Հա

Քաղաքական

14/08/2022 - 12:05

«Եթէ Արցախը մնայ առանց Հայաստանի հետ կայուն կապ ապահովող ճանապարհի, դա կը լինի ՀՀ ղեկավարութեան անհեռատեսութեան ու բացառիկ ապիկարութեան եւս մէկ ապացոյց». Արման Մելիքեան

«Հետք»-ի հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքեանը:

«alikonline.ir» - «Հետք»-ի հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքեանը:

 

- Պարոն Մելիքեան, երկու շաբաթից Ադրբեջանին են յանձնւելու Բերձորն ու Աղաւնոն։ Կարծում էք՝ սա ներքին պայմանաւորւածութեա՞ն հետեւանք է, թէ՞ Ադրբեջանի նոր սադրանքների։ Հայաստանը կարո՞ղ է յետ կանգնել այդ քայլից եւ ո՞ր դէպքում։

- Իմ կարծիքով՝ ներքին պայմանաւորւածութիւն եղել է: Այնպէս չէ, որ վարչապետ Փաշինեանը քնել-զարթնել է ու իմացել, որ ադրբեջանական զինուժն առաջ է շարժւում ու պահանջում, որ Բերձորն ու Աղաւնոն պէտք է յանձնւեն, իսկ հայ բնակչութիւնն էլ պէտք է հեռանայ: Մինչ այդ էլ ադրբեջանական կողմը մեր իշխանութիւններից «ծածուկ» նոր ճանապարհ է կառուցել, քանի դեռ մերոնք քնած էին: Հիմա էլ, երբ արդէն զոհեր ու վիրաւորներ ենք տւել, իսկ տեղի բնակչութեանը տներից հեռանալու վերջնաժամկէտ է սահմանւել օգոստոսի 25-ը, պաշտօնական Երեւանն արթնանում եւ ասում է, որ ադրբեջանական կողմը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթները:

Ուշագրաւ է, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն էլ, այժմ մեկնաբանելով ստեղծւած իրավիճակն, ասում է, որ գործընթացը պէտք է համապատասխանի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան պահանջներին: Ռուս պաշտօնատարը տեղեկացնում է նաեւ, որ օգոստոսի վերջին տեղի է ունենալու ՀՀ, ՌԴ եւ ԱՀ նախագահների հանդիպում: Ենթադրում եմ, որ այդ հանդիպան ընթացքում, եթէ այն տեղի ունենայ մինչեւ օգոստոսի 25-ը, Բերձորի եւ միւս բնակավայրերի յանձնումը կարող է յետաձգւել կամ չեղարկւել ռուսական կողմի միջամտութեան շնորհիւ, ինչն իր դրական արձագանգը կը ստանայ Հայաստանում եւ Արցախում: Այս տարբերակը հնարաւոր է, բայց դրա հաւանականութիւնն այս պահին շատ բարձր չեմ գնահատում:

 

- Եթէ Հայաստանի իշխանութիւնները Փաշինեանի գլխաւորութեամբ քննադատում են Ադրբեջանին, բողոքում են, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը հերթական անգամ, ի՞նչն էր նրանց խանգարում հակաքայլեր ձեռնարկել այն ժամանակ, երբ Ադրբեջանը բոլորի աչքի առաջ նոր երթուղի էր կառուցում, ինչպէս հայկական կողմն է պնդում, առանց նախագծի հաստատման։

- Սա, ինչ խօսք, տարակուսելի պահւածք է: Այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ մարդիկ նախ յետնաբեմային գաղտնի պայմանաւորւածութիւնների են գնում, ապա ուշացած, հրապարակաւ փորձում են բոլորին համոզել, որ իրենք եւս անակնկալի են եկել կատարւածից ու հիմա էլ ապօրինի են հռչակում այն, ինչին իրենց համաձայնութիւնն էին նախապէս տւել: Ու եթէ տեղի բնակչութեան վտարման գործընթացն ու Բերձորի՝ օգոստոսի 25-ի յանձնումը յետաձգւի կամ կասեցւի, ապա կը շահեն եւ քաջարի հայ իշխանաւորները եւ մարդասէր ռուս ղեկավարները, եւ գթասրտութիւն դրսեւորած ադրբեջանական կառավարիչը: Իսկ եթէ ոչ, ապա դա կը լինի հայ կառավարիչների հերոսական, բայց անպտուղ դիմադրութեան հերթական դրւագը: Ամէն դէպքում այս գործընթացը իրականացւում է մեր զինւորների կեանքի ու առողջութեան գնով, ինչպէս նաեւ բռնագաղթի պարտադրանքի փաստի առջեւ յայտնւած տեղի հայութեան կեանքը դժոխքի վերածելու միջոցով:

 

- Արցախ-Ադրբեջան շփման գծում օգոստոսեան լարումից յետոյ Փաշինեանը սլաքները նորից ուղղեց ռուս խաղաղապահների ուղղութեամբ, ինչին հետեւեց Լաւրովի պատասխանը, որ Երեւանը մինչ այս չի ներկայացրել համապատասխան առաջարկներ։ Փաստօրէն, նորից ականատես ենք Երեւան-Մոսկւա դիւանագիտական «փոխհրաձգութեան»։ Ինչպէ՞ս կը բացատրէք կատարւածը։

- Սա կատարւածի համար քաղաքական պատասխանատւութիւնը լղոզելու տիպական օրինակ է: Իմ կարծիքով Փաշինեան-Լաւրով առերեւոյթ դիմակայութիւնը թոյլ է տալիս ասել, որ ՀՀ իշխանութիւններն անհաւասար քաղաքական մարտի են բռնւել ռուսական պաշտօնատարների հետ եւ փորձում են արիաբար պաշտպանել հայութեան շահերը: Ես այդ ուշացած հրապարակային դիմակայութեան դրդապատճառների անկեղծութեանը մեծ վերապահումներով եմ վերաբերւում:

 

- Ստացւել է իրավիճակ երբ Փաշինեանի կառավարութիւնը փաստի առաջ է կանգնեցրել թէ՛ Հայաստանին, թէ՛ Արցախին, որոնք մինչեւ 2023-ի գարուն՝ Հայաստանի կողմից ճանապարհի կառուցումը, պէտք է միմեանց կապւեն ժամանակաւոր երթուղով, ինչը կարող է ռիսկային լինել անխափան կոմունիկացիայի առումով։ Ինչպէ՞ս կը մեկնաբանէք Փաշինեանի կառավարութեան նման վարքագիծը։

- Տեսնենք, թէ օգոստոսի վերջերին կայանալիք ՀՀ, ՌԴ եւ ԱՀ ղեկավարների հանդիպման ժամանակ ինչ կոնկրետ արդիւնքներ կը գրանցւեն: Այդուհանդերձ, եթէ Բերձորն ու միւս բնակավայրերը յանձւեն թշնամուն, եւ Արցախը մնայ առանց Հայաստանի հետ կայուն կապ ապահովող որակեալ ճանապարհի, ապա դա կը լինի ՀՀ քաղաքական ղեկավարութեան անհեռատեսութեան ու բացառիկ ապիկարութեան եւս մէկ ծանրակշիռ ապացոյցը:

 

- Այն բանից յետոյ, երբ Իրանի հոգեւոր առաջնորդը Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներին դէմ առ դէմ յայտնեց Իրանի յստակ դիրքորոշումը հայ-իրանական սահմանի վերաբերեալ, այդ սահմանը հսկող Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչութիւնը յայտարարեց, որ վերջին շրջանում այնտեղ լարւած օպերատիւ իրավիճակ է, արձանագրւում են սահմանի խախտման դէպքեր ծայրայեղական եւ ահաբեկչական կազմակերպութիւնների ներկայացուցիչների կողմից, եւ բերեց 2021թ. սահմանի խախտման նման օրինակ։ Ի՞նչ հետեւութիւն պէտք է անել այս երկու յայտարարութիւնների յաջորդականութիւնից։ Արդեօք ռուսական կողմը հեռակայ պատասխանել է Իրանին։

- Հայ-իրանական սահմանի վերահսկողութիւնը յանձնւած է ռուս սահմանապահներին, որոնք, տեսականօրէն, չեն կարող որեւէ գործողութիւն իրականացնել առանց հայկական կողմին իրազեկելու: Պէտք է յիշենք նաեւ, որ Ռուսաստանի համար դէպի Եւրոպա տանող միակ վստահելի ցամաքային ճանապարհն այժմ անցնելու է Ադրբեջանով, Հայաստանով ու Թուրքիայով, եւ այդ առումով Հայաստանը ռուսական շահերի համատեքստում նոր կարեւոր դերակատարում է ստանում, ու այդ իսկ պատճառով Մոսկւան Իրանի մտահոգութիւնները ստորադասելու է սեփական շահերին ու ռազմավարական նպատակներին: Ի դէպ, Թուրքիան էլ Շւեդիայի ու Ֆինլանդիայի անդամութիւնը ՆԱՏՕ-ին չի արգելափակի հէնց միայն նրա համար, որ Ռուսաստանն իրեն շրջանցող այլընտրանքային ցամաքային ճանապարհ չունենայ:

 

Մարինէ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։