը, Իրանը եւ ՌԴ-ն կարող են ձեւաւորել չափազանց արդիւնաւէտ համագործակցային հարթակ:

Դրանից կարելի է ենթադրել, որ միգուցէ մինչեւ հիմա էլ այդ տարածքում՝ մերձարաքսեան գօտում, որը բռնազաւթւել է Արցախից, կամ Ադրբեջանի այլ տարածքում՝ Իրանի սահմանի երկայնքով, ահաբեկչական որոշակի ներկայութիւն կայ, ուստի սա նոյնպէս խնդիր է, որին կարող է անդրադառնալ Հայաստանը՝ առաջ մղելով նաեւ այն թէզը, որ Ադրբեջանն ահաբեկչութիւնը հովանաւորող պետութիւն է, եւ նման պետութիւն է նաեւ Թուրքիան, յատկապէս՝ էրդողանական վարչախումբը: Հետեւաբար՝ Հայաստանի պայքարը ոչ միայն ազգային-ազատագրական է, այլ նաեւ՝ հակաահաբեկչական»:

Իրանագէտի դիտարկմամբ՝ ակնյայտ է, որ ՀՀ իշխանութիւնների կողմից անհրաժեշտ աշխատանք որեւէ ուղղութեամբ չի իրականացւում:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։