Հա

Քաղաքական

24/08/2022 - 13:30

«Անկախութեան հռչակագրի 32-ամեակի առթիւ ազգակործանի ուղերձն ամբողջութեամբ յանցագործին բնորոշ հոգեբանական վարքի դրսեւորում է». Լիլիթ Գալստեան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Անկախութեան հռչակագրի 32-ամեակի առթիւ ազգակործանի ուղերձն ամբողջութեամբ յանցագործին բնորոշ հոգեբանական վարքի դրսեւորում է. երբ յանցագործը վերադառնում է յանցանքի վայր։

Անկախութիւնն ու համազգային յաղթանակները մսխածը յայտարարում է, թէ «Կառավարութիւնն ամէն օր պայքարում է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան համար»։

Այսքա՜ն երեսպաշտ... Դուք պայքարել եւ պայքարում էք ոչ թէ Անկախութեան համար, այլ՝ Անկախութեան դէմ։

Միթէ՞ կարծում էք, թէ ողջ հայ ժողովուրդն ամնեզիայով է տառապում եւ չի յիշում, որ իր թիկունքում Գորիս-Կապան ճանապարհի մի հատւածն էք նւիրել թշնամուն, որ թշնամին արդէն վաղուց տեղակայւել է Սիւնիքում, կամ կառավարութեան նիստում թշնամու կողմից ցանկաւած կէտից մեր Հայրենիք ներխուժելու կանաչ լոյս էք վառել։

Ձեր քթին Աղաւնոյի ծուխը չի հասնում, բայց հօ որբացող Աղաւնոյի պատկերն իբրեւ սեպ խրւելու է ձեր մեղաւոր բիբերում...

«Անկախութիւնը մեզ համար անվտանգութիւն է»։ Սա ասում է մէկն, ով կազմաքանդել ու բարոյալքել է Հայոց Բանակը, նւաստացրել ու արժեզրկել է մեր անվտանգութիւնն ու յաղթանակները կերտողներին՝ պատւանդաններն ու խոնարհումը փոխարինելով ատելութեամբ, բանտային կտտանքներով ու նւաստացումով։

Մերժումի եւ ուրացման խորհրդանիշը, պառակտողն ու երեսուն տարիների ձեռքբերումները ամլացնողը չի կարող անվտանգութիւն ապահովել։

«Միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, եւ առաջիններից այդ ճաքը ցաւօք արտայայտւեց Լեռնային Ղարաբաղում»: Սա ասում է մէկն, ով «Արցախն Հայաստան է» պոպուլիստական էժանագին կարգախօսով ու սեփական կէտից բանակցելու հիւանդագին սեւեռումով կործանարար պատերազմ հրահրեց։ Սա ասում է մէկն, ով առանց աչքը թերթելու, սեփական պարտութիւնն արդարացնելու համար Շուշին դժբախտ ու դժգոյն համարեց։ Սա ասում է մէկն, ով խոստովանել պատերազմը չդադարեցնելու գինը՝ հազարների կեանքի գինը...

«Անկախութիւնը կարգաւորւած յարաբերութիւններ են հարեւանների հետ... եւ ամուր դաշնակցային յարաբերութիւններ»՝ մեղաւորներ նշանակելու եւ պատասխանատւութիւնից խուսափելու ցինիկ աւանդոյթին հաւատարիմ, մերկապարանոց հաստատումներ է կատարում մէկն, ով դիւանագիտական ու միջազգային մեկուսածման տարաւ Հայաստանը՝ փչացնելով յարաբերութիւնները ռազմավարական դաշնակիցների հետ։

Հարեւանների հետ յարաբերութիւնները լարախաղացութեան հետ շփոթողը դիւանագիտական մերկութեամբ մսխեց նաեւ հարեւանների հետ շահեկան եզրեր գտնելու հնարաւորութիւնները։

