Հա

Քաղաքական

21/08/2022 - 10:50

«Այո, կան կուլիսային, հայ ժողովրդից տարւող գաղտնի պրոցեսներ, որոնք վերջնականապէս կը փակեն Հայաստանի պարտութեան վերջին էջը». Գառնիկ Դաւթեան

Ադրբեջանական իշխանամերձ տելեգրամային որոշ ալիքները, որոնք հանրայնացնում են այդ երկրի պաշտօնական քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ՝ պաշտօնական շրջանակների առանձին ներկայացուցիչներ, փորձագէտներ, շարունակում են հրապարակումներով կամ հարցազրոյցներով տեղեկութիւններ շրջանառել ՀՀ իշխանութիւնների հետ ինչ-ինչ պայմանաւորւածութիւնների, գործողութիւնների յաջորդականութեան մասին:

«alikonline.ir» - Ադրբեջանական իշխանամերձ տելեգրամային որոշ ալիքները, որոնք հանրայնացնում են այդ երկրի պաշտօնական քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ՝ պաշտօնական շրջանակների առանձին ներկայացուցիչներ, փորձագէտներ, շարունակում են հրապարակումներով կամ հարցազրոյցներով տեղեկութիւններ շրջանառել ՀՀ իշխանութիւնների հետ ինչ-ինչ պայմանաւորւածութիւնների, գործողութիւնների յաջորդականութեան մասին:

«Յաջորդ քայլը Ղազախի եւ Քըրքիի 7 գիւղերի ազատագրումն է. գործընթացը սկսւել է, մէկ շաբաթ անց աւարտւում է Լաչինում, Զաբուխում եւ Սուսում հայերի տեղափոխման համար տրւած ժամանակը… Նրանց սպասւող հրաշալի անակնկալը կարող է լինել միայն ադրբեջանական բանակի «երկաթէ դարպասը»։ Այն բանից յետոյ, երբ Ադրբեջանը Լաչինը մաքրում է հայերից եւ ամրապնդում դիրքերը սահմաններին, սկսւում է յաջորդ փուլը։ Յաջորդ փուլը Զանգեզուրի միջանցքն է, Ղազախի 7 օկուպացւած գիւղերը եւ Նախիջեւանի Քեարքի գիւղը, որոնք ազատագրւել են հայերից եւ յանձնւել Ադրբեջանին։ Այս ուղղութեամբ գործընթացներ արդէն սկսւել են եւ որոշակի նախապատրաստական ​​աշխատանքներ են տարւում։ …Նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Զանգեզուրի հարցի շարունակական բարձրաձայնման եւ «մենք կարող ենք նաեւ տարածքային պահանջ ներկայացնել» յայտարարութեան յետեւում կան լուրջ կէտեր։ Այդ տեսակէտից չի բացառւում, որ առաջիկայում ակտիւօրէն քննարկւի նաեւ Ղազախի եւ Քըրքիի 7 գիւղերի ազատագրման հարցը։ Այս հարցը կը լուծւի հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի արդիւնքում։ Այս մասին պայմանաւորւածութիւններ կան, եւ Երեւանը պարտաւոր է կատարել այդ պարտաւորութիւնը»,- ասւած է տելեգրամային այդ ալիքում։

Այս կապակցութեամբ 168.am-ը հարցեր է ուղղել Ադրբեջանի հարցերով փորձագէտ Գառնիկ Դաւթեանին:

 

- Ցաւօք, ադրբեջանական տելեգրամային ալիքների, Ադրբեջանի տարբեր փորձագէտների եւ գործիչների կողմից հրապարակւած տեղեկութիւնները՝ տարածքային զիջումների, ՀՀ իշխանութիւնների հետ բանաւոր կամ այլ պայմանաւորւածութիւնների մասին, հաստատւում են: Ահա, ադրբեջանական իշխանամերձ տելեգրամային ալիքներից մէկն այսպիսի տեղեկատւութիւն է հրապարակել: Որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականութեանը:

- Որպէս Ադրբեջանի հարցերով փորձագէտ, ինձ համար վիրաւորական կը լինէր որեւէ յղում տալը թշնամի պետութեան տեղեկատւութիւնը, բայց, ցաւօք, այսօրւայ Հայաստնի թրքամէտ կառավարութիւնն աւելի շատ ապատեղեկատւութիւն է տարածում կամ փաստի առաջ կանգնեցնում՝ հետեւաբար այսօրւայ ադրբեջանական ինֆորմացիոն հոսքերը մեզ հնարաւորութիւն են տալիս ճիշտ կանխատեսում անել:

