Հա

Քաղաքական

14/08/2022 - 10:55

«Մեզ համար վերադարձ չկայ անցեալին. Ադրբեջան պետութեան մէջ Արցախը ապագայ ունի միայն մէկ ձեւով՝ ոչնչացում». Դաւիթ Բաբայեան

168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանն անդրադառնալով Ալիեւի՝ արցախահայութեան վերաբերեալ օգոստոսի 12-ի յայտարարութիւններին, նշեց, որ Ադրբեջանի ղեկավարն իր յայտարարութիւններում «ազնիւ» է, քանի որ իր նպատակները չի թաքցնում եւ ցոյց է տալիս, թէ ինչ է ուզում անել։ Այսինքն՝ նա չի թաքցնում, որ Արցախը չի տեսնում որպէս առանձին միաւոր, որպէս երկիր, առաւել եւս՝ որպէս պետութիւն։

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահը յայտարարել է, որ արցախահայութիւնը պէտք է ճիշտ վարւի եւ ինտեգրւի Ադրբեջանի հասարակութեանը։

Ըստ նրա, «Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենայ կարգավիճակ, անկախութիւն, յատուկ արտօնութիւններ։ Նրանք կունենան նոյն իրաւունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները։ Ինչպէս պաշտպանւած են Ադրբեջանի քաղաքացիների իրաւունքները, այնպէս էլ պաշտպանւած կը լինեն նրանց իրաւունքները։ Սա է միակ ճանապարհը»։

Ինչ վերաբերում է Արցախում տեղի ունեցած վերջին լարւածութեանը եւ զինւած գործողութիւններին, որն ադրբեջանական կողմն անւանել է «Հատուցում» պատժիչ գործողութիւն, Ալիեւն ասել է, որ «հայկական կողմը հերթական անգամ ռազմական սադրանք է իրականացրել, որի արդիւնքում զոհւել է ադրբեջանցի զինւորական», իսկ իրենք էլ վրէժ են լուծել։

168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանն անդրադառնալով Ալիեւի՝ արցախահայութեան վերաբերեալ օգոստոսի 12-ի յայտարարութիւններին, նշեց, որ Ադրբեջանի ղեկավարն իր յայտարարութիւններում «ազնիւ» է, քանի որ իր նպատակները չի թաքցնում եւ ցոյց է տալիս, թէ ինչ է ուզում անել։ Այսինքն՝ նա չի թաքցնում, որ Արցախը չի տեսնում որպէս առանձին միաւոր, որպէս երկիր, առաւել եւս՝ որպէս պետութիւն։

«Երէկ գրառում եմ արել թեմայի վերաբերեալ, գրել եմ, որ պէտք է երախտագիտութիւն յայտնել Ալիեւին, որ ազնւօրէն, շիտակ ձեւով ասում է, թէ ինչ է ուզում։ Այլ հարց է, որ այս ամէնը, բնականաբար, մեզ համար անընդունելի է։ Անկախ նրանից, թէ Ալիեւն ինչ է ասում ու ինչ է անում, դրա նպատակը մէկն է, որպէսզի Արցախը չլինի, հասկանալի է, նա իր քաղաքականութիւնից չի հրաժարւել ու չի հրաժարւելու։ Նրանց դէպքում սա օբիեկտիւ բնոյթ է կրում, քանի որ Ադրբեջանի բնակչութեան 50 տոկոսն ազգային փոքրամասնութիւններ են, եւ ցանկացած պահի այդ երկիրը կարող է ներսից փլուզւել։

Մենք պէտք է ունենանք իմունային համակարգ եւ մենք ունենք, որպէսզի նման բաների վերաբերւենք ադեկւատ ձեւով։ Մենք այժմ տեսնում ենք, որ Ալիեւն ունի խելագարներից կազմւած մի քանի «դերասաններ», մէկը Ստամբուլում է ապրում, մէկը ինչ-որ հոգեբուժարանից է ուղիղ եթեր մտնում ու ցանկութիւն յայտնում, թէ ուզում է Ադրբեջանի քաղաքացիութիւն ստանալ։ Այս ամէնը, իհարկէ, բեմադրութիւն է եւ ուղղորդւում է Ադրբեջանի կողմից, դրա արհեստականութիւնը երեւում է, նաեւ, որ այդ մարդիկ անհաւասարակշռւած են։

Նման իրավիճակում պէտք է արդիականացնենք մեր իմունային համակարգը եւ ինքնամաքրւենք, սա է բանալին մեր հետագայ յաղթանակների»,- նշեց Դաւիթ Բաբայեանը։

Ըստ Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի, երբ խօսւում է Խորհրդային Միութեան տարիների մասին, պէտք է հասկանալ, որ նոյնիսկ ԼՂԻՄ-ը, որը բռնակցւած էր Ադրբեջանի Խորհրդային Հանրապետութեանը, այնուամենայնիւ Խորհրդային Ադրբեջանի լիիրաւ մաս չի կազմել, քանի որ բոլորը հանդիսանում էին մեծ խորհրդային պետութեան անդամներ։

«Ադրբեջանը, օրինակ, իրաւունք չունէր լուծարել ԼՂԻՄ-ը առանց արցախահայութեան եւ կենտրոնի համաձայնութեան, այսինքն՝ առանց ԽՍՀՄ սահմանադրութեան կէտերը յարգելու։ Այսինքն՝ նա լիակատար իշխանութիւն չունէր նախկին ԼՂԻՄ-ի նկատմամբ։ Նոյնիսկ այդ տարիներին Ադրբեջանը արցախահայութեան նկատմամբ խտրական քաղաքականութիւն էր վարում։ Իսկ այժմ ո՞վ է կարողանալու գոնէ արցախահայութեան տարրական իրաւունքներն ապահովել՝ ոչ մէկը։ Սա նոյնն է, որ հրեաներին ինքնավարութիւն տրամադրեն նացիստական Գերմանիայի կազմում, ինչպէ՞ս կարող է նման բան լինել։ Մի բան է՝ հրեաներին ինքնավարութիւն տրամադրել Գերմանիայի կազմում, որը ԵՄ անդամ է, մէկ այլ բան, որ այն նացիստական է։

Այս ամէնը չի նշանակում, որ մենք պատրաստ ենք լինելու Ադրբեջանի կազմում ինչ-որ մէկ այլ ընդհանուր պետութեան ներքոյ՝ ոչ։ Դա արդէն մեզ համար անցած ժամանակահատւած է, մեզ համար վերադարձ չկայ անցեալին, մենք բազմիցս դրա մասին ասել ենք։ Ադրբեջան պետութեան մէջ Արցախը ապագայ ունի միայն մէկ ձեւով՝ ոչնչացում, այդ պետութեան մէջ Արցախն ապագայ չունի, մեր թշնամիներից շատերը հէնց սա են ուզում»,- եզրափակեց Դաւիթ Բաբայեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։