Այսպէս, Հայաստանի «ժողովրդավարական» իշխանութիւնը իր կամ ապիկար, աւելի հաւանական է դաւադիր քաղաքականութեամբ պատերազմ հրահրի, պարտւի եւ շարունակի մնալ իշխանութեան ղեկին, աղաչի «խաղաղութիւն», համաձայնի հակառակորդի բոլոր պահանջներին, հայկական տեղանուններն անւանի ադրբեջանական, կամաւոր յանձնի Գորիս-Կապան ճանապարհահատւածը, Բերձորն ու Աղաւնոն, հայկական զաւթած տարածքներն անւանի «ամայի եւ ձիւնածածք» եւ...
ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ
ԱՄՆ-ը Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել։ Բրիւսէլում կայանալու է Հայաստանի վարչապետ կոչեցեալի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը ԵՄ ղեկավարի միջնորդութեամբ։
Ադրբեջանում ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանները մերժել են Շուշի այցելելու Բաքւի հրաւէրը։
Այս եւ նման նորութիւնները Հայաստանի տարբեր գործիչների կողմից բազմաբնոյթ վերլուծութիւնների տեղիք են տալիս։ Նրանցից շատերը, քննադատելով, նաեւ հայհոյելով Ռուսատանին՝ լուրջ յոյսեր են փայփայում, որ Մինսկի խումբը, ԵՄ-ն, իրենց հաստատակամութեամբ Արցախի հարցում հայամէտ դիրքորոշում կընդունեն։
Սին յոյսեր...
Զարմանալի է, թէ որքան պարզունակ մտածողութեան տէր են Հայաստանի փորձագէտ կոչւածները։
Այսպէս, Հայաստանի «ժողովրդավարական» իշխանութիւնը իր կամ ապիկար, աւելի հաւանական է դաւադիր քաղաքականութեամբ պատերազմ հրահրի, պարտւի եւ շարունակի մնալ իշխանութեան ղեկին, աղաչի «խաղաղութիւն», համաձայնի հակառակորդի բոլոր պահանջներին, հայկական տեղանուններն անւանի ադրբեջանական, կամաւոր յանձնի Գորիս-Կապան ճանապարհահատւածը, Բերձորն ու Աղաւնոն, հայկական զաւթած տարածքներն անւանի «ամայի եւ ձիւնածածք» եւ...
Եւ ի՞նչ էք կարծում, այս պայմաններում, որեւէ պետութիւն, այդ պետութեան ղեկավար, ելնելով իր երկրի շահերից, Արցախի հարցում ո՞ւմ կողմն է լինելու։
Իսկ այդ ամէնը, որից ոմանք հորթի պէս ոգեւորւում են, ընդամէնը հզօրների միջեւ քաղաքական խաղեր են, Ռուսաստանի կողմից յաղթող կողմին սիրաշահել, իր ազդեցութիւնը տարածաշրջանում պահելու, արեւմուտքի կողմից՝ Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու համար։
Երկու կողմերն էլ հաշւի են նստում, մի կողմից Ադրբեջանի հետեւողական, ոչ մի թիզ չզիջելու եւ աւելին զաւթելու քաղաքականութեան եւ միւս կողմից Հայաստանի ամէն ինչ զիջելու եւ ամէն գնով «խաղաղութեան» մուրալու ողորմելի քաղաքականութեան հետ։
Այո՛, համոզւած եմ, այս պայմաններում, դա լինի Ռուսատանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, թէ Մինսկի խումբը հայ-ադրբեջանական հակամարտութեան միջեւ միջնորդի դեր ստանձնելուց, առաջարկութիւնները բխելու են միայն Ադրբեջանի շահերից ելնելով։