Ձեր հարցին ի պատասխան՝ կը նշեմ, որ, այո, Ադրբեջանի փորձագիտական եւ իշխանամերձ տեղեկատւական դաշտը Բերձորի եւ Աղաւնոյի հայաթափման օպերացիան յաջողութեամբ իրականացնելուց յետոյ թիրախներն ուղղել են Հայաստանի սուվերեն տարածք հանդիսացող եւ երբեւէ ադրբեջանական չեղած գիւղերի կամ, այսպէս կոչւած, անկլաւների ուղղութեամբ: Յատկապէս նշում էին, որ այսօրւայ ստեղծւած եռակողմ (Հայաստան, ՌԴ, Ադրբեջան) սահմանազատման եւ սահմանագծման յանձնաժողովի սեղանին գտնւող էական հարցերից մէկն այդ հայկական գիւղերն Ադրբեջանին վերադարձնելու հարցն է: Ասեմ աւելին, այս հանրային պնդումներին եկաւ լրացնելու Ադրբեջանի պետական սահմանային ծառայութեան յայտարարութիւնը, որում ասւում էր. «Ղազախական 7 գիւղերի հարցը սահմանազատման խնդիր է: Սահմանազատման աշխատանքներն աւարտելուց յետոյ կիրականացւեն սահմանագծման աշխատանքները։ Հետագայում, ինչպէս մնացած բոլոր հարցերում, յաջողութեամբ կը կատարւեն այն խնդիրները, որոնք դրւելու են»: Հետեւաբար, այո, կայ կուլիսային, հայ ժողովրդից տարւող գաղտնի պրոցեսներ, որոնք վերջնականապէս կը փակեն Հայաստանի պարտութեան վերջին էջը:

 

- Մեզ հասած տեղեկութիւններով՝ Բաղանիս, Ոսկեպար, Ազատամուտ համայնքների սահմաններին՝ առաջնագծի երկայնքով զրահամեքենաների եւ այլ տեխնիկայի մեծ կուտակումներ կան, ադրբեջանական կողմը ցուցադրաբար վախի մթնոլորտ է առաջացնում: Արդեօք դուք այդ մասին տեղեկութիւններ ունէ՞ք, եւ ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել:

- Պատահական չպէտք է համարել անցած շաբաթ Ադրբեջանի կողմից սոցիալական ցանցում ապատեղեկատւութիւնը, խօսքը տեսանիւթին էր վերաբերում, որ 44-օրեայ պատերազմի ժամանակւայ կադրեր էին, սակայն ներկայացւում էր՝ որպէս այդ պահին նկարահանւած կադրեր:

Այն, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի տարբեր հատւածներում ունի կուտակած ռազմական տեխնիկա, դա, առնւազն մեր՝ փորձագիտական դաշտի համար, նորութիւն չէ: Դրա վառ ապացոյցն այս 1,5 տարւայ ընթացքում Հայաստանի հետ սահմանի տարբեր հատւածներում անցկացւած զօրավարժութիւններն են, որի աւարտից յետոյ, կայ մեծ հաւանականութիւն, որ ծանր տեխնիկաները չեն վերադարձրել իրենց տեղակայման վայր:

Ինչ վերաբերում է վախի մթնոլորտի տարածմանը, ապա դա նոյնպէս վերջին պատերազմից առաջ եւ յատկապէս յետոյ էական աշխատող հարւածային գործիք է դարձել Ադրբեջանի ձեռքին, որով, առաջինը տեղի բնակչութեանը վախեցնելու միտք ունեն, որպէսզի վերջիններս հլու-հնազանդ ենթարկւեն սպասւող զիջումներին, եւ երկրորդ, Հայաստանի հասարակութեանը վախեցնելով՝ կարողանան իրականացնել Հայաստանի պետականազրկման օպերացիան: Փորձագիտական հոտառութիւնս ինձ յուշում է, որ շատ մօտ ապագայում Տաւուշի եւ Արարատի գիւղերի՝ «անկլաւների» հարցն Ադրբեջանի կողմից կը մղւի առաջին պլան, իսկ կապիտուլեացւած Հայաստանի իշխանութիւնը կը լծւի իրենց քաղաքական հայր Իլհամ Ալիեւի պահանջները կատարելուն:

 

Արմինէ Վարդանեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։