Հա

Քաղաքական

28/08/2022 - 13:50

«Իշխանութիւնները նախկինում քրէօրէն պատժելի արարքը փորձում է օրինական դարձնել». փորձագէտը՝ ՊՆ-ի նախագծի մասին

Ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը կարծում է, որ Պաշտպանութեան նախարարութեան կողմից առաջարկւող նախագիծը, որով 4.5 ամիս պարտադիր զինւորական ծառայութեան ուսումնական փուլ անցնելուց յետոյ քաղաքացին կարող է վճարել 24 միլիոն դրամ եւ բանակից ազատւել, ամրագրում է սոցիալական անարդարութեան գաղափարը:

«alikonline.ir» - Ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը կարծում է, որ Պաշտպանութեան նախարարութեան կողմից առաջարկւող նախագիծը, որով 4.5 ամիս պարտադիր զինւորական ծառայութեան ուսումնական փուլ անցնելուց յետոյ քաղաքացին կարող է վճարել 24 միլիոն դրամ եւ բանակից ազատւել, ամրագրում է սոցիալական անարդարութեան գաղափարը:

«Նախկինում եղել են մեծահարուստներ, որոնք փորձել են իրենց որդիներին ազատել պարտադիր զինւորական ծառայութիւնից, բայց դա օրէնքով ամրագրւած չի եղել, եղել է քրէօրէն պատժելի արարք: Հիմա օրէնքով ամրագրում են, որ Հայաստանում ապրող 5000 ընտանիքներ կարող են իրենց որդիներին ազատել պարտադիր զինւորական ծառայութիւնից»,- News.am-ի հետ զրոյցում ասաց Վրթանէսեանը:

Ռազմական փորձագէտի խօսքով՝ այս նախագիծը հակասում է Սահմանադրութեանը, միւս կողմից էլ այսօր Զինւած ուժերը ունեն կենդանի ուժի պակաս:

«Եթէ Զինւած ուժերը չունենային կենդանի ուժի պակաս, ապա ինչու են 40-50 տարեկան եռամսեայ հաւաքներին մասնակցող տղամարդկանց տանում դիրքեր: Այդ հաւաքները պէտք է լինեն ուսումնավարժական, իսկ հիմա այդ հաւաքները ոչ թէ ուսումանվարժական կամ պատժիչ հաւաքներ են, գիտենք, որ ընդդիրմադիր հայեացքներ ունեցող ակտիւիստների են տանում, այլեւ դրանք զինւած ուժերում անձնակազմի սուր դիֆիցիտը վերացնելու համար են»,- ընդգծեց Վրթանէսեանը:

Նրա կարծիքով՝ 4.5 ամիս պարտադիր զինւորական ծառայութեան ուսումնական փուլ անցնելը բաւարար չէ ռազմական դրութեան ժամանակ այդ մարդկանց բանակ զօրակոչելու համար:

Անդրադառնալով իշխանութիւնների կողմից յաճախ հնչող պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու յայտարարութիւններին՝ Վրթանէսեանը ասաց, որ այդ յայտարարութիւնները մաս են կազմում Հայաստանի զինաթափման եւ Հայաստանի զինւած ուժերի քայքայման գործընթացին:

«Այդ յայտարարութիւնները ամբողջութեամբ պայմանագրային բանակ ստեղծելու մասին են: Աշխարհի փորձը ցոյց է տալիս, որ պայմանագրային բանակները չեն կարող ապահովել մի պետութեան անվտանգութիւնը, որի հարեւանները անընդհատ սպառնում են այդ պետութեանը: Որպէս այդպիսին Ուկրայինայի փորձն է: Մենք ունենք կոնֆլիկտ, ամէն զիջումներից յետոյ մեծանում է թշնամու ախորժակը: Մենք պէտք է ունենանք մեծ թւով ծառայած մարդիկ, որոնք անհրաժեշտութեան դէպքում կը զօրակոչւեն»,- ասաց նա:

Վրթանէսեանի դիտարկմամբ՝ ամբողջութեամբ պայմանագրային բանակը Հայաստանի համար անընդունելի է:

«Եթէ քեզ մօտ պարտադին զինծառայութիւն չկայ, պայմանական եթէ մենք ունենք 50 հազար պամանագրային բանակ, եթէ մարտեր եղան, ապա մէկ շաբաթ անց առաջանալու է համալրման խնդիր, իսկ ումով են համալրելու այդ պրոֆեսիոնալ բանակը, եթէ մարդիկ չեն ծառայել, չունեն այդ ռազմական գիտելիքները»,- եզրափակեց Վրթանէսեանը:

Յիշեցնենք, որ ՀՀ իշխանութիւնները նախատեսում են բարեփոխումներ իրականացնել բանակում եւ շարքային կազմի համար ստեղծել 24 մլն դրամի դիմաց ծառայութիւնից վաղաժամկէտ ազատւելու (4,5 ամիս յետոյ) հնարաւորութիւն։ Նշւած գումարի չափը որոշւում է այն տրամաբանութեամբ, որ մէկ ժամկէտային զինծառայողի փոխարէն պայմանագրային զինծառայողից հինգ տարի ժամկէտով կարող է գանձւել ամսական մինչեւ 400 հազար դրամ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։