Այսպիսին է եղել եւ կայ աշխարհի կարգը։ Եւ մեր, եթէ այդպէս կարելի է ասել՝ քաղաքական միտքը այդպէս էլ այս պարզ ճշմարտութիւնը չհասկացաւ, յոյսը դնելով ժամանակին Սեւրի դաշնագրի, այսօր էլ՝ Մինսկի խմբի վրայ, եւ ինչպէս 1920թ. յետոյ ինքնաարդարացան՝ «ռուսական մուրճի եւ թուրքական սալի միջեւ» խեղճի բանաձեւով, նման ինքնաարդարացման սպասենք մօտ ապագայում։
Թէ՞ կարծում էք, որ աշխարհի հզօրները շարժւում են մարդասիրական, աւելին՝ հայասիրական շարժառիթներով։
Հնարաւո՞ր է այսօր փոխել անխուսափելի թւացող իրադարձութիւնների ընթացքը։ Տեսականօրէն՝ այո, քանի որ իմ համոզմամբ անելանելի իրավիճակներ չեն լինում։
Առաջին հերթին միջազգային հանրութիւն կոչւածը, այն լինի Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մինսկի խումբը, թէ Իրանը պէտք է տեսնեն հայ ժողովրդի միասնական կամքը, եթէ կուզէք ուժը՝ դիմակայելու մեզ համար ճակատագրական որոշումներին։
Եւ միայն այդ պարագայում յոյսեր կառաջանան անխուսափելի թւացող իրադարձութիւնների ընթացքը փոխելու համար եւ միջազգային հանրութիւն կոչւածը հաշւի կառնի մեր դիրքորոշումը։ Եւ իհարկէ, դրա առաջին քայլը պէտք է լինի պարտւողական, «խաղաղասէր» իշխանութեան հեռացումը ամէն գնով։
Հեռացումից յետոյ, նոյնպէս տեսականօրէն՝ ուժեղ, կամային իշխանութեան ձեւաւորում, երեք առանցքային դէմքերով՝ վարչապետ, Պաշտպանութեան նախարար, Արտգործնախարար։
Նոր կառավարութիւնը չպէտք է ընկնի միւս՝ Ռուսաստանի առջեւ սողալու քաղաքականութեան գիրկը, այլ լինի վստահելի, արժանապատիւ գործընկեր Ռուսաստանի, ինչպէս նաեւ Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի համար, արագօրէն հայկական բանակը դարձնի մարտունակ, ճկուն, հաստատակամ քաղաքականութեամբ դիմագրաւի մարտահրաւէրներին, պաշտպանելով հայկական շահը։
Իսկ ինչպէ՞ս հասնել դրան։ Այն ինչ կատարւում է այսօր Հայաստանի ընդդիմադիր դաշտում մեծ յոյսեր չեն առաջացնում։ Որքան էլ ընդդիմադիրները խօսեն այն մասին, որ իրենց նպատակը իշխանութիւնը չի, վստահութիւն չի ներշնչում։
Տպաւորութիւն է ստեղծւում, որ ընդդիմադիր տարբեր կառոյցներ խանդով են միմեանց վերաբերւում։ Միւս կողմից բազմաթիւ այլ քաղաքական, հասարակական գործիչներ, այդ թւում վերը նշւած Մինսկի խմբով, եւ ԵՄ-ով ոգեւորւածները, ելնելով անձնական շահերից, ուղղակի կամ անուղղակի պաշտպանում են «խաղաղասէր» իշխանութեանը։ Միայն 2021թ. ընտրութիւն կոչւած ֆարսը, որպէս արդար համարելը բաւարար է։
Ժամանակը սպառւում է։ Կը գիտակցե՞նք արդեօք այս ամէնը եւ կը համախմբւե՞նք, թէ՞ ինչպէս անյաջողակ, ծոյլ, ապիկար մարդն է իր դժբախտութիւնների մէջ մեղադրում այլոց, այնպէս էլ մենք՝ հայ ժողովուրդը ինչպէս միշտ, իրենից դուրս այլ մեղաւորներ կը փնտրի։
168.am