Նիկոլ Փաշինեանը Հայաստանի հետ անում է այն, ինչ սնանկութեան կառավարիչներն անում են սնանկացած կազմակերպութեան հետ՝ վաճառում է հնարաւոր ամէն ինչ, քանի դեռ վճարող կայ։ Հէնց այդ տրամաբանութիւնն է ընկած եղել այն ամենի մէջ, ինչ կատարւել է Արցախի հետ։ Պատերազմը, լայն իմաստով, Նիկոլ Փաշինեանի համար իմիտացիա էր՝ վաճառքի գործարքի համար մեղադրանքից խուսափելու համար։
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Եւ գալիք արհաւիրքները,
Միայն այդ չի վաճառւում։
Նիկոլ Փաշինեանը Հայաստանի հետ անում է այն, ինչ սնանկութեան կառավարիչներն անում են սնանկացած կազմակերպութեան հետ՝ վաճառում է հնարաւոր ամէն ինչ, քանի դեռ վճարող կայ։ Հէնց այդ տրամաբանութիւնն է ընկած եղել այն ամենի մէջ, ինչ կատարւել է Արցախի հետ։ Պատերազմը, լայն իմաստով, Նիկոլ Փաշինեանի համար իմիտացիա էր՝ վաճառքի գործարքի համար մեղադրանքից խուսափելու համար։ Այդ իմիտացիայի համար հասարակութիւնը վճարեց մի ամբողջ սերնդի կեանքով, Նիկոլ Փաշինեանին, միեւնոյն է, որակեցին դաւաճան, ինչից յետոյ նա առանց ձեւականութիւնների յայտարարեց, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, կը լինէր նոյն արդիւնքը, «իհարկէ, առանց զոհերի»։
Ահա, ուրեմն, Արցախի վաճառքից յետոյ սկսւել է ամենայնի վաճառքի շքահանդէսը։ Հայաստանի ինքնիշխանութիւնը վաղուց վաճառւում է միջազգային քաղաքականութեան սակարաններում, Նիկոլ Փաշինեանը՝ անուս բրոկերի ժրաջանութեամբ, ամէն օր փորձում է հնարաւորինս բարձր գին պոկել դրա դիմաց, ինչին էլ նւիրւած է Հայաստանի արտաքին քաղաքականութիւն կոչւող չարչիութիւնը։ Ինքնիշխանութեան վաճառքը միանւագ ակտ չէ, այլ փաթեթային գործողութիւն, որում ընդգրկւած են Հայաստանի սուվերեն տարածքները՝ Զանգեզուրը եւ անկլաւները, որոնք կիրացւեն յարմար պահի՝ յարմար գնով։ Իհարկէ, վաճառքի հանւած ամէն ինչի գինն առաջին հերթին Նիկոլ Փաշինեանի աթոռը՝ իշխանութիւնն է, բայց վստահաբար, գործարքներն ունեն կամ ունենալու են նաեւ նիւթական արտայայտութիւններ, որոնք երբեւէ յայտնի կը դառնան։ Կամ չեն դառնայ։
Բայց Նիկոլ Փաշինեանը ոչ միայն աշխարհաքաղաքական առեւտրական է, այլ նաեւ ներքին շուկայի վաճառական, որը վաճառում է ձեռքն ընկած ամէն ինչ։ Հիմա հերթը բանակում պարտադիր ծառայութեան պարտականութիւնն է, որն առաջարկւող նախագծով կարելի է գնել ընդամէնը 24 միլիոն դրամով։ Կառավարութիւնը չի հրապարակել այս գործարքից ակնկալւող գումարի չափը, բայց վստահաբար մինչեւ նման որոշում կայացնելը կատարւել են բազմաթիւ հետազօտութիւններ, հանրային տրամադրութիւնների չափումներ, որոնց արդիւնքում Նիկոլ Փաշինեանին զեկուցւել է՝ սրա մէջ փող կայ։ Իսկ Նիկոլ Փաշինեանը կայ այնտեղ, որտեղ կայ փող։
Ընդ որում, այս գործարքում Նիկոլ Փաշինեանը հանդէս է գալիս ոչ միայն՝ որպէս սովորական վաճառող, այլ նաեւ՝ որպէս «մարքետինգային մասնագէտ»։ Խաղաղութիւն քարոզելով՝ նա տողատակում միշտ խօսում է պատերազմի սպառնալիքի մասին, ինչը բազմապատիկ աւելի գրաւիչ է դարձնում ծառայութեան պարտականութեան գնումը քաղաքացիների կողմից։ Այսինքն՝ վախեցնելով պատերազմով, Նիկոլ Փաշինեանն արդէն այսօրւանից նպաստում է զինւորական ծառայութիւնից խուսափելու իրաւունքի պահանջարկի աւելացմանը։
Բայց այս գործարքն ունի ոչ միայն ներքին ֆինանսատնտեսական ասպեկտներ, այլ նաեւ արտաքին հակապետական նշանակութիւն։ Ակնյայտ է, որ նման նախաձեռնութեամբ վերջնականապէս քայքայւելու է առանց այդ էլ խարխլւած հայկական բանակը։ Դրանում ծառայելու են միայն սոցիալապէս անապահով խաւի երեխաները՝ ծառայութեան ամէն օրը լցնելով անարդարութեանը հայհոյելով, ինչը, մեղմ ասած, բացասաբար է ազդելու նրանց բարոյահոգեբանական վիճակի վրայ։
Ահա այսպիսով, Նիկոլ Փաշինեանն անուղղակիօրէն կատարում է Իլհամ Ալիեւի պահանջը, որը պարբերաբար իրեն իրաւունք է վերապահում յայտարարել, որ թոյլ չեն տալու ոչ միայն Արցախի պաշտպանութեան բանակի գոյութիւնը (ինչն արդէն Նիկոլ Փաշինեանն իրականացրել է), այլ նաեւ Հայաստանի զինւած ուժերի սպառազինութեան համալրումն ու մարտունակութեան բարձրացումը։ Առաջարկւող նախագծով Նիկոլ Փաշինեանն առնւազն անուղղակիօրէն բաւարարում է Ալիեւի նաեւ այս պահանջը, ինչը նշանակում է, որ գործարքը կարող է ունենալ ոչ միայն ներքին վճարողներ՝ ի դէմս ծառայութիւնից ազատւող զինւորականների, այլ նաեւ արտաքին պարգեւավճարներ։ Իսկ Նիկոլ Փաշինեանը, ինչպէս յայտնի է, պարգեւավճարների առանձնակի սիրահար է։
Հայաստանում այլեւս վաճառւում է գործնականում ամէն ինչ։ Վաճառւել է հայրենիքի մի մասը (Արցախը վկայ), վաճառւում է Հայաստանի ռազմավարական տարածքը (Սիւնիքի շուրջ ադրբեջանաթուրքական պահանջները վկայ), վաճառւում է խիղճը (Էդմոն Մարուքեանը վկայ), վաճառւում է «յանցաւոր օլիգարխից խոշոր գործարար դառնալու» իրաւունքը (Սամուէլ Ալեքսանեանը վկայ)... հերթը զինւորական ծառայութեան պարտականութեան իրաւունքինն է, որը վաճառւում է նաեւ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինեանն արել եւ անում է ամէն ինչ, որպէսզի Հայաստանի զինւած ուժերը պաշտպանելու օբիեկտ չունենան՝ հայրենիքի ամբողջական վաճառքի պատճառով։
Յ.Գ. Նիկոլ Փաշինեանը, ըստ ամենայնի, ներկայումս զբաղւած է սեփական երազանքն իրականութիւն դարձնելով։ Չար լեզուներն ասում են, որ նա երազել է ոչ միայն հասնել իշխանութեան, այլեւ դառնալ Հայաստանի ամենահարուստ մարդը։
Վաճառքի այն ծաւալով, որն իրականացնում է Նիկոլ Փաշինեանը, դա միանգամայն իրատեսական է։ Պարզապէս, դրա աւարտին կարող է այլեւս Հայաստանը չլինել։ Բայց դա հազիւ թէ յուզում է նրան։
168.am