Հա

Քաղաքական

14/08/2022 - 17:30

Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթիւնից տուժածների թիւը հասել է 34-ի, կայ մէկ զոհ

Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով կայ մէկ զոհ եւ երեսունչորս տուժած։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավճակների նախարարութիւնը։

«alikonline.ir» - Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով կայ մէկ զոհ եւ երեսունչորս տուժած։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավճակների նախարարութիւնը։

«Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացւել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթիւն։

Հրդեհի բարդութեան «Թիւ 2» կանչով դէպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչութեան հրշէջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշւարկ, աւտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիւ, Փրկարարական ուժերի վարչութեան յատուկ նշանակութեան փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Բժշկական ապահովման վարչութեան, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցութեան բաժնի հերթապահ հոգեբանը եւ գազածխապաշտպան ծառայութեան աւտոմեքենան։

Յայտարարւել է հրդեհի բարդութեան «Թիւ 3» կանչ․ դէպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչութեան հրշէջ-փրկարարական ջոկատներից եւս չորս մարտական հաշւարկ։

Դէպքի վայր օգնութեան են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի եւ մարզային փրկարարական վարչութիւնների հրշէջ-փրկարարական ջոկատներից եւս տասնմէկ մարտական հաշւարկ։

Ըստ նախնական տւեալների՝ տեղի է ունեցել պայթիւն՝ հրդեհի բռնկմամբ․ կայ մէկ զոհ եւ երեսունչորս տուժած։

Դէպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ԱԻ նախարար Արմէն Փամբուխչեանը․ դէպքի վայրում են գտնւում ՓԾ տնօրէն, փ/ծ գնդապետ Արմէն Գասպարեանը, ԱԻ նախարարի եւ ՓԾ տնօրէնի տեղակալները։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրաււած են Երեւանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար եւ երեք տրակտոր։

Պայթիւնի հետեւանքով տուժածները տեղափոխւել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգաւիթ», «Սուրբ Աստւածամայր» եւ «էրեբունի» ԲԿ-ներ։

Երեւան քաղաքի եւ յարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացւում է ուժեղացւած ծառայութիւն», -ասւում է հաղորդագրութեան մէջ։

Ըստ աղբիւրի՝ հոսպիտալացւած տուժածների վերաբերեալ տեղեկութիւն կարելի է ստանալ «911» թէժ գծի միջոցով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։