Ի վերջոյ, Հայաստանում գործադրւող «գաւառական շուստրիութեան, գժի տեղ դնելու կամ պաթոլոգիկ ստախոսի վարքագիծը» միջազգային յարաբերութիւններում չի կարող արգահատանքի չարժանանալ։

«Մեր որոշ հարեւաններ չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում», ասում է մէկն, ով առանց նախապայմանների պատրաստ է սահման բացել ցեղասպան թուրքի առջեւ, այն թուրքի առջեւ, որի բայրաքթարների տակ հազարաւոր հայորդիներ նահատակւեցին, այն թուրքի առջեւ, որին երբեք, որ մի միջազգային հարթակում այդպէս էլ ագրեսոր չանւանեց։

Մեծ գին են պահանջում պարտւածից, իսկ դու տեղով պարտութիւն ես, աթոռին կառչած պարտութիւն, աթոռի համար ցաբկացած գին տւող պարտութիւն։

Մեր թշնամիները դա լաւ են գիտակցում եւ պոկելու են հնարաւորը, քանի դեռ այսպիսին է իշխանութիւնը, քանի դեռ հայ ժողովուրդը իր շահերը դաւաճանողին հեռացնելու ուժ եւ կամք չի գտել...

«Անկախութիւնը պետականակենտրոն մտածողութիւն է» ասում է մէկն, ով անդառնալի սեպ է խրել ազգային միաբանութեան մէջ, ով ներազգային պառակտվախութիւնն ու անհանդուրժողականութիւնը հասցրել է անդառնալիութեան սահմանին, ով երկիրը քպ-ական թայֆայաբազութեան եւ դիլետանտութեան պատճառով դարձրել է մշտական աղէտի գօտի, ով կազմաքանդել է ազգային եւ պետական ինստիտուտները, ով անդառնալի հարւած է հասցրել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին։

«Անկախութիւնն ազատութիւն է, եւ մեր ընկալմամբ՝ ժողովուրդն անկախ պետութիւն ստեղծել է այնտեղ իրեն ազատ եւ անվտանգ զգալու համար»... ստի եւ երեսպաշտութեան այս հրավառութիւնից շնչահեղձ եմ լինում։ Երկրում մենիշխանութիւն հաստատածն ու հարիւրաւոր ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հալածանքներ պատւիրածը ազատութեան մասին է խօսում։

«Անկախութիւնը կրթութիւն է». այո, բայց ազգային արժէքների վրայ հիմնւած եւ ազգային ինքնութիւնը սնող կրթութիւնը, եւ բոլորովին էլ ոչ այն ապազգայինը, որ պարտադրում էք...

«Անկախութիւնն իրաւակարգ է, օրէնքի, իրաւունքի գերակայութիւն». դէ իհարկէ, դատարանները շրջափակելով, դատաւորների «վզին դնելով» ու Սահմանադրութեան ողնաշարը ջարդելով այս չորս տարիներին հրաշալի իրաւակարգ էք ստեղծել։

«Անկախութիւնն աշխատանք է, այնպիսի աշխատանք, որը պէտք է ստեղծի եւ արարի եւ ոչ թէ մսխի ու փչացնի»: Անկարելի է չհամաձայնել այս խոստովանութեան հետ...

Իսկ այդ ողջ՝ Անկախութեան հռչակագրին նւիրւած տեքստը քաղաքական ամլութեան, անճարակութեան եւ հոռետեսութեան չարագուշակ տեքստ է, անլոյս եւ անյոյս... Ճիշտ այնպիսին, ինչի մէջ տապակւում է Հայաստանը։

Այդպէս է, որովհետեւ Հայաստանում իշխանութիւն է իրականացնում մերժումի, ազգային շահերն ու ապագան դրժած ուժը...

Եւ ամենակարեւորը՝ կունենա՛նք պետութիւն եւ Անկախութիւն, բայց առանց քեզ, միայն առանց քեզ»։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։