Հա

Քաղաքական

14/08/2022 - 12:15

«Նրանք պատրաստւում են Ադրբեջանի խողողովակներով գազ ստանալ. ամէն կերպ պահպանելու են Ադրբեջանի շահերը». Արմինէ Ադիբէկեան

«Քանի այս իշխանութիւնները ղեկին են, Լաչինն էլ կը տանք, Սիւնիքն էլ, Գեղարքունիքն էլ, Տաւուշն էլ, Տիգրանաշէնն էլ…»,- Արցախում հերթական զիջումների մասին 168.am-ի հարցադրումներին այսպէս արձագանգեց ադրբեջանագէտ Արմինէ Ադիբէկեանը:

«alikonline.ir» - «Քանի այս իշխանութիւնները ղեկին են, Լաչինն էլ կը տանք, Սիւնիքն էլ, Գեղարքունիքն էլ, Տաւուշն էլ, Տիգրանաշէնն էլ…»,- Արցախում հերթական զիջումների մասին 168.am-ի հարցադրումներին այսպէս արձագանգեց ադրբեջանագէտ Արմինէ Ադիբէկեանը:

Յիշեցնենք՝ Ադրբեջանը շուրջ 10 օր առաջ Արցախի հետ շփման գծում լարելով իրավիճակը՝ ՀՀ-Արցախ երթուղին այլընտրանքային ճանապարհով կազմակերպելու նոր պահանջ էր առաջ քաշել: Յայտնի դարձաւ նաեւ, որ մինչեւ օգոստոսի 25-ը Բերձոր, Աղաւնոյ եւ Ներքին Սուս համայնքների բնակիչները պէտք է հեռանան իրենց տներից, իսկ այս բնակավայրերը յանձնւեն Ադրբեջանին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրէին ադրբեջանական հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում ամփոփել է վերջին իրողութիւնները՝ «պատժի միջոց» որակելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրահրւած վերջին սադրանքները: Բաքւի բռնապետը նաեւ յայտարարել է, թէ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը ո՛չ կարգավիճակ կունենան, ո՛չ էլ անկախութիւն։ Հայաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին անդրադառնալով էլ՝ Բաքւի բռնապետը նշել է, որ դրանում չկայ Լեռնային Ղարաբաղի թեման:

Արցախի հարցում վերջնականապէս չձախողելու բանաձեւը ադրբեջանագէտ Արմինէ Ադիբէկեանը համարում է իշխանափոխութիւնը:

«Գործող իշխանութիւններն ի վիճակի չեն որեւէ հայանպաստ լուծում տալ այս հարցին: Ուրիշ ոչ մի ուղի գոյութիւն չունի, որովհետեւ միջազգային հանրութիւնը մեզ օգնելու նպատակ չունի. նրանք Ադրբեջանից կախման մէջ են: Հաշւի առնելով հակառուսական ընդվզումները, որոնք տեղի են ունենում աշխարհում, նրանք պատրաստւում են Ադրբեջանի խողողովակներով գազ ստանալ, եւ, բնականաբար, միջազգային հանրութիւնն ամէն կերպ պահպանելու է Ադրբեջանի շահերը: Իսկ Ադրբեջանը շատ յստակ ներկայացրել է իր պահանջները. նա ունի տեսլական, որին հետեւողական գնում է»,- մանրամասնեց նա:

Բանակցութիւնները ԵԱՀԿ ՄԽ համանախագահութեան ձեւաչափում շարունակելու՝ հայկական կողմից պարբերաբար հնչող յայտարարութիւնների մասին մեր դիտարկումներին ի պատասխան՝ Արմինէ Ադիբէկեանը նշեց.

«Ալիեւը շատ յստակ ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկայ, որովհետեւ հարցը «լուծել է», հայկական կողմն էլ ոչ այնքան ուժ ունի, ոչ էլ հնարաւորութիւն, որպէսզի Ադրբեջանին վերադարձնի ԵԱՀԿ ՄԽ ֆորմատ»:

Ադրբեջանագէտը յիշեցրեց, որ հողային, տարածքային հարցերը լուծւում են ուժով, իսկ դիւանագիտական լծակներով՝ պահպանւում են, հետեւաբար, պէտք չէ ակնկալել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պէտք է հարց լուծի:

«Մինսկի խումբը կարող է ինչ-որ բան անել, որ պատերազմ չսկսւի, եւ ամէն կերպ համոզի մեզ՝ ընդունել կատարւածը, որ յանկարծ խողովակին ոչինչ չլինի:

Այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ գործառոյթը ոչ թէ հարց լուծելն է, այլ կողմերի դիրքերը միմեանց մօտեցնելը: Այժմ ընդհանուր յայտարարն այն է, որ Հայաստանն Ադրբեջանին զիջում է ամէն ինչ՝ ինչ հնարաւոր է, եւ Մինսկի խումբը դա կարող է ընդամէնն արձանագրել: Մենք պէտք է ինքներս մեր մէջ ուժ գտնենք եւ պաշտպանենք մեր հողերը զէնքով»,- յաւելեց նա:

Այս համատեքստում անդրադառնալով ինքնապաշտպանական մարտերով Բերձորն ու Աղաւնոն պահելու կոչերի մասին մեր հարցադրումներին՝ մեր զրուցակիցը վստահեցրեց, որ առանց ՀՀ աջակցութեան՝ ոչ մի ինքնապաշտպանութիւն չի կարող կայանալ եւ բերել արդիւնքի:

«Ժամանակին Արցախեան պատերազմը յաղթեցինք, որովհետեւ կար Հայաստանի ուղիղ աջակցութիւնը: Եթէ ՀՀ-ից 6000 հոգի գնայ, եթէ ՀՀ-ն համոզի միջազգային հանրութեանը, որ պաշտպանում է իր բնակչութեանը եւ իր հողերը, ձեռք բերի համապատասխան զէնք-զինամթերք, որ կը փակեն երկինքը, որպէսզի բայրաքթարները չկարողանան աշխատել… Այսինքն՝ պէտք է ծաւալւեն լուրջ ռազմական գործողութիւններ. ես յոյս չունեմ, թէ պարտիզանական շարժումը կարող է լուրջ արդիւնքի բերել»,- նշեց Արմինէ Ադիբէկեանը՝ նկատելով, որ քանի դեռ չկայ ՀՀ աջակցութիւնը, օգոստոսի 25-ը շարունակելու է «վերջնաժամկէտ» մնալ այդ համայնքների բնակիչների համար:

